«Այն ուժերը, որոնք պաշտպանում են Սահմանադրական փոփոխություն կոչված բլեֆը, ովքեր ասում են, որ մեր պրոբլեմները թաղված են սահմանադրական փոփոխությունների մեջ, նրանք զբաղված են բացահայտ դեմագոգիայով»,- ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովում իր ելույթի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց:
Ի պատասխան Նաիրա Զոհրաբյանի, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Բոլոր նրանք, ովքեր չեն հասկանում կապը սահմանադրական փոփոխությունների եւ այսօրվա առկա խնդիրների, պարզապես հեռու են իրական քաղաքականությունից: Աշխարհի փորձը նկատի ունենալով, որ սահմանադրական համակարգային փոփոխություններով են, որ կարողացել են ժողովրդավարություն հաստատել, այդ ամենը մի կողմ թողնելով մենք, աշխարհից կտրված փորձենք ինչ-որ հեծանիվ հորինել, դա նման է Ջիվանու ասածին՝ «Աշխարհից կտրված անգետի համար գետի քարն էլ մեկ է, գոհարն էլ մեկ է»: Հիմա սա թող իրենք լավ հասկանան»:
ԲՀԿ-ի դիտարկմամբ՝ սահմանադրական փոփոխությունների փոխարեն ընդամենը քաղաքական կամք է պետք՝ երկրում իրական փոփոխություններ կատարել: Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ «Ինչ վերաբերում է քաղաքական կամքով հարցի լուծմանը, որի վրա են շեշտը դնում, քաղաքական կամքը քանի չի պարտադրվում, չի կատարվում: Մենք դա ենք տեսել, 3 նախագահ ենք փոխել, երեքից էլ այս կամ այն չափ դժգոհել են: Հատկապես նրանք, ովքեր դեմ են սահմանադրական փոփոխություններին, թող բացատրեն՝ ինչի՞ պիտի չորրորդ նախագահից չդժգոհեն: Այդ ի՞նչ ոտերն ամպոտ հրեշտակ է լինելու այդ նախագահը: Մի հատ ասեք իմանանք ով է դա, էլի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ