Լրահոս
Օրվա լրահոսը

«Արի ու տես, որ դուք սխալվել եք. Ծառուկյանն իշխանության դեմ է գնում»

Փետրվար 09,2015 15:30

Լեւոն Զուրաբյանը Գագիկ Ծառուկյանին քննադատողներին վստահեցնում է, որ իշխանափոխությունը նրա հետ շատ հավանական է

«Չգիտեմ՝ դուք նկատել եք, թե չէ, բայց երկրում տեղի է ունեցել ավելի լայն համախմբում, քան մինչեւ հիմա եղել է: Արդեն ոչ միայն ՀԱԿ-ն է գործում, ինչպես 7 տարի շարունակ գործել է եւ մենակ պայքարել այս իշխանությունների դեմ, հիմա արդեն ավելի լայն կոնսոլիդացիա է»,- «Առավոտի» հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսպես պատասխանեց մեր հարցին, թե ինչո՞ւ են նորից իշխանափոխության համար այն ճանապարհով գնում, որը մի քանի անգամ փորձել են ու չի ստացվել: Մասնավորապես, խոսքը ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մատնանշած այն քայլերի մասին է, ըստ որի՝ իշխանությանը հնարավորություն են տալու վերանայել իր վարած քաղաքականությունը, եթե չարեց՝ հանրահավաքների միջոցով կստիպեն արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել:

Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Համաժողովրդական շարժման մեջ կա մի ուժ, որի մասին դուք էլ, մնացածներն էլ մեծ քննադատությամբ ասում էիք, որ երբեք չի միանա ընդդիմությանը, եւ Գագիկ Ծառուկյանը երբեք չի գնա իշխանությունների դեմ: Բայց արի ու տես, որ դուք սխալվել եք: Նա հիմա իշխանության դեմ է գնում: Նա հիմա անգամ սպառնում է, որ կդնեն արտահերթ նախագահական ընտրությունների հարց: Մի բան, որ նույնպես շատ վերլուծաբաններ ասում էին, թե դա երբեք հնարավոր չի, որ Գագիկ Ծառուկյանը նման բան ասի: Բայց դա ասվեց: Եվ փոխանակ դա նկատեք, ասում եք, թե ոչ մի նոր բան չկա: Ինչո՞ւ չկա: Հենց միայն նոր բան է այն, որ, այնուամենայնիվ, գնում է ուժերի համախմբում՝ իշխանափոխության նպատակով: Եվ եթե տա Աստված՝ այդ ուժերի համախմբումը հասնի պատշաճ մակարդակի, ուրեմն իշխանափոխությունը ես համարում եմ շատ ավելի հավանական»:

Մեր դիտարկմանը՝ եղել է ժամանակ, որ իշխանափոխության օրն ու ժամն են հստակ նշել, բայց ոչինչ էլ չի եղել, ուրեմն եթե Գագիկ Ծառուկյանն ասել է արտահերթ նախագահական ընտրությունների մասին, այդքան մեծ հույսեր ունենալն արդարացվա՞ծ է, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Կներեք, բայց եթե նշում են իշխանափոխության օրն ու ժամը, դա արդեն համարեք երաշխիք, որ այդ իշխանափոխությունը չի լինի: Այդ հարցը մեզ չի վերաբերում, որովհետեւ մենք նման բան երբեք չենք արել»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728