Բերդի տարածաշրջանի Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն ասաց, որ ադրբեջանական գնդակոծության պատճառով անցած գիշեր իրենց գյուղը ողջ գիշեր չի քնել:
Ազերիների գնդակոծությունից վիրավորված, Ներքին Կարմիրաղբյուրի 61-ամյա բնակիչ Վանիկ Ղուկասյանը մահացել է Բերդի հիվանդանոց տանող ճանապարհին: Մ. Կամենդատյանն ասաց, որ ազերիների գնդակոծությունն ուժգին էր ժամը 1-ի սահմաններում, գնդակոծությունից գյուղում նյութական վնասը մեծ է:
Այգեպարի դպրոցի տնօրեն Արեւիկ Արզումանյանից տեղեկացանք, որ փետրվարի 5-ի ժամը 19.30-ից մինչեւ 24-ը ադրբեջանական զինուժը տարբեր զենքերից գնդակոծել է Այգեպարը, վնասվել է մի քանի տուն:
Այսօր գյուղում դասեր չեն կայացել ադրբեջանական վտանգի եւ Ն. Կարմիրաղբյուրում գազատարի վնասման պատճառով. դպրոցն առանց ջեռուցման է մնացել:
Կարդացեք նաև
Կոթիի դպրոցի տնօրեն Մուշեղ Սիրադեղյանն ասաց, որ անցած գիշեր ադրբեջանական զինուժը տարբեր զենքերից կրակ է բացել Կոթիի ուղղությամբ: Ականանետով հարված է հասցվել գյուղի տներից մեկին: Մեծ բարեբախտություն է եղել, որ զոհեր չեն եղել, քանի որ այդ սենյակում հավաքված էր այդ ընտանիքի ամբողջ կազմը: Ադրբեջանական վտանգի պատճառով այսօր Կոթիում դասեր չեն կայացել:
Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը հայտնեց, որ երեկ ժամը 23.30-ից 24-ը ադրբեջանական զինուժը գնդակոծել է իրենց գյուղը, վնասվել են տների տանիքներ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ