Տիգրան Խզմալյանը, Արգիշտի Կիվիրյանը, Ավետիք Իշխանյանը եւ եւս մեկ հոգի ճանաչվել են տուժող` հունվարի 15-ին ՌԴ դեսպանատան դեմ բողոքի ցույցի ժամանակ ոստիկանության կողմից անօրինական գործողությունների հետեւանքով: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Խզմալյանն, որն այսօր հրավիրվել էր ՀՔԾ: Ի դեպ, որոշումը կայացվել է այդ իրադարձությունների առիթով Aravot.am-ի հրապարակումների հիման վրա:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հիմնադիր խորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանն այսօր հրավիրվել էր ՀՔԾ: Հրավիրված ժամից մոտ մեկ ժամ ուշ Տիգրան Խզմալյանին այնուհանդերձ ընդունել են եւ տեղեկացրել այս լուրը: Չորրորդ անձը իրավապաշտպան է, Լուսինե անունով: Մեր զրուցակիցը դժվարացավ մտաբերել նրա ազգանունը:
«Բացատրել մարդասիրության այս տարօրինակ պոռթկումը ես դեռեւս չեմ կարող, սակայն որոշ կապ եմ տեսնում գլխավոր դատախազ Կոստանդյանի` ռուսներին այսօր ուղղված`գործի քննությունը ՀՀ իրավասության փոխանցելու դիմումի հետ, որը մենք բոլորս պահանջում էինք շաբաթներ շարունակ: Կտարածվի՞ սա նաեւ Գյումրիում տուժած մեր ընկերների վրա` չգիտեմ: Արդյոք սա միջազգային կառույցների ճնշումն է, թե մոսկովյան հերթական խաղ` կտեսնենք»,- ասաց մեր զրուցակիցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ