Հենց նոր Aravot.am-ին հայտնի դարձավ, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ, 1993 թվականին ծնված Մնացական Ալեքսանյանին հրավիրելով Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին՝ կես ժամ առաջ ձերբակալել են:
Ինչպես մեզ հետ զրույցում փոխանցեց նրա հայրը՝ Մարտիրոս Ալեքսանյանը, որդու ձերբակալության լուրը հեռախոսով իրեն հայտնել է Շիրակի մարզի դատախազի տեղակալը: Ձերբակալության պատճառ դարձել է այն, որ տղան իբր քարը որպես զենք է օգտագործել: Հայրը մեզ փոխանցեց, թե կադրերում հստակ երևում է, որ իր տղան ձեռքին փոքր քար է ունեցել, այն շպրտել է շիթի ուղղությամբ, այնուհետ հենց ինքն է հանգստացրել ժողովրդին, որ բախումներ չլինեն:
Այս երիտասարդն այդ օրվա կադրերից նաեւ հայտնի է նրանով, որ սկզբում հակաճառում էր մեքենայով հյուպատոսարանի տարածք եկած ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:
Տղայի հայրը հայտնեց, որ ինքն ազատամարտիկ է, այս երկրի համար մեծ վաստակ ունեցած անձ, իր ճակատն արյունով է ներկած: Տղան ևս ծառայել է Արցախում, մի քանի անգամ դիվերսանտների հարձակումներ է հետ մղել: Հայրն ակնկալում է, որ գործ չսարքեն իր երեխայի գլխին, արդարամտորեն մոտենան, ազատ արձակեն ու չլարեն իրավիճակը:
Կարդացեք նաև
Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում այսօրվա ձերբակալությունը պատահական չհամարեց, նա կարծիք հայտնեց, որ սրանով վախի մթնոլորտի սկիզբ են դնում Գյումրիում: Ըստ պատգամավորի՝ սա կապված է ՌԴ-ի երեկվա դիրքորոշման հետ, քանի որ արդեն ակնհայտ է՝ Պերմյակովին չեն ուզում մեզ փոխանցել, պատրաստվում են թե նախաքննության ավարտը, թե դատական ակտը ՌԴ-ում կայացնել, ուստիև վախեցնում են ժողովրդին, որպեսզի չշարունակեն պահանջատեր լինել: «ՌԴ-ն իր դիրքորոշումը տարածում է, քսան օր անց Գեւորգ Կոստանյանը նոր միայն դիմում է ՌԴ գլխավոր դատախազին, ընդ որում՝ մենք այդպես էլ պաշտոնապես չտեղեկացանք, թե ինչ գրություն են ուղարկել: Ես դատապարտում եմ մեր իրավապահ մարմինների գործողությունները, որոնք իրենց բուն գործառույթները թողած՝ փոխանակ պարզելու, թե ինչպես է կատարել հանցագործությունը, ինչպես է զենքը դուրս բերել, ապօրինի սահմանը հատել՝ ընկնում են իրենց ժողովրդի հետևից, կանգնում են եռեռնագործի կողքին»,-ասաց պատգամավորը:
Մենք հետաքրքվեցինք, թե որն է հիմքը երիտասարդին ձերբակալելու, ինչ հանցագործության մեջ է նա կասկածվում: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի խորհրդական Սոնա Տռուզյանը մեզ խորհուրդ տվեց դիմել դատախազություն, քանի որ, ըստ նրա, նախաքննության օրինականությունը վերահսկող դատախազն է ցուցում է տվել նրան ձերբակալման: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանն էլ խնդրեց գրավոր հարցում հղել իրենց, սակայն գլխավոր դատախազության պատասխանը կլինի միայն վաղը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Այսպես ուղղակի արդեն չի՛ կարելի: Եթե առաջնորդվում են ՀՀ օրենքով, ապա անպիջապես պիտի գնան և ձերբակալեն Պերմյակովին. սա՛ էլ է ասում ՀՀ օրենքը: Այլապես ազատ պիտի արձակեն այս տղային: