Ջողազի ջրամբարը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանին, այն փաստորեն սահման է հանդիսանում: Ադրբեջանական զինուժը պարբերաբար Բերքաբերը գնդակոծում է ջրամբարի ձախ ափին գտնվող Մազամլի գյուղի մոտակա հենակետերից: Բերքաբերցիները երբեմն ռիսկ անելով՝ փչովի նավակներով լճում ձկնորսություն են անում: Դա վտանգավոր է, ադրբեջանական զինուժը ձկնորսներին թիրախ է դարձնում: Վերջին դեպքը 2014թ. դեկտեմբերի 14-ին էր, երբ ադրբեջանցիները Բերքաբերի բնակիչ, 1981թ. ծնված Աղասի Թամրազյանի վրա բազմաթիվ գնդակներ արձակեցին: Բարեբախտաբար, գնդակները դիպել էին նրա ոտքի սրունքների շրջանում, կյանքի համար վտանգ չէին ներկայացնում: Սակայն Աղասի Թամրազյանը շարունակում է իր կյանքի համար վտանգավոր ձկնորսությունը:
«Ես նրան խիստ զգուշացրել եմ, որ զերծ մնա ջրամբարում ձկնորսությունից: Սակայն Աղասին շարունակում է լիճ դուրս գալ, նա ասում է, որ ձկնորսությամբ է լուծում օրվա հացի խնդիրը»՝ հայտնեց Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը:
Նշենք, որ Ջողազի ջրամբարը մեծ հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց 1980թ.: Խորհրդային տարիներին այդ ջրամբարի ջրերով ոռոգվում էին Նոյեմբերյանի, Իջեւանի տարածաշրջանների, Ադրբեջանի Ղազախի շրջանի հողերը: 1990թ. հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվելուց հետո Ջողազի ջրամբարից սնուցվող ոռոգման համակարգը դադարեց գործել, ադրբեջանցիները թալանեցին ջրամբարից ջուր մղող պոմպակայանը, իրենց տարածքով ձգվող ոռոգման խողովակաշարը: Ջողազի ջրամբարի աջ ափին գտնվող, Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչները շուրջ 25 տարի հնարավորություն չունեն օգտվել 44 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարի ջրերից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ