Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեմն տեղեկատվությունն այնքան ուշացած են տրամադրում, որ այն կորցնում է իր իմաստը». Գևորգ Հայրապետյան

Հունվար 26,2015 21:11

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ամփոփել է 2014 թվականին տեղեկատվության ազատության վիճակը Հայաստանում: Կենտրոնի իրավաբանական ծրագրերի ղեկավար Գևորգ Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ 2013-ի համեմատ, ժամանակին ստացված լիարժեք պատասխանների թիվը 2014-ին աճել է 16%-ով, իսկ ուշացածներինը նույնն է մնացել:

Իրավաբանի խոսքով՝ երբեմն տեղեկատվությունն այնքան ուշացած են տրամադրում, որ այն կորցնում է իր իմաստը, երբեմն էլ այնպես են պատասխանում, որ պարզ երևում է՝ խուսափում են տեղեկություն տրամադրելուց: Գ. Հայրապետյանը հիշեց Ֆինանսների նախարարությանն ուղղված հարցման պատասխանը, որը, ըստ նրա, պարզապես փորձ էր խուսափելու պատասխանից: «Օրենքն ասում է՝ եթե մի մասի առումով կա սահմանափակում, մնացած մասով գոնե պետք է տեղեկությունը տրամադրվի,- ասում է նա,- եթե Ֆինանսների նախարարությունն ասում է, որ վերջինիս կառուցվածքում կան ստորաբաժանումներ, որոնք «փակ» են, ապա «բացերով» թող տրամադրեն անհրաժեշտ տեղեկությունը»:

Գ. Հայրապետյանի տեղեկացմամբ՝ աճել է «լուռ մերժումների» թիվը. եթե 2013-ին դրանք 8% էին կազմում, 2014-ին 12% են։ Անպատասխան մնացած հարցումների մեծ մասի դեպքում տեղեկություն տնօրինողները տրամադրել են պահանջվող տեղեկությունները, միայն թե կրկնակի հարցում ուղարկելուց հետո:

Ի դեպ, կենտրոնը յուրաքանչյուր տարի «Ոսկե բանալի» և «Ժանգոտ կողպեք» անվանակարգերում որոշում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկության ու հրապարակայնության մակարդակը: Սակայն «ոսկե բանալի» ստացած գերատեսչությանը չեն մոռանում և ավելի ուշադիր են հետևում նրա գործունեությանը: «Դրական մրցանակ ստանալիս նրանք պետք է հասկանան, որ դրանից հետո հայտնվում են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ուշադրության կենտրոնում՝ մասնավորապես, և ողջ հասարակության ուշադրության կենտրոնում՝ ընդհանրապես»,- ընդգծեց Գ. Հայրապետյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն այս տարի դատական հինգ նոր գործ է նախապատրաստել, որոնք այժմ ընդունելության փուլում են: Գործերից չորսը նախապատրաստվել են կենտրոնի հարցումների հիման վրա, իսկ մեկը լրագրողի աշխատանքի խոչընդոտման հետ է կապված։

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031