Անչափ կենսուրախ, արագախոս և աշխարհին ժպտուն աչքերով նայող Սրբուհի Աղաբաբյանը կյանքի հարվածներին պատասխանում է սիրով ու հենց դրա շնորհիվ կոտրում մանկատան սաների մասին ստեղծված բոլոր կարծրատիպերը:
Աշխարհին բոլորովին անծանոթ և կյանքի խնդիրներին միայնակ առերեսված 15-ամյա Սրբուհին որոշեց փոխել իր կյանքի գույները ամեն օր դեպի լավը, երբ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղից տեղափոխվեց Երևանի «Զատիկ» մանկատուն:
Անսահման սերը դեպի մարդիկ և աշխարհը, փնտրտուքները իր մեջ առաջացած բազում հարցերի շուրջ, նրան դրդեցին հասնել իր երազանքներից էլ այն կողմ և ձեռքբերումներ ունենալ ինչպես ուսման, այնպես էլ աշխատանքի մեջ:
«Ամեն ինչի պատասխանը սերն է: Սերը դեպի մարդիկ, կյանքը, աշխարհը: Այն հարցերը, որ անընդհատ գլխումս պտտվում էր և մտածում էի, թե ինչի համար եմ ես ծնվել, ինչ պետք է անեմ, ինձ համար դարձավ այն դրդիչ ուժը, որ գնամ հաջորդ քայլերին»,-ասում է 26-ամյա Սրբուհի Աղաբաբյանը՝ հետադարձ հայացք գցելով իր մանկությանը, դեռահասության դժվարություններին ու կրկին վերադառնալով ներկա:
Կարդացեք նաև
Սրբուհին դեռ 6 տարեկան էր, երբ մոր հետ տեղափոխվեց Վարդենիսի շրջանի Փոքր Մասրիկ գյուղ: Ութ տարի ապրելով գյուղում և առնչվելով բազում խնդիրներիˋ նա միևնույն ժամանակ սովորեց հավատալ հրաշքների:
«Գյուղում ապրած այդ ութը տարին ինձ շատ բան սովորեցրեց: Հիշում եմ, թե ինչպես էի ընկճվում, երբ դպրոցում ֆոնդի, դասագրքերի կամ այլ հարցերի համար գումար էին հավաքում, իսկ մենք չէինք կարողանում վճարել: Տեսնելով, թե ինչ դժվարությամբ է մայրս մեզ համար օրվա հաց վաստակում, որոշեցի ինքս օգնել նրան, և 12 տարեկանում դպրոց հաճախելուց բացի, կարտոֆիլ էի մշակում, սագեր պահում: Այդ զգայական, պրակտիկ վիճակն էր, որ ինձ տվեց գյուղի կյանքը»,-պատմում է Սրբուհի Աղաբաբյանը:
Մանկության տարիներին ապրած կենսական դժվարությունների կողքին նա վերհիշում է նաև այդ տարիների պայծառ կողմերը՝ գրքերի աշխարհում անվերջ ճանապարհորդելն ու սարերում շրջելը:
Տեղեկատվության պակասի, արտաքին աշխարհի հետ մեծ շփում չունենալու դրդապատճառներից ելնելով՝ նա որոշում է տեղափոխվել Երևան և անպայման կրթություն ստանալ:
«Երկար մտածելուց հետո, որոշեցինք, որ ֆինանսական խնդիրների պատճառով ամենահարմար տարբերակը մանկատուն տեղափոխվելն է, և ես 15 տարեկանում մենակ եկա Երևան, մայրս մնաց գյուղում: Ընդունվեցի «Զատիկ» մանկատուն: Երբեք չէի լսել այն միտքը, որ մանկատունը կարող է կարծրատիպեր վեր հանել, կամ առաջացնել մարդկանց մոտ: Ինձ համար մանկատունը մի տեղ էր, որտեղ ես կկարողանայի կրթություն ստանալ»,-ասում է Սրբուհին:
Մանկատանը կյանքի մի նոր, շրջադարձային փուլ սկսվեց Սրբուհու համար, որը պետք է տար հնարավորություն սովորելու, լավ կրթություն ստանալու, սակայն միայնակ հայտնվելով Երևանի դպրոցներից մեկի` 30 աշակերտից բաղկացած նոր դասարանում, Սրբուհին հասկացավ, որ բազում խնդիրներ դեռ պետք է հաղթահարի:
Անապահով ընտանիքում մեծանալը, մանկատանը ապրելը, դժվարությունները միայնակ հաղթահարելու զգացումն ու մտքերը նրան երբեք չէին լքում:
«Հիշում եմ, որ մտա դասարան, բոլորը զննող ու օտար հայացքներով ինձ էին նայում, ուզում էին հասկանալ, թե ես ով եմ: Ինձ անպաշտպան, միայնակ ու առանձնացված էի զգում նրանց մեջ: Դպրոցից, որ դասընկերներս վերադառնում էին տուն, ես գալիս էի մանկատուն, որը միևնույն է տուն չէր ինձ համար, այլ մեկ ուրիշ սոցիալական միջավայր, որտեղ չէի կարող լիարժեք ինձ հանգիստ զգալ: Այստեղ էլ պետք է դժվարություններ հաղթահարեի: Ես շատ ամաչկոտ էի իմ ներքին խնդիրներից ելնելով ու ամաչում էի անգամ խոսել, շփվել մարդկանց հետ: Բայց սոցիալական խնդիրները, մանկատան կյանքի մասին կարծրատիպերը որոշեցի մի կողմ թողնել ու հնարավորինս լավ հարաբերություններ կառուցել բոլորի հետ»,-ասում է Սրբուհին:
Առաջին ձեռքբերումը մանկատանը ապրելու տարիներին, Սրբուհու համար եղավ անգլերեն սովորելը:
«Ես առաջին անգամ սկսեցի նախանձել մանկատան իմ ընկերներից մեկին, ով հրաշալի անգլերեն գիտեր և կարողանում էր մեզ այցելող արտասահմանցի հյուրերի հետ ազատ հաղորդակցվել: Ինձ մոտ մեծ ցանկություն կար ինֆորմացիա ստանալու այդ մարդկանց հետ հաղորդակցվելով, և դրան տանող միակ դուռը անգլերեն սովորելն էր: Ես սկսեցի ամբողջ օրը շրջել բառարաններով ու անգլերեն սովորել: Կարծում եմ, միշտ սովորելու և արդյունք ստանալու մեջ է մարդու երջանկությունը: Ըստ էության, մենք անընդհատ սովորում ենք, սկսում ենք լուծել ավելի մեծ խնդիրներ ու հասնում ինչ որ բաների»,-ասում է Սրբուհին:
«Զատիկ» մանկատանը նա ապրում է 4 տարի և այդ ընթացքում իր ցանկությամբ սկսում է աշխատել մանկատանը կից գործող կաթի մշակման արտադրամասում: Այնուհետև աշխատանքի է անցնում ռադիոյում՝ որպես ադմինիստրատորի օգնական:
Այդ ընթացքում Սրբուհին ընդունվում է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետ և համատեղում աշխատանքն ուսման հետ:
Սրբուհին պատմում է, որ դեռ փոքր տարիքից շատ էր ցանկանում աշխատանք ունենալ, որպեսզի սեփական գումարը վաստակեր և բոլորի հետ իրեն հավասար զգար:
«Համալսարանին զուգահեռ սկսեցի աշխատել «Հայ օգնության միությունում»՝ որպես կամավոր: Այդ ժամանակ 18 տարեկան էի: Դրանից հետո եղավ իմ առաջին, պաշտոնապես գրանցված և օրինական աշխատանքը «Կասկադ ինշուրանս» ապահովագրական ընկերությունում, որտեղ 2 տարի աշխատել եմ հաճախորդների սպասարկման կենտրոնում»,-ասում է Սրբուհին:
Այս կերպ նա ապացուցում է, որ ինքը նույնպես ունի հավասար իրավունքներ կրթություն ստանալու, աշխատելու և հաջողության հասնելու համար:
Ապահովագրության ոլորտում նոր գիտելիքներ և աշխատանքային փորձ ձեռք բերելուց հետո Սրբուհին որոշում է ճանապարհորդել աշխարհով մեկ և իր կյանքին նոր ընթացք տալ:
«Առաջին երկիրը, որ այցելեցի, Անգլիան էր: Եղա Մանչեսթր, Լիվերպուլ, Յորք քաղաքներում,-պատմում է Սրբուհին,-Երկու տարվա աշխատանքը ապահովագրական ընկերությունում շատ մեծ փորձ էր ինձ համար, բայց միևնույն ժամանակ շատ հոգնեցնող: Ուստի, մի օր շատ անսպասելի, ընդամենը 20 րոպեում որոշեցի, որ պետք է գնամ Ռումինիա կամավորական ծրագիր անելու: Ու գնացի»:
22 տարեկանում հայտնվելով Ռումինիայում և շուրջ մեկ տարի աշխատելով գյուղական համայնքների զարգացման կամավորական ծրագրովˋնա նոր աշխարհ է բացահայտում իր համար: Անընդմեջ ունենալով նոր գիտելիքներ ձեռք բերելու մոլուցքը՝ ընդամենը 3 շաբաթում Սրբուհին սովորում է ռումիներեն խոսել:
Կամավորական ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո, նա կրկին վերադառնում է Հայաստան ու շարունակում աշխատել ապահովագրության ոլորտում, այս անգամ՝ որպես հաճախորդների սպասարկման բաժնի համակարգող:
Այդ ժամանակահատվածում նա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայ օգնության միության» համատեղ ծրագրով ստանում է նաև բնակարան Աբովյան քաղաքում, որտեղ մինչ օրս բնակվում է մորաքրոջ և եղբոր հետ:
Բացի աշխատանքից և իր նախասիրություններից, նա շարունակում է ճանապարհորդել և ճանաչել աշխարհը: Վստահեցնում է, որ ինչքան շատ է ճամփորդում աշխարհում, այնքան շատ է սկսում սիրել Հայաստանը:
«Այս տարի նվիրեցի Հայաստանը ճանաչելուն ու հասկացա, թե մենք ինչքան հարուստ ենք,-ասում է Սրբուհին,-Սիրում եմ նաև ընկերներիս հետ հաճախ հանդիպել: Ընկերներ շատ ունեմ, բայց մտերիմ եմ մանկատան շրջանավարտների հետ: Նրանք իմ կյանքի այնպիսի մի հատվածին կցված մարդիկ են, որ չեմ կարող կապ չպահել իրենց հետ»:
Սրբուհին նշում է, որ ազատ ժամանակի մի մասն էլ տրամադրում է փիլիսոփայական, կրոնական ուղղությունների ուսումնասիրությանը և ընդգծում, որ դրանով ավելի է ամրապնդվում իր մեջ հավատը ու սերը դեպի քրիստոնեությունը:
«Ինչքան շատ ուսմունքներ եմ ուսումնասիրում, այնքան համոզվում եմ քրիստոնեական եկեղեցու ճշմարտացիության մեջ: Ինչպես նաև նրանում, որ բոլոր ուսմունքների հիմքը նույնն է, նույն միտքը` տարբեր բառերով: Ամեն ինչի մեջ կարևորը սերն է: Ինչքան շատ բան սիրես ու ինչքան շատ մարդ սիրես, դու այնքան մեծանում ես: Ու ցանկացած քայլ, որ քեզ առաջ է տանում, դա սիրո դրդող ուժն է»,-հավելում է Սրբուհին:
Լիլիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ
«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն
Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան
Հեռախոս: +37498 566 886
Էլ.հասցե: [email protected]
Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200
Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm