Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Ողբերգություն. ոստիկանությունը զգուշանում է իր ժողովրդից, ոչ թե ռուս զինվորից»

Հունվար 19,2015 20:30

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեծ թվով ոստիկանության հատուկ զորքեր են մտցվել Գյումրի, նրանք իրենց զենք-զինամթերքն էին հանում ոստիկանական ավտոբուսներից: Տեղեկություններ կան, որ սպանդի ենթարկված Ավետիսյանների ընտանիքի վերջին անդամի՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի ժամեր առաջ տեղի ունեցած մահից հետո Գյումրիում իրավիճակը կարող է սրվել:
Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պարզաբանել էր, թե «Ոստիկանության որոշակի քանակությամբ ծառայողներ մեկնում են Գյումրի պարզապես փոխարինելու այնտեղ գտնվող իրենց ծառայակից ընկերներին»:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ասաց, թե դրա անհրաժեշտությունը չկար ու մեկնաբանեց. «Չգիտեմ՝ ինչի հիման վրա են այդքան քանակի զորքեր մտցնում Գյումրի: Պարզապես լավ գիտակցում են, որ իրենց արածը այնպիսի մի հրեշավոր արարք է, և ժողովրդի դժգոհությունը բավական մեծ կլինի: Բայց լավ չեն հասկանում, որ ժողովրդի հետ նման ձևով խոսել չի կարելի: Պիտի անեն գործողություններ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, որը կլինի պատասխանը ժողովրդի ակնկալիքներին, ոչ թե կոշտ ուժի սպառնալիք տեղացնել հնարավոր բողոքների դեմ»: Ոստիկանության պարզաբանումը պարոն Սաքունցը «աբսուրդ», «անհեթեթություն» որակեց ու ասաց. «Մտացածին բաներ են, հորինված, ամոթ էլ չեն անում: Էդ քանի՞ անգամ են փոխարինել, զինվորական ծառայությո՞ւն է, ի՞նչ է, կամ հենց էրեխու մահվան օ՞րը որոշեցիք փոխարինել իրար: Գիտեն, որ սա շատ մեծ արձագանք է ունենալու: Ժողովուրդն իրեն շատ հանգիստ էր պահում, բայց երեխայի մահվանից հետո լուրջ արձագանքներ են լինելու և ոչ միայն Գյումրիում»:

Պարոն Սաքունցը նշեց, թե ավելի լավ կլիներ, որ ոստիկանությունը ուժեր մտցներ Գյումրի ենթադրյալ հանցագործին բռնելու համար, որ տասնութ ժամում չբռնեին նրան: Այս առիթով նա ասաց. «Ժողովրդից են վտանգ տեսնում, ոչ թե ռուսական զինվորից, ամենամեծ ողբերգությունը դա է: Իրենց իշխանության համար են վախենում գիտեն, որ բողոքներն ուղղված են լինելու իրենց անգործունակության դեմ, և փաստորեն ոստիկանությունը ռեժիմի պաշտպանությունն է իրականացնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031