Լրահոս
Օրվա լրահոսը

Հայը եւ եղբայրը

Հունվար 17,2015 15:30

Ընդ աստեղոք ի՞նչ կա սիրուն
Քան զանձկալի Եղբայր անուն:
Մկրտիչ Պեշիկթաշլյան

Մեր հասարակության արխայիկ՝ վաղնջական-ավանդական բնույթի մասին է խոսում այն, որ աշխարհը մենք փորձում ենք տարբերակել, օգտագործելով ընտանեկան ազգակցության տերմիններ:

Սովետական իշխանությունն արգելեց իրար դիմելու կիրթ ձեւերը՝ օրիորդ, տիկին, պարոն, տեր, դրա փոխարեն շրջանառության մեջ դրվեց ընկերը: Դա սոցիալիստական կուսակցությունների անդամների դիմելաձեւն էր՝ կապիտալիստների դեմ պայքարում նրանք իրար ընկերներ էին: Բայց սոցիալիզմի հաղթանակից հետո բառը աճեց, եւ երեխաների համար մանկապարտեզի դաստիարակչուհին, դպրոցական ուսուցիչն ու համալսարանի պրոֆեսորը դարձան «ընկեր»: Սովետական տարբեր ազգեր փորձելով դուրս գալ այս, մի տեսակ չափազանց պաշտոնական դարձած, բայց, մյուս կողմից, չափազանց տնավարի «ընկերից», ինչ-որ ձեւեր էին օգտագործում, ելնելով իրենց ունեցածից: Ռուսներն ունեին իրար հայրանունով դիմելու շատ գեղեցիկ սովորություն, եւ մանկապարտեզի երեխաներն, օրինակ, իրենց դաստիարակչուհուն չէին ասում «ընկեր Լյուդմիլա», ինչպես մերոնք՝ «ընկեր Հասմիկ», այլ՝ Լյուդմիլա Յակովլեւնա, իսկ համալսարանի պրոֆեսորին՝ Իվան Պետրովիչ:

Վրացիները, որոնց ՍՍՀՄ-ում թույլատրվում էր ավելի, քան մյուս «կրտսեր եղբայր» ազգերին, օգտագործում էին իրենց բատոնո «պարոնը», քալբատոնո «տիկինի» հետ: Ընդհանրապես, ՍՍՀՄ-ում բարձր դիրք գրավող ազգերը կարողացան պահպանել նույնիսկ «սովետական» բառի իրենց համարժեքը, եւ վրացիների հանրապետությունը կոչվում էր Սաբճոթա Սաքարթվելո, ինչպես ուկրաինացիներինը՝ Ռադյանսկա Ուկրաինա: Հետաքրքիր օրինակ է Հայաստանը, որը սկզբում «խորհրդային» էր, հետո՝ «սովետական», վերջում, «դեմոկրատացման» արդյունքում, նորից դարձավ «խորհրդային»:

Մեզ, ուրեմն, ազատության այդպիսի հնարավորություններ չէին տրվել: Որոշ փոքր կիրառություն ուներ միայն տիկինը: Բայց, ինչպես եւ այլ լեզուներում, որպես դիմելաձեւ վաղուց կիրառվում էին ընտանեկան տերմինները: Եվ ահա, հասանք հետեւյալին: Անծանոթ հասակակցին դիմում են որպես ախպեր (երբեմն՝ ընկեր) ու քուր (քույրիկ): Տարիքով տղամարդուն՝ հոպար, հորոխպեր, կնոջը՝ մորքուր: Ավելի տարիքովներին՝ հայրիկ (հազվադեպ), մայրիկ, էլ ավելի մեծերին՝ տատի, պապի: Այս բոլորն ունեն նաեւ ջան հավելվածով ավելի սիրալիր ձեւեր՝ ախպեր ջան, քույրիկ ջան, հոպար ջան եւ այլն: Տղաներն իրար դիմում են արա՛, աղջիկները՝ ախչի՛ «մանկապատանեկան» ձեւերով: Այս ձեւերի գլուխգործոցներն են տարիքով տղամարդկանց ու կանանց դիմելու ձյաձյա եւ ծյոծյա ձեւերը (ռուս. քեռի/հորեղբայր եւ մորաքույր/հորաքույր): Ավելի կարճ՝ ձյաձ եւ ծյոծ: Հոյակապ է հնչում հատկապես «ջանով» զարգացած «ձյաձ ջանը»: Իսկ ամենատհաճը Խոյի բարբառում տղաների իրար դիմելու ձեւն է՝ գյա, երբեմն՝ գյադա (թուրք. «ծառա»): Այդօրինակ վայրի պլեբեյություն դժվար է գտնել այլուրեք: Դա թերեւս համեմատելի է ԱՄՆ-ի նեգրերի երբեմն իրար արհամարհանքով ստորացուցիչ նիգեր ձեւով կոչելու հետ:

Այս բոլորն անկիրթ, էությամբ արխայիկ, հետամնաց ու գռեհիկ ձեւեր են: Անքաղաքակիրթ ջանքեր՝ տանելի հասարակական հարաբերություններ ստեղծելու: Հետաքրքիր է, որ այս ձեւերը Վրաստանում եւս օգտագործվում են, բայց չեն հասցվել այնպիսի բացարձակ աստիճանի, ինչպես մեզ մոտ: Ազնվականության պահպանվածությունը ՍՍՀՄ-ում, բարձր կարգավիճակն իրենն արել է: Շատ սովորական է այնտեղ պարոնի ու տիկինի կիրառությունը, ինչը որ մեզանում բնորոշ է միայն պաշտոնական իրադրություններին:

Իսկ ռուսնե՞րը: Նրանց դժվար է անքաղաքակիրթ անվանել՝ մի քանի հարյուրամյակ եվրոպական մշակույթի մեջ են: Բայց սովետական «ընկերի» պաշտոնականությունը եւ մյուս քաղաքավարի ձեւերի արգելքն այնտեղ էլ հանգեցրել է զարմանալի ձեւերի՝ տղամարդուն դիմում են «տղամարդ», կնոջը՝ «կին»: Առավել այլանդակ բարբարոսություն դժվար է պատկերացնել: Տղամա՛րդ, եկեք այստեղ: Կի՛ն, վճարեք դրամարկղում: Իրոք, գռեհկության բարձրագույն դրսեւորում: Եվ այդ մարդիկ ազգակից եւ լեզվակից են Չեխովին: Ո՞վ կհավատար, որ այդպիսի «բարձունքների» կարող էին հասնել նրանք: Ուրեմն, միայն մենք չենք, որ ընկել ենք այս ցավալի վիճակի մեջ: Մեր ձեւերի մեջ գոնե ինչ-որ հոգի կա, մտերմության ու բարեկամության ձգտում՝ «ձյաձ ջան»: Ռուսների մոտ այդ այլանդակությունը հավասարակշռվում է միայն ծանոթներին անուն-հայրանունով դիմելու մտերմիկ, բայց եւ հարգալիր հիշյալ ձեւի համատարած կիրառությամբ: Սա էլ իր արտացոլումն ունի մեզանում, սովորաբար ղեկավար մարդկանց հաճախ այդպես են դիմում (Հովհաննես Գարսեւանովիչ կամ, ավելի մտերմիկ՝ Գարսեւանիչ):

Լավ, անցնենք առաջ: Պատերազմից հետո Ստալինը որոշել էր Թուրքիայից հետ վերցնել Արեւմտյան Հայաստանի գոնե մի մասը: Այն բնակեցնելու համար արտասահմանից Սովետական Հայաստան հրավիրվեց արտասահմանում հանգրվանած ցեղասպանության սերունդը: Եկե՛ք Սովետական Հայաստան, հրաշք երկիր, սովետական ազատ ազգերի ընտանիք: Հզոր պրոպագանդան գործում էր ամբողջ ուժով: Եվ եկան՝ 1946-48 թվականներին, երկու հարյուր հազար մարդ: Արեւմտյան Հայաստանը հետ չվերցվեց, իսկ նորեկների համար պայմաններ չէին ստեղծվել: Հայրենադարձները, պրոպագանդված ազատ ազգերի դրախտի փոխարեն, ընկել էին սովետական դաժան իրականության դժոխքը: 1949-ին, մեկ օրում, նրանցից մոտ տասը հազար մարդ աքսորվեց: Հայրենադարձները եւ նրանց սերունդը համարյա մինչեւ ՍՍՀՄ վերջին տարիները չէին կարող պաշտոն զբաղեցնել: Այդպիսին էր պետության վերաբերմունքը:

Իսկ ժողովո՞ւրդը: Ցեղասպանության ժամանակ ներգաղթած տաճկահայերին արդեն իսկ արհամարհաբար ասում էին «գաղթական», հակադրելով իրենց՝ «եռլականներին»: Իսկ հայրենադարձության ժամանակ «տեղաբնիկ» ու «եկվոր» հակադրության կրակն արդեն հուրհրում, բոցկլտում էր մեր մեջ: Պետական վերաբերմունքն անցել էր ժողովրդին: Ստալինյան պայմաններում, եթե հնարավոր է մեկին՝ քեզնից թույլին, ճնշել ու ստորացնել, ինչո՞ւ չանել: Եվ ժողովրդի վերաբերմունքն էլ լավ չէր «հայրենադարձ եղբայրների» նկատմամբ: Նրանք, մի կողմից, «եղբայր» էին, ինչպես ասվում էր պաշտոնական ճառերում, իսկ մյուսից՝ ոչ այնքան՝ ուրիշ վարք ու բարք ունեին, ուրիշ բարբառով էին խոսում, հարմարված չէին սովետական իրականությանը, ճնշված մի համայնք էր, հայի՝ մի ցածր ենթաէթնիկ միավոր: Այսինքն, հայ են, մեզ եղբայր, բայց երկրորդ տեսակի, ցածրակարգ: Մի տեսակ չակերտավոր եղբայր: Եվ բառը գտնվեց: Արեւմտահայերենում կիրառվում էր աղբար «եղբայր» դիմելաոճը, ինչպես հանրահայտ «Բաղդասար աղբարը», որը եւ դարձվեց հայրենադարձների արհամարհական մականունը՝ ախպար: Սկզբից շատ վիրավորական, ապա՝ ոչ այնքան, իսկ հիմա արդեն կորցրել է արհամարհական բնույթը եւ դարձել չեզոք մի բառ, հին հայրենադարձներին, արտասահմանի հայերին եւ արեւմտահայերեն խոսողներին բնութագրելու համար:

Լավ, այս էտապն էլ անցանք: Կործանվեց սովետական պետությունը եւ ստեղծվեց մերը, ոչ սովետականը: Սովետական կուսակցա-պետական պաշտոնյաներին փոխարինելու եկան մեր ազգային գործիչները, իսկ ստեղծագործ մտավորականների հեղինակավոր դասին՝ նոր էլիտան, ժողովրդի ծոցից ելած բուրժուական «վերնախավը»: Ի՞նչ ունեին նրանք իրենց բագաժում: Քրեական-կիսագողական հարաբերություններ ու հեղինակություններ, երկրի ունեցվածքը «սեփականաշնորհելու» միջոցով ձեռք բերածն անթաքույց ծախսելու իրավունք: «Կեր, խմի, քեֆ արա շարունակ»՝ Քաջ Նազարի երգը դարձավ նրանց հիմնը: Եվ ոչ մի հոգեւոր պահանջ: Հոգեւոր պահանջը ո՞րն ա, արա՛: Եվ ի՞նչը պիտի դառնար նրանց ձգտումների, դրական զգացումների, ցանկությունների կիզակետը, բարձրագույն բարոյական արժեքը: Ի՞նչ ընտրություն ունեին նրանք աշխարհում եւ ի՞նչ ընտրություն իրենց ընտրածը կոչելու «մայրենիի» ժամանակակից բառագանձում:

«Ախպերություն»:

ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031