«Պետք է արագացնել համաձայնության ձեռք բերումը հիմնարար սկզբունքների շուրջ»
Անդրադառնալով ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքիի մեկնաբանությանը՝ շփման գծում իրավիճակի լարման կապակցությամբ՝ ըստ ադրբեջանական apa.az-ի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւն ասել է. «Ցավոք, Հայաստանն իր սադրիչ գործողություններով ամեն կերպ փորձում է խանգարել խաղաղության մեծ համաձայնագրի վրա աշխատանքը սկսելուն: Վերջին շրջանում շփման գծում իրավիճակի լարումը դրա եւս մեկ ապացույցն է»:
Aravot.am-ն այս առնչությամբ փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Տիգրան Բալայանից, ինչին ի պատասխան պարոն Բալայանը հղում անելով հունվարի 3-ի ՀՀ ԱԳՆ հայտարարությանն ասաց. «Պետք է արագացնել համաձայնության ձեռք բերումը հիմնարար սկզբունքների շուրջ, ինչը հնարավորություն կտա սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի մշակումը: Երբ համաձայնություն ձեռք բերվի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, եւ դրան իր համաձայնությունը տա նաեւ Լեռնային Ղարաբաղը, այդ ժամանակ հնարավոր կլինի բանակցություններ սկսել Ադրբեջանի, Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ՝ մշակելու խաղաղության համապարփակ պայմանագիրը»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում հրադադարի խախտումների զգալիորեն ակտիվացմանն ու շատացմանը, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքիի «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանն ասել է՝ «Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ մենք, այո, շարունակում ենք, ինչպես դուք ասացիք, հորդորել, որ կողմերը մտնեն բանակցային այնպիսի ուղի, որը կհանգեցներ խաղաղության համաձայնության։ Ինչպես նաև հորդորում ենք, որ կողմերն իրականացնեն այնպիսի միջոցներ, որոնք կկրճատեին նման դեպքերը։ Սրանք են շարունակում մնալ մեր ուշադրության կենտրոնում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ