«Սովորաբար ընտրությունների ժամանակ են դժվարանում լրագրողների գործունեության պայմանները: Բայց չնայած նրան, որ 2014 թվականն ընտրությունների տարի չէր, այնուամենայնիվ, բավականին լարված էր լրագրողների ու լրատվամիջոցների համար,- ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը, ասաց, որ վերջին ինը ամիսների ընթացքում ֆիզիկական բռնության 7 դեպք է արձանագրվել (այնքան, որքան լարված 2013-ին էր): Նախորդ տարվա ընթացքում տարբեր տեսակի ճնշումների 49 դեպքի փոխարեն այս տարի 37 դեպք է արձանագրվել, տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումները 11 են եղել նախորդ տարվա 8-ի փոխարեն. «Եթե մի քանի տարով հետ գնանք ու համեմատենք, ապա կարող ենք ասել, որ խախտումների քանակը նվազել է, բայց պետք է հաշվի առնել նաև մթնոլորտը. այս տարի ընտրություններ չկային, և դեպքերի նվազումը ինչ-որ տեղ նաև դրանով է բացատրվում»,- կարծում է պարոն Մելիքյանը:
Ըստ նրա՝ լրագրողի աշխատանքի, խոսքի ազատության նկատմամբ հարգանքը պատշաճ մակարդակի վրա չէ. «Լրագրողները պաշտպանված չեն օրենքով: Համենայն դեպս, գործնականում դա չի երևում»,- ասաց Ա. Մելիքյանը՝ մատնանշելով «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի և «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ կիրառված բռնությունները:
Մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղակալ Գենյա Պետրոսյանն էլ ասաց, որ լրագրողների գործունեության խոչընդոտման ու բռնության դեպքերի հետ կապված նյութերն ուսումնասիրվել են, և ըստ վիճակագրական տվյալների՝ ճնշող մեծամասնությամբ այդ քրեական գործերի հարուցումը կամ մերժվել է, կամ որևէ հիմքով արդեն հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է. «Վիճակագրությունը ցույց է տալիս և որոշակիորեն հիմնավորում է հանրային այն անվստահությունը, որ կա լրագրողների գործունեության խոչընդոտման և բռնության դեպքերով գործերի քննության նկատմամբ,- ասում է Գ. Պետրոսյանը,- բռնության և գործունեության խոչընդոտման այս տարվա դեպքերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ դեռևս շոշափելի արդյունքներ և ընթացք չեն ստանում համապատասխան գործերը»:
Կարդացեք նաև
Եթե ոչ բռնության դեպքեր, ապա լրագրողներին ուղղված վիրավորական բազմաթիվ արտահայտություններ և միջադեպեր տարվա ընթացքում արձանագրվել են նաև խորհրդարանում: Թեև այդ փաստերն ակտիվորեն շրջանառվել են լրատվամիջոցներում, բայց պատգամավորներից վիրավորական արտահայտություններ լսած լրագրողներից որևէ մեկն առայսօր չի դիմել իրավապահներին: Սա մտահոգում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահին, բայց առավել մեծ մտահոգություն էլ կա՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի վերջին դիտարկումները. «Կարծես թե կենացները քաղցրանում են, և արդեն ԱԺ նախագահն է իրեն թույլ տալիս անպատասխանատու արտահայտություններ անել լրագրողների ու լրատվամիջոցների հասցեին, ընդ որում՝ անհիմն ընդհանրացումներով»,- ասում է Ա. Մելիքյանը:
Հիշեցնենք, որ խոսքը ԱԺ նախագահի և Ուրուգվայի Սենատի նախագահ Դանիլո Աստորիի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հնչած դիտարկման մասին է:
«Գ. Սահակյանը հայտարարում է, որ գոնե ինքն այնքան փորձառու է, որ գիտի՝ թերթերում ով ում պատվերն է կատարում: Եթե նա տեղյակ է, ապա ճիշտ կլիներ, որ իրավապահ մարմինների միջոցով համապատասխան պատասխանատվության ենթարկվեին այն լրատվամիջոցներն ու լրագրողները, որոնք պատվիրված հոդվածներ են հրապարակում համապատասխան գումարի կամ այլ բանի դիմաց: Իսկ նրա ընդհանրացումը ամբողջ լրատվական դաշտի վերաբերյալ, ես համարում եմ անպատասխանատու և ԱԺ նախագահին ոչ հարիր»,- ասում է Ա. Մելիքյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ