Այսօր՝ դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությունը: Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունը հանրային իրավունքի ոլորտում գիտելիքի ձևավորման ու տարածման, ինչպես նաև ամբողջ աշխարհում եվրոպական արժեքների տարածման նպատակով ստեղծված միջազգային կազմակերպություն է: Կազմակերպությանն անդամակցում են 14 երկրներ (Հունաստան, Հայաստան, Ֆրանսիա, Իտալիա, Կիպրոս, Ուկրաինա, Վրաստան, Ռումինիա, Սերբիա, Բոսնիա և Հերցեգովինա, Էստոնիա, Ադրբեջան, Մոլդովա, Ալբանիա), 6 միջազգային կազմակերպություններ և 64 միջազգային ճանաչում ունեցող համալսարաններ:
ՀԻԵԿ-ի հայաստանյան մասնաճյուղի պաշտոնական բացման արարողության ժամանակ ելույթ ունեցան Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգայդիսը և ՀԻԵԿ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Մինասյանը:
Գրիգոր Մինասյանը մասնավորապես նշեց. «Մասնաճյուղի միջոցով Հայաստանի օրենսդրության զարգացման բազմաթիվ բարդ հարցադրումներ իրենց պատասխանները կարող են ստանալ այս կազմակերպության մասնագիտական ցանցում ներգրավված Եվրոպայի խոշորագույն իրավագետների փորձագիտական աջակցությամբ»:
Իր ելույթում պրոֆեսոր Ֆլոգայդիսն ասաց . «Տարածաշրջանում մեր առաջին և միակ մասնաճյուղի բացումը կնպաստի հանրային իրավունքի զարգացմանը Հայաստանում: Այն գտնվում է շատ լավ ձեռքերում, այն մարդկանց, ովքեր ունեն երկար տարիների փորձառություն, լավ պատկերացում, թե ինչ ենք մենք ցանկանում զարգացնել մասնակից երկրներում և աշխարհում»- ասաց նա:
ՀԻԵԿ