Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մաքսային միություն, ըստ էության, չկա

Դեկտեմբեր 04,2014 12:00

Մեզ մնում է սպասել հանգուցալուծմանը

Որքան ես հասկանում եմ՝ երկրներն իրար հետ Մաքսային միություն ստեղծելու մասին պայմանագիր են կնքում, որպեսզի այդ միության ներսում ապահովվի ապրանքների ազատ՝ առանց մաքսային սահմանների եւ ստուգումների տեղաշարժը: Դա պետք է ձեռնտու լինի անդամ երկրներին եւ զուտ տեսականորեն իսկապես իր մեջ մեծ օգուտներ է պարունակում: Բայց եթե ապրանքների ազատ տեղաշարժ չկա, ապա էլ ի՞նչ Մաքսային միություն:

«Մեր» Մաքսայինում խնդիրն առաջացավ այն պատճառով, որ Ռուսաստանը, ի պատասխան Արեւմուտքի պատժամիջոցների, որոշել է ինքը պատժամիջոցներ սահմանել ԵՄ-ի եւ մի շարք այլ երկրների նկատմամբ՝ արգելելով դրանց գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը: Ամբողջ հարցն այն է, որ եթե արդեն կա Մաքսային միություն, ապա դու չես կարող նման որոշում կայացնել առանց քո գործընկերների՝ Բելառուսի եւ Ղազախստանի հետ համագործակցելու: Դու կա՛մ պիտի համոզես այդ երկրներին միանալ քո պատժամիջոցներին, կա՛մ էլ հայտարարել, որ այդ միության գործունեությունը սառեցվում է՝ մինչեւ Արեւմուտքի հետ խնդիրների կարգավորումը:

Հիմա ստացվել է, որ Բելառուսն ու Ղազախստանը պատժամիջոցներին չեն միացել, եւ Ռուսաստանը պարտադրված է, մասնավորապես, բելառուսական ապրանքները սահմանին ստուգել: Եթե Բելառուսը գնում է, ենթադրենք, կանադական միս (որը, բնականաբար, էմբարգոյի պատճառով էժանացել է) եւ դրանից երշիկ է սարքում՝ վաճառելով այն Ռուսաստանին, ապա դա բելառուսակա՞ն, թե՞ կանադական երշիկ է: Կամ՝ լեհական խնձորից հյութ է սարքում: Կամ էլ՝ հենց լեհական խնձոր է ռեէքսպորտ անում: Ինչպե՞ս ապացուցել, որ խնձորը լեհական է, ոչ՝ բելառուսական: Կարելի է, այդպիսով, հասկանալ թե՛ Պուտինին, որը հրահանգում է ապրանքները ստուգել եւ կասկածների դեպքում իր երկիր չթողնել, թե՛ Լուկաշենկոյին, որը Ռուսաստանի այդ քայլի կապակցությամբ բուռն դժգոհություն է հայտնում:

Բելառուսը Հայաստան չէ, որ Մոսկվան կարողանա ծռել ցանկացած կողմ: Եվ խնդիրն այստեղ Լուկաշենկոյի ինչ-որ բացառիկ տաղանդի կամ «երկաթյա կամքի» մեջ չէ: Բավական է ուշադիր նայել քարտեզին՝ համոզվելու համար, թե որքան տարբեր է մեր եւ Բելառուսի վիճակը: Բացի Ռուսաստանից՝ այդ երկիրը սահմաններ ունի Լեհաստանի, Ուկրաինայի, Լիտվայի եւ Լատվիայի հետ: Բելառուսն այդպիսով աշխարհագրորեն ոչ թե մեզ նման «մենթալիտետով» (այն էլ՝ կասկածելի) եվրոպական երկիր է ու երեք կողմերից շրջապատված է Ռուսաստանի «չուզողներով», որոնց հետ բացարձակապես հակված չէ հարաբերություններ փչացնել՝ հատկապես տնտեսական: Այդ պետությունը նաեւ հնարավորություն ունի քաղաքականապես «թեքվելու» այդ երկրների կողմը: Լուկաշենկոն շատ բարձր գին է ուզում Պուտինից՝ «չթեքվելու» համար: Եվ դեռ ուզելու է:

Ուրիշ հարց՝ արդյոք Պուտինը կամ Ռուսաստանի հաջորդ ղեկավարը պատրաստ կլինի՞ մշտապես այդ գինը վճարել: Ինձ թվում է՝ ոչ, որովհետեւ ԵՏՄ-ի նման նախագիծը խորը հակասության մեջ է մտնում առողջ բանականության եւ սառը հաշվարկների հետ: Միայն հավակնություններն այստեղ քիչ են: Նման ինտեգրացիան հրաշալի բան է, բայց այն հնարավոր է ինտեգրվող երկրների որոշակի հարստության եւ դրանց ներսում օրինականության հիման վրա: Եթե օրենքը հստակ չի գործում անդամ պետություններում, ապա խաղի կանոնները չեն գործի նաեւ պետությունների միջեւ փոխհարաբերություններում: Մանավանդ որ, ինչպես արդեն նշեցի, այդ կանոնները կամայականորեն եւ միանձնյա որոշում է Ռուսաստանը ու հարկ չի համարում դրանց մասին տեղյակ պահել իր Միության մյուս գործընկերներին: Այս պայմաններում՝ գումարած, իհարկե, հիշյալ երեք (չորս) երկրների ոչ հարուստ լինելը, «իրար քցելու» հավանականությունը շատ մեծ է: Այնպես որ՝ եթե Ռուսաստանը, բացի քաղաքական «գլոբալ» հավակնություններից, նաեւ զուտ պրագմատիկ տնտեսական նպատակ է դրել՝ պաշտպանելու սեփական շուկան, ապա Մաքսային միության միջոցով չի կարողանա դա անել:

Հայաստանի մասնակցությունն այդ՝ ի սկզբանե տապալված ծրագրին, կարծում եմ, մեզ օգուտներ առնվազն չի բերի: Եթե ամեն ինչ գտնվեր բանական հաշվարկի դաշտում, ապա կարելի էր Ռուսաստանին համոզել, որ մեզնից «վազն անցնի», մեզանից որեւէ օգուտ չկա: Չնայած Ռուսաստանի վերնախավում հաստատ կան մարդիկ, որոնք համոզում էին եւ համոզում են Պուտինին ընդհանրապես հրաժարվել այդ խելահեղ նախագծից: Բայց Ռուսաստանի նախագահը, որքան հասկանում եմ, անդրդվելի է: Այդ պարագայում մեզ մնում է համբերատար սպասել մինչեւ ԵՏՄ-ՄՄ նախագիծը մահանա իր «բնական մահով» եւ լավագույն դեպքում դառնա ԱՊՀ-ի նման «ակումբ»: Կարծում եմ՝ երկար չենք սպասի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
3.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. ditord says:

    Այսպես կոչված ՜՜ Հայաստանի Հանրապետության՜՜ Կենտրոնական Բանկը ( ՀՀ ԿԲ) իր վարած քաղաքականությանբ ( վարկի բարձր % -ը, տարադրամի փոխարժեքի զգալի տատանումները, …) ապացուցում է, որ ոչ մի առերս չունի ոչ Հայ Երեխայի, ոչ Հայ Մոր, ոչ Հայ Զինվորի, ոչ Հայ ՈՒսանողի, ոչ Հայի ապագան (մանկություն,ընտանիք ,առողջություն, կրթություն, զարգացում իրականացնելու դրամա-վարկային սատարումի հետ: ՜՜ ՀՀ՜՜ ԿԲանկը հանդիսանում է տերարիում( террариум), ավելի թուրք է քան թուրքը, ինչպես ասում էր Կատոն Ավագը՝ И все-таки Карфаген должен быть разрушен! Մեր օրվա կարգախոսն պետք է լինի՝ ԴԵՄ ԵՆՔ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ , այն պետք է ԱՎԵՐԵԼ:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/12/04/521713/

    © 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  2. Աբո says:

    Ամեն ինչ այդքան էլ բարդ չէ:Երորդ դասարանի մաթեմի խնդիր.
    Ասենք Լեհը իր այգու խնձորը տանում եր ՌԴ և վաճառում եր մեկ կիլոգրամը երկու դոլար,ՌԴ-ը արգելեց Լեհական խնձորը ներմուծել:Լեհը իր խնձորը ստիպված մեկ դոլարով վաճառում է Բելարուսին,որը այն տանում է ՌԴ և վաճառում է երկու դոլարով:Հարց՝ ո՞վ տուժվեց,ո՞վ օգտվեց և ո՞վ չմնաց առանց նորտարվա խնձորի 🙂

  3. Հրանտ Պապիկյան says:

    Բա զանգեք Օբամային ասեք, որ ԵՏՄ-ն ու ՄՄ-ն իրականում չկա, թող հանգստանա էդ մարդը, թե չէ տակը լցրել ա, ինչ կապիկություն ասես անում ա, սաղին խառնել ա իրար, մենակ թե Ձեր նկարագրած քանդվող Ռուսաստանին ու իրա հորինած անհեռանկար ու դատապարտված միությանը թուլացնի…. ասեք որ ինքն իրեն քանդվելու ա, թող չջղաձգվի ու հանգիստ սպասի, չէ՞ որ ըստ ձեզ՝ երկար չի մնացել սպասելու: Կարելի է Պուտինին էլ մի թեթև զգուշացնել: Մի՞ թե չի հասկանում, որ ստից բաներով ա զբաղված…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031