Ռուսական ԶԼՄ-ները նման ֆեյքերով՝ կեղծ տեղեկատվությամբ են
կատարում հակաուկրաինական քարոզչությունը
2014-ի մարտի 2-ին մի խումբ ուկրաինացի երիտասարդ լրագրողներ որոշեցին ստեղծել Stopfake. org նախագիծը: Կայքի ստեղծման հիմական պատճառը ռուսական քարոզչամեքենայի մանիպուլյացիաները բացահայտելն էր: Stopfake. org կայքի խմբագիր Տատյանա Մատիչյակը «Առավոտի» հետ զրույցում հիշեց. «Stopfake. org նախագիծը որոշեցինք կյանքի կոչել հատկապես այն ժամանակ, երբ սրվեցին ռուս-ուկրաինական հարաբերությունները: Ռուսները համառորեն պնդում էին, թե Ղրիմում ռուսական զորքեր չկան, մինչդեռ ուկրաինացի մեր գործընկերները, որոնք այնտեղ էին, մեզ հավաստիացնում էին, որ Ղրիմում ռուս զինվորականներ են»:
Տատյանա Մատիչյակը մտահոգված է այն հարցով, արդյոք պետք է ռուսական քարոզչությանը՝ կեղծ տեղեկություններ տարածելուն, պատասխանել նույն կե՞րպ: Սակայն եկել է այն եզրահանգման, որ նախ պետք է հասարակությանը հնարավորություն ընձեռել ստանալ հավաստի տեղեկատվություն, այլ ոչ թե կեղծ: Մեզ հետ զրույցում ուկրաինացի լրագրողը շեշտեց. «Մեր հիմնական նպատակը Ուկրաինայում կատարվող իրադարձությունների մասին ռուսական լրատվամիջոցներով տարածված կեղծ տեղեկատվության բացահայտումն ու հերքումն է»: Ժամանակի ընթացքում երիտասարդ լրագրողների նախաձեռնությամբ ստեղծված կայքին միացել են փորձառու լրագրողներ, հասարակական գործիչներ, փորձագետներ ու կամավորներ: Մեր հարցին՝ որտեղի՞ց են հայթայթում միջոցներ, Տատյանա Մատիչյակը պատասխանեց. «Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ կայքը որեւէ քաղաքական կուսակցության կամ որեւէ ուժի չի պատկանում: Բացառապես մեր կողմից հայթայթված միջոցներով ենք այն գործարկում: Ինչպես նաեւ մեր ընթերցողներն են մեզ աջակցում, երբեմն դրամահավաքներ ենք կազմակերպում, եւ սովորական քաղաքացիները մեզ ֆինանսական աջակցություն են ցուցաբերում: Իհարկե, սկզբում բավականին մեծ գումար էինք հավաքում, սակայն իրավիճակն Ուկրաինայում լարված է, մարդիկ սոցիալապես ապահովված չեն, ուստի չեն կարող մեծ գումարներ մեզ տրամադրել»:
Նշենք, որ կայքն ընթերցողներին օգնում է նաեւ ստանալ գիտելիքներ այն մասին, թե ինչպես կարելի է տարբերել կեղծ տեղեկատվությունը իրականից: Մեր զրուցակիցն այս առումով նկատեց. «Մենք չենք ընդունում նաեւ այն, երբ ուկրաինական որոշ լրատվամիջոցներ եւս աշխատում են ռուսական քարոզչամեքենայի նույն գործելաոճով: Այդ կերպ նրանք կկորցնեն հասարակության շրջանում վստահությունը: Պարզապես հասարակությանը պետք է տալ բոլոր այն գիտելիքները, որպեսզի հասարակությունը եւս կարողանա տարբերել կեղծ տեղեկատվությունը իրականից»:
Կարդացեք նաև
Տատյանա Մատիչյակը մեզ հետ զրույցում թվարկեց ռուսական ԶԼՄ-ներով տարածված մի շարք ֆեյքեր, որոնք հասարակության շրջանում մեծ աղմուկ ու խուճապ են առաջացրել: Մեր զրուցակիցը նշեց, որ ռուսական քարոզչամեքենան օգտագործում է ինչպես լուսանկար- ֆեյքեր, այնպես էլ տեսանյութ-ֆեյքեր: Օրինակ՝ ռուսական ԶԼՄ-ներով տարածվել է մի նկար, որը մակագրված է, թե Դոմբասում այնքան վատ է իրավիճակը, որ մարդու ձեռք են ուտում: Բայց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ լուսանկարը 2008-ին նկարահանված «Մենք ապագայից ենք» ռուսական ֆանտաստիկայի ժանրով նկարված ֆիլմից մի կադր է:
Մեկ այլ ֆեյքում պատկերված է Դոնեցկը՝ «Այրվող Դոնեցկ» խորագրով: Տատյանա Մատիչյակը վստահեցրեց, որ իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ իրականում ռուսական ԶԼՄ-ները վերցրել են Դոնեցկի մի լուսանկար եւ այն «Ֆոտոշոփ» ծրագրի միջոցով վերաձեւել ռումբերից այրվող Դոնեցկի լուսանկարի:
Մեկ այլ լուսանկար-ֆեյքում օգտագործվել է Լեհաստանում տեղի ունեցած հանրահավաքից մի լուսանկար եւ այն տարածվել «Տերնոպոլը ցանկանում է միավորվել Լեհաստանի հետ» խորագրով: Ռուսական ԶԼՄ-ներն այս նկարն օգտագործել են, որպեսզի հասարակությանը ցույց տան, որ Տերնոպոլի բնակիչները լեհական դրոշով ցույց են կազմակերպել եւ իրենց ցանկությունն են հայտնում վերամիավորվել Լեհաստանի հետ: Նույն հաջողությամբ Կանադայում տարիներ առաջ տեղի ունեցած պայթյունի լուսանկարը ռուսական ԶԼՄ-ներն օգտագործել են, որպեսզի հասարակությանը ներկայացնեն, թե իբր ուկրաինական քաղաքներից Սլավյանսկում ու Կրամատորսկում պայթյունի հետեւանքով մնացել են առանց գազի եւ էլեկտրականության:
Ամենաթարմ ֆեյքերից մեկն էլ, որ այժմ տարածվում է ռուսական ԶԼՄ-ներում, այն է, թե իբր Ուկրաինայում արգելվելու է նշել Նոր տարին, քանի որ Ձմեռ պապը Дед Мороз) ունի ռուսական ծագում:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.11.2014
Լուսանկարում` Կանադական Քվեբեկ քաղաքի պայթյունը ներկայացված է՝ որպես ուկրաինական Սլավյանսկ եւ Կրամատորսկ քաղաքների պայթյուն: