Հայաստանը թվային հեռարձակման կանցնի 2015 թվականի հուլիսի 1-ին. կապի եւ տրանսպորտի նախարարությունն այդ ուղղությամբ նշված ժամկետում բոլոր աշխատանքներն ավարտած կլինի: Այսօր այս մասին վստահեցրեց կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, նշելով, որ մոտ 6 կամ մի քիչ ավելի ամիսներ զուգահեռ դեռ կշարունակեն անալոգային հեռարձակումը, որպեսզի նրանք, ովքեր չեն հասցրել պատրաստվել թվային հեռարձակմանն, այդ ընթացքում պատրաստվեն:
Այսօր նախարարությունում Գագիկ Բեգլարյանը հեռուստաընկերության ներկայացուցիչներին եւ մեդիա փորձագետներին ներկայացրեց ծրագիրը:
Ուշագրավ է, որ պարոն նախարարը սկզբից մինչեւ վերջ, գլուխը կախ ընթերցեց իր ելույթի տեքստը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ծրագրին, նախարարն ասաց, կամ ավելի ճիշտ` ընթերցեց թե ինչ է նախատեսված. ըստ այդմ` նախատեսված է մայրաքաղաքում եւ մերձակա բնակավայրերում թվային 18 եւ մարզերում` 9 հեռուստածրագրերի անվճար հեռարձակում, Երեւանի բնակիչների համար սոցիալական փաթեթում ընդգրկված են ներկայումս գործող բոլոր հեռուստածրագրերը, իսկ մարզերում, ինչպես նախարարն ասաց, անվճար հեռարձակվող հեռուստածրագրերը շատ ավելին են լինելու:
Սոցիալապես անապահովներին կառավարությունն անվճար է տրամադրելու թվային հեռարձակման համար անհրաժեշտ սարքավորումը: Լրագրողների հարցին` արդյոք բոլոր անապահովներին կտրամադրվի այդ սարքը, քանի որ այն 50 հազար դրամ արժե՝ պատասխանեց. «Հոգալու ենք բոլոր այն խավին, ովքեր սոցիալապես անապահով են, բայց շատ են ուզում հեռուստացույց` կունենան»:
Իսկ նախարարության ներկայացուցիչներն էլ հստակեցրին, որ սարքի գները տարբեր են՝ 20-ից 10 դոլար:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հետաքրքրվեց` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով 130 հազար սոցանապահով կա, արդյոք պատրա՞ստ է կառավարությունը բոլորին տրամադրել ապակոդավորող այդ սարքը, պարոն նախարարն ասաց. «Մենք ապահովելու ենք ըստ սոցիալապես անապահով խավի դիմումի, ըստ իրենց դիմումի: Հնարավոր է այդ 130 հազարից մեզ դիմեն 80 հազարը, կամ ավելին: Այսօր մինիմում կարողանում ենք ապահովել 100 հազարը, մեզ չպիտի անհանգստացնի թիվը: Ըստ մեր նախնական հաշվարկների` 100 հազար չեն էլ դիմելու, կդիմեն շատ` կօգնենք»:
Մանրամասն` տեսանյութում
Լրագրողներից մեկի հարցին` ինչո՞ւ եք կարծում, որ 130 հազարը չի դիմի, որովհետեւ ապահո՞վ են, Գագիկ Բեգլարյանն ասաց. «Ես ձեզ ասեմ, իրականում` հա, որովհետեւ, ըստ օրենքի 130 հազար է, բայց կան բավականին շատ ընտանիքներ, որոնք համ ապահով են, համ էլ, ըստ օրենքի, սոցիալապես անապահով են»:
Պարոն Մելիքյանը ողջունեց թվայնացման ծրագիրը, նշելով, որ ժամանակին մեդիափորձագետներն ու հ/կ-ները քննադատում էին, որ հնարավոր է կառավարությունը ժամանակին չհասցնի թվայնացման աշխատանքներն ավարտել ճիշտ ժամկետին:
Պարոն Մելիքյանը նաեւ ավելացրեց, որ անհրաժեշտ է ոլորտը կարգավորող նոր օրենսդրություն, որի նախագիծը հասարակական կազմակերպությունները պատրաստել են, եւ հորդորեց կառավարությանն աջակցել, համագործակցել նախագիծն Ազգային ժողովում ներկայացնելու հարցում: «Մենք պիտի անպայման աշխատենք, ոնց դուք ասացիք, հ/կ-ները միշտ քննադատում են, ավելի լավ է համագործակցենք, չքննադատեք: Քանի դեռ աշխատանքները չեն ավարտվել, քննադատություն հնչեցնելն էդքան էլ ճիշտ չէ»,-ասաց նախարարը:
«Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը ներկայացրեց փորձնական թվային հեռարձակումը, որը ներկայումս Աշտարակ քաղաքում է իրականացվում:
Մանրամասն` տեսանյութում
Նշենք, որ թվայնացման գործընթացի ծրագրի արժեքը կազմում է 6 միլիարդ 922 միլիոն դրամ, որն ամբողջությամբ պետության հաշվին է կատարվում: Ծրագրով նախատեսված են իրականացնել ներկայումս գործող 64 հեռարձակման հեռուստակայանների ամբողջական վերազինման, ինչպես նաեւ, թվով 150 նոր աշտարակ-կայանների կառուցման եւ շահագործման աշխատանքները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ