Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիակների փրկությունը հայերի համար սրբություն է»

Նոյեմբեր 23,2014 16:58

Խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների դին ու մասունքները վերադարձնելու մասին Գագիկ Գինոսյանի կարծիքը

«Դիակների փրկությունը  բոլոր ժամանակներում հայերի համար եղել է  սրբություն, գոնե ինձ համար, մեր ջոկատում չգրված կանոն կար՝ չէր կարելի մարտի դաշտում թողնել որևէ մեկ տղայի, ընկերոջ դիակ, որովհետեւ թուրքը մարդ չէ: Իրենք իրենց ջոկատները գորշ գայլեր էին կոչում, եւ դիակները պղծում էին, մենք հասկանում էինք, որ սեփական կյանքը վտանգելով զոհված ընկերոջ դին  պարտադիր պետք է մարտի դաշտից հանվի, որպեսզի պղծումից փրկվի: Նախօրեին կատարված գործողությունը լավագույն օրինակն է. մեր տղաները սեփական կյանքը վտանգելով, հատուկ նշանակության գործողությամբ, հատուկ նշանակության ջոկատների օրը, եւ նաեւ ոչ պաշտոնապես, հայրենատիրությանն օրը, մեր ջոկատի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրը կատարեցին այդ փայլուն գործողությունները»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ազատագրական բանակի» ազատամարտիկ, Մահապարտների գումարտակի անդամ Գագիկ Գինոսյանը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ զինված ուժերի հատուկ նշանակության գործողությունների շնորհիվ   ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմից խոցված հայկական ուղղաթիռի դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները եւ ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Նշենք, որ միջազգային կառույցները չկարողացան խոցված ուղղաթիռի ճակատագրի բացահայտման մասին որեւէ արդյունքի հասնել, նույնիսկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին չեն թույլատրել այցելել խոցված ուղղաթիռի անկման վայր: Այս առնչությամբ ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշումն էլ շատ պասիվ է:

Վերլուծելով միջազգային կառույցների, ԱՄՆ-ի Եվրոպայի վերաբերմունքը տեղի ունեցածի նկատմամբ, Գագիկ Գինոսյանն օրինակ բերեց, երբ Գուրգեն Մարգարյանի   սպանող Ռամիլ Սաֆարովին ազատ արձակման ժամանակ ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ-ն ոչ մի համարժեք քայլ չկատարեցին, եւ պատժիչ որեւէ գործողություն չկատարեցին Ադրբեջանի նկատմամբ, կամ՝ Իրաքի, Հարավսլավիայի, Սերբիայի , կամ տարբեր այլ երկրներում կատարված իրադարձություններում Եվրոպան չի փայլում իր պատժիչ գործողություններով. «Իսկ եթե դեպքերը համահունչ են իրենց շահերին, ԱՄՆ,  ՆԱՏՕ-ն եւ այլք իրենց պատժիչ գործողություններով չեն ուշանում, ճիշտ ժամանակին հասնում են: Իսկ երբ  հերթը հասնում է հայկական խնդիրներին, նրանք կարծես թե փորձում են հայերին ոչ թե քաջալերել, հանդես գալ հայերի կողմից, պաշտպանել, այլ՝ քարկապել, հետ պահել,  որպեսզի համարժեք հակահարված չտան»:

Գինոսյանի դիտարկմամբ՝ այս օրերի իրավիճակը ցույց տվեց,  որ միջազգային կառույցների եվրոպաների վրա հույս դնելն անիմաստ է, եւ պետք է միայն սեփական ուժերին ապավինել. «Փառք այն տղաներին, որոնք իրականացրեցին այդ գործողությունը, եւ առավել փառք, որ մենք կարողացանք առանց զոհի, կորստի մեր  օդաչուի դին, եւ մյուսների մասունքներն ու ուղղաթիռից մասեր վերադարձնել հայրենիք: Նժդեհն ասում էր՝ ովքե՞ր են մեղավոր ցեղասպանության համար, թո՞ւրքը, որ կոտորեց, Գերմանիա՞ն, որ սատարեց թուրքին, անգլիացի՞ն, որն ասաց, որ իր նավերը մեր լեռները չէին բարձրանա, ֆրանսիացինե՞րը, որ խաբեցին՝ չեկան, ռուսնե՞րը, որ հայտարարեցին՝ Հայաստանը պետք է առանց հայերի, մենք պատրաստ ենք մեղավորներ փնտրել, գտնել բոլորի մեջ, բացի մեզանից, մենք այնքան ենք մեր մասին վատ  կարծիք ունեցել: Այս առումով, կարծում եմ՝ դերը փոխվել է, մենք  դաս ենք քաղել, եւ առաջին հերթին մեղավոր ենք մենք, եթե այդ հարցը չենք լուծել, եւ սպասել, որ ամերիկացիները մի բան կհայտարարեն,  գերմանացիները, կամ  ռուսներն իրենց խնդիրները մեր միջոցով կլուծեն, ոչ, մենք հասկացանք՝ ինքներս պետք է լուծենք»:

Գագիկ Գինոսյանի խոսքերով՝ բավական է Եվրոպային սպասել, Եվրոպան ու ընդհանրապես աշխարհը, հաշվի են նստում այն երկրների, ազգերի հետ, որոնք կարողանում են իրենց արժանապատվության հարցն ինքնուրույն լուծել, տեր են կանգնում եւ պայքարում են իրենց արժանապատվության համար.« Թե հատուկ գործողությունները եւ թե ամառվա   գործողություններն ու մեր բանակի գործողություններն ապացուցեցին, որ Հայաստանն անդառնալիորեն անկախություն է ձեռք բերել, Արցախը նույնպես հայկական հող է, եւ հայկական հողերը պետք է լինեն հայկական ինքնապաշպանական վերահսկողության տակ: Հայկական կողմի բոլոր գործողություններն ապացուցում են, որ ադրբեջանցիները չեն կարող մարսել ոտնձգությունները հայկական հողերի նկատմամբ»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930