Լրահոս
Օրվա լրահոսը

81 տարի լռությունից հետո Ահմեդ Աբաքայի մայրը խոստովանել է՝ ծնողները հայեր են եղել

Նոյեմբեր 08,2014 13:00

Թուրքիայի «Պրոգրեսիվ լրագրողների ասոցիացիայի»
նախագահը համոզված է, որ ցեղասպանություն է եղել

81 տարի լռությունից հետո Թուրքիայի քաղաքացի Հոշանան որդուն կանչում է իր մոտ եւ բացահայտում այդքան տարիների լռության մատնած իր գաղտնիքը՝ նրա ծնողները՝ հայրն ու մայրը, հայեր են եղել: Այս մասին Անկարայում հայ եւ թուրք լրագրողներին պատմում է Հոշանայի որդին՝ լրագրող, հրապարակախոս, «Պրոգրեսիվ լրագրողների ասոցիացիայի» նախագահ Ահմեդ Աբաքայն ու ցուցադրում իր ձեռքի գիրքը՝ «Հոշանայի որդու խոսքը»:
Գիրքը տպագրվել է նախորդ տարի, պարոն Աբաքայի կյանքի մասին է: Աշխատանքի մեկ վեցերորդ հատվածը ներկայացնում է նրա մոր պատմածը:

«Մայրս ինձ կանչեց, ասաց՝ ես քեզ պատմելու եմ մի պատմություն, որը մինչեւ իմ մահը դու չպետք է պատմես ո՛չ կնոջդ, ո՛չ աղջկադ, ոչ էլ եղբայրներիդ: Նա սկզբից ասաց, որ իր հայրն ու մայրը հայ են եղել: «Դու չգիտես դա, բայց դա ճշմարտություն է»,- ասաց նա»,- պատմում է Ահմեդ Աբաքայը, հետո ներկայացնում մոր պատմածը:

1920 թվականին էր, պարզ չէ, թե որտեղից 10-15 հոգանոց հայերի խումբը փախչել է, հասել Էրզրում, մտել մի գյուղ, բայց այդ գյուղում նրանց չեն ընդունել, մահմեդականներ են այնտեղ եղել: «Մայրս պատմեց, որ ինքն այդ ժամանակ չէր ծնվել, բայց իր մայրը հղի էր իրենով: Փախչում են ալեւիների գյուղ: Այստեղ նրանց ընդունում են, հայերը վրան են խփում, մնում,- պատմում է նա ու շարունակում,- հավանաբար այդ մարդկանց հետեւում էին, երեւի թուրք ոստիկաններ, անծանոթ մեկն է մոտենում՝ ձեռքը ինչ-որ պարկ. ասում է՝ այս պարկը թողնեմ, այստեղ ալրաղաց կա, գնամ այդտեղ, թող պարկը մնա, մինչեւ հետ գամ: Մի քանի րոպե հետո գալիս են զինվորականներ, վերցնում են պարկը ու հարցնում՝ ի՞նչ կա մեջը, ընտանիքը պատասխանում է, որ տեղյակ չէ, ինչ-որ մեկը եկավ, թողեց ու գնաց: Բացում են պարկը, մեջը կտրված գլուխներ տեսնում: Ոստիկաններն ասում են, որ չեն հավատում, որ պարկն այդ ընտանիքինը չէ, հավաքում են նրանց, տանում Աշկալե՝ զինվորական տեղամաս: Այնտեղ մորս պապը սկսում է հակաճառել, ասում են փախիր, փախչում է, կրակում են, սպանում: Նրանց մոտ եղած թանկարժեք իրերը վերցնում են, թույլ տալիս մնացած տղամարդկանց, որ հավաքեն իրենց ընտանիքներին եւ գնան այդ գյուղից…»:

girq-7-1

Ահմեդ Աբաքայն այսքանով եզրափակում է իր մոր պատմությունը գրքում եւ մեզ հետ զրույցում, ինչպես ժամանակին արել էր մայրը: «Աղջիկս մտավ սենյակ, մայրս դադարեցրեց պատմելը: Նորից հիշեցրեց, որ ոչ մեկին չպետք է պատմեմ, ասաց՝ հաջորդ օրը կշարունակի պատմությունը»,- ասում է պարոն Աբաքայը: Իսկ հաջորդ օրը տեղի է ունենում անսպասելին: «Մայրս մեծ կին էր, սակայն առողջ ու ուժեղ: Բայց մեր խոսակցության հաջորդ օրը աղջիկս զանգում է իմ աշխատավայր ու տեղեկացնում, որ տատիկի ոտքը սայթաքել է, ընկել է, գլուխը հարվածել պատին, հիվանդանոցում է: Մայրս մի քանի օր մնաց հիվանդանոցում, կարծես ապաքինվում էր, բայց հիշողությունը հարվածից կորցրել էր, ոչ ոքի չէր հիշում: Տասնհինգ օր հետո մահանում է՝ մինչեւ վերջ չպատմելով եղելությունը»,- ասում է պարոն Աբաքայը:

Մոր մահից հետո ինքն է փորձում բացահայտել իր արմատները: Դիմում է հորեղբորը, որը տարիքով մեծ էր իր մորից, ալեւիների գյուղում բոլորին ճանաչում էր, սակայն ապարդյուն, հորեղբայրն ասածին արձագանքում է միայն այս նախադասությամբ. «Ահմեդ, այս մասին ոչ մեկին չասես»: «Իմ մորաքույրները, քեռիները հարազա՞տ էին, թե՝ ոչ, ես արդեն չգիտեմ, որովհետեւ արդեն բոլորը մահացել էին, հայրս էլ վաղուց էր մահացել, մայրս էլ մահացավ՝ չպատմելով ամբողջ պատմությունը»,- ասում է Ահմեդ Աբաքայը:

Գրքի հրատարակումից հետո, երբ թուրքական թերթերը, անդրադառնալով գրքում եղած պատմությանը, գրում էին հայ կնոջ 81 տարվա լռության մասին, պարոն Աբաքայի բարեկամներն անհանգստանում են, սպառնում հեղինակին. «Իմ քեռու տղաները Ստամբուլում հաջողակ ինժեներներ են, զանգեցին ու սպառնացին: Ասացին, որ հայ բառը պետք է գրքից հանես, մեր հորաքրոջը հայ չպետք է ասես: Ես իրենց ասացի՝ ֆրանսիացի ասեմ, ամերիկացի ասեմ, թե հայ ասեմ, ի՞նչ տարբերություն: Ասացին, որ հայ չպետք է ասես, դա մեր պատվին է վերաբերում…Ու ես այդ ժամանակ հասկացա, թե ինչքան ճիշտ էր իմ մայրը, որ 81 տարի չխոսեց այդ մասին, որ համարյա 100 տարի անց իր եղբոր տղան պետք է ինձ զանգեր, սպառնար, ամաչեր իր հայ լինելու համար…»:

«Հոշանայի որդու խոսքը» գրքում միայն մոր պատմածը չի ներկայացված, սա հեղինակի կյանքի պատմությունն է՝ դեռ համալսարանական տարիներից, թե ինչպես են նրան հետապնդել քաղաքական հայացքների համար, մի քանի անգամ ձերբակալել. «Ես սոցիալիստ եմ, բանվորական կուսակցության անդամ եմ եղել,- ասում է նա ու մոր պատմածը շարադրելու մասին ավելացնում,- որպես արդար մարդ՝ ես դա չէի կարող պահել իմ մեջ: Իմ մայրը պատմել էր ինձ այդ մասին եւ ես չէի կարող լռել: Սա պարտք էր մորս, որպես կրթված մարդ, որպես լրագրող ու գրող, ես պետք է գրեի այդ մասին: Դրանից հետո իմ շատ ընկերներ եւ ծանոթներ զանգեցին ու ասացին, որ մեր մոտ էլ է այդ պատմությունը: Ես եթե չգրեի, կարող էի իմ երեխաներին հետո ասել ու անցներ, գնար: Բայց ես հարկ համարեցի գրել այդ մասին»:

Պարոն Աբաքայի հետ խոսեցինք նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ու թուրքական իշխանությունների պահվածքի մասին: Թուրքական վարվելակերպի մեջ Հայկական հարցի վերաբերյալ ոչինչ այս տարիների ընթացքում չի փոխվել. մեր զրուցակցի համոզմունքն է, ասում է՝ ամբողջը քարոզչություն է, ամենն արվում է ժամանակ ու ընտրություններում քվեներ շահելու համար, միանգամից հիշատակում է Հրանտ Դինքին: «Այն, որ Հրանտին սպանելու էին, շատերը գիտեին՝ ե՛ւ ոստիկանները, ե՛ւ մարզպետները, Հրանտին սպառնացել են, կանչել են իրենց մոտ, գիտեին, որ սպանելու են, բայց ոչինչ չեն ձեռնարկել այդ ուղղությամբ: Եթե կառավարությունը կարեւորություն տար այդ հարցին, ե՛ւ մարզի ղեկավարը, ե՛ւ հատուկ ծառայության ղեկավարը, բոլորն էլ կհայտնվեին բանտում, բայց բոլորն իրենց պաշտոնում են: Ոչ, ոչինչ չի փոխվել, անկեղծ չեն այդ հարցում»,- ասում է նա՝ նկատում, որ չնայած հիմա Թուրքիայում մարդիկ ավելի շատ են սկսել խոսել այդ խնդրի մասին՝ սակայն դա որեւէ կերպ չի ազդում թուրքական կառավարության քաղաքականության վրա:

Խոսակցության վերջում պարոն Աբաքայը ցանկություն է հայտնում լինել Հայաստանում, ասում է, որ եթե հրավեր լինի, անպայման կգա, կուզենար գիրքն էլ հայերեն թարգմանվեր…
Ի վերջո Թուրքիայում ապրող լրագրողն ընդունո՞ւմ է, որ 1915 թվականին ցեղասպանություն եղել է. նա ժպտում է թախիծով, ասում. «Անատոլիայում որտեղ էլ պտտվում ես, տեսնում ես քանդված եկեղեցիներ, դրանք ապացույցներ են»: Հետո արդեն ավելի հաստատակամ ձայնով ավելացնում. «Այո, մինչեւ վերջ ես համոզված եմ, որ դա եղել է ցեղասպանություն»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Հ.Գ. Պարոն Աբաքայի հետ զրուցել ենք «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի եւ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ հայ եւ թուրք լրագրողների ու բլոգերների համար կազմակերպված երկշաբաթյա ավտոբուսային ուղեւորության ընթացքում: Պետք է նկատել, որ այս զրույցին ներկա էին բոլոր հայ լրագրողները, իսկ Թուրքիայի ներկայացուցիչներից քչերը հետաքրքրվեցին այս հանդիպումով: Ընթրիքի ժամանակ զրույցին ներկա Թուրքիայի լրագրողներից մեկին հարցրեցի՝ «Ի՞նչ ես մտածում այս պատմության մասին»: Պատասխանեց. «Հետաքրքիր էր, հուզիչ, գիտե՞ս, վերջին շրջանում մենք սկսել ենք ավելի շատ նման պատմություններ լսել, երեւի դա լավ է…»: Հետո նույն հարցը նա ինձ տվեց: Ես ասացի, որ սա մեզ համար նորություն չէր, մենք գիտենք նման շատ պատմություններ, բայց ամեն անգամ լսելիս նորից տխրում ենք…: Ինձ համար անսպասելի՝ թուրք գործընկերոջս աչքերը լցվեցին, ու նա հազիվ լսելի ձայնով ասաց՝ «Հուսանք, որ մի օր այս հարցը վերջնականապես կլուծվի, եւ երկու ժողովուրդները կբարեկամանան…», ու համաձայնություն նշանակող լռությունը հաջորդեց:

«Առավոտ» օրաթերթ
07.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930