Հարցազրույց դերասան, ռեժիսոր-պրոդյուսեր Արթուր Էլբակյանի հետ
-Դուք առաջին անգա՞մ էիք մասնակցում UNITED SOLO ամերիկյան փառատոնին, Ձեր տպավորությունները:
– Այս փառատոնին, այո, մասնակցում էի առաջին անգամ: Եվ թող անհամեստ չթվա, որքանով ես տեղեկացված եմ, մինչ այժմ ոչ մի հայ դերասան Նյու Յորքի բեմում որեւէ փառատոնի շրջանակում չի խաղացել ամերիկյան հանդիսատեսի համար: Ես նկատի ունեմ հենց ամերիկյան հանդիսատեսի համար եւ ոչ հայկական համայնքի: Դրանք տարբեր բաներ են:
Ինչ վերաբերում է UNITED SOLO-ին, այս փառատոնը համարվում է մոնո կամ սոլո ներկայացումների աշխարհի ամենամեծ փառատոնը:
Կարդացեք նաև
Հարյուր երեսուն մասնակից կար աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ, Անգլիա, Զելանդիա, Լեհաստան, Գերմանիա, Թուրքիա: Բայց գերիշխողը ամերիկյան մասնակիցներն էին: Հատկապես շատ մեծ էր Նյու Յորքի մասնակիցների ցանկը: Տպավորություններս շատ ջերմ են: Փայլուն կազմակերպված փառատոն է՝ ժամանակակից թատերական արվեստի, զանազան հոսանքներ ներկայացնող դերասաններ եւ բեմադրողներ, 130 նոր անուն թատերական գործ-պիես:
Ինչո՞ւ նոր: Որովհետեւ փառատոնին մասնակցելու կարեւոր եւ գլխավոր նախապայմաններից մեկը հենց նա է, որ մինչ փառատոնում ընդգրկվելը կազմակերպիչների քննությանը հարկավոր է ներկայացնել ոչ մի տեղ չխաղացված ու չբեմադրված թատերական գործ: Եվ կազմակերպիչների հավանությունը ստանալուց հետո միայն կարող ես անցնել հաջորդ փուլ… Իմիջիայլոց, Նյու Յորքի 42-րդ թատերական փողոցում գտնվող THEATRE ROW թատրոնի շենքում ամեն օր տարբեր ժամերի խաղացվում էր երկու կամ երեք փառատոնային ներկայացում: Ամեն մի մասնակից հնարավորություն ուներ խաղալ մի քանի անգամ: Դա կախված էր նրանից՝ վաճառվե՞լ են, արդյոք, քո առաջին կամ երկրորդ ներկայացման տոմսերը: Ես իմ ներկայացումը խաղացի երկու անգամ: Նման հաջողության արժանացավ եւս մի քանի մասնակից: Բացառությամբ այն տասը տոմսերի, որ մենք գնել էինք մեր կողմից հրավիրված հյուրերի համար, մնացածը սպառել էին օտարազգի ներկայացուցիչներ: Շատ ուրախ էի ներկայացումից հետո հանդիպել ինձ շատ սիրելի երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանին, դերասանուհի Նորա Արմանիին, իմ համակուրսեցի Մարինե Թունյանին, Դավիթ Չախմախչյանին: Շնորհակալ եմ բոլորին ջերմ ընդունելության եւ իրենց գնահատականների համար: Հատկապես ռուսալեզու մամուլի եւ հեռուստաալիքների ուշադրությունն էր մեծ իմ ներկայացման հանդեպ: Մեծ հարցազրույց տվեցի НТВ-АМЕРИКА ալիքին եւ «Комсомольская правда» շաբաթաթերթին:
Ներկայացմանը քանիցս անդրադարձավ Broadway World կայքը:
Եվ կարծում եմ՝ փառատոնի ավարտից հետո կկարդանք նաեւ վերլուծական հոդվածներ ամերիկյան թերթերում: «Իմ խելագար Շեքսպիրը» այլ երկրներում խաղալու մի շարք հրավերներ ունեմ…
– Ո՞րն էր Ձեր՝ «Իմ խելագար Շեքսպիրը» մոնոներկայացման ուղերձը:
– Այս պիեսը մտորում է, ընտրություն է… Ընկերների ջանքերով հոգեբուժարանում հայտնված հերոսը զուգահեռներ տանելով այսօրվա եւ շեքսպիրյան ժամանակների միջեւ՝ մտորում է եւ հասկանում, որ ոչինչ չի փոխվել կյանքում: Թե այն ժամանակ, թե այսօր սերը՝ սեր է, ատելությունը՝ ատելություն, դավաճանությունը՝ դավաճանություն: Եվ, ցավոք, գերիշխողը միշտ միջակությունն է: Միջակ, անտաղանդ մարդկանց միշտ բարկացնում է այն, որ դու իրենց նման չես, իրենց ոհմակում չես:
Այդ գորշ, անտաղանդ միջակությունները հավաքվում են ոհմակում, երկար քննարկում են քեզ ու բամբասում: Նրանց նպատակն է ծաղրել քո արած ամեն բան, որպեսզի իրենք մի կերպ երեւան: Հեշտ է անվանել մեկին խելագար, քան խոստովանել ինքդ քեզ, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում:
Մնալ հոգեբուժարանո՞ւմ, որտեղ քեզ պես նորմալ մարդիկ են փակված, թե՞ վերադառնալ մի միջավայր, որտեղ չկամություն է, հանդուրժողականություն, դավաճանություն, ստորություն ու ոգու սով: Թերեւս սա է պիեսի գլխավոր մտորումը:
Իսկ ընտրությունը ըստ Շեքսպիրի՝ «Լինել, թե չլինել»:
– Այսօր ի՞նչ է պակասում թատրոնին՝ թարմ գաղափարնե՞ր, ճի՞շտ լսարան, ներկայացումներից հետո համապատասխան վերլուծությո՞ւն, թատերական քննադատնե՞ր:
-Թատրոնին ոչինչ էլ չի պակասում եւ ոչինչ երբեք չի պակասել: Թատրոնը կամ լինում է հետաքրքիր, կամ էլ չի լինում: Մնացած ամեն բան, պարապ խոսքեր եւ խոսակցություններ են՝ ինչ-որ մի կերպ արդարացնելու իրենց հետաքրքիր չլինելը: Ամեն թատրոն ունի իր հանդիսատեսը, ունի իր լսարանը:
– Դուք հիմնադրել եք «Թատրոն-13»-ը, որի բացմանը ներկա է եղել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, այսօր որեւէ նոր նախագծի հիմնադրման առիթով կուզենայի՞ք նրան կամ այլ նախագահի տեսնել հրավիրյալների թվում:
– Ինչո՞ւ ոչ: Ինձ համար, թե նախագահ, թե նախարար առաջին հերթին հանդիսատես է: Դա լավ առիթ է՝ քո խոսքը ասելու: Դա լավ առիթ է՝ շփվելու թեկուզ եւ բեմից: Դա հիանալի հնարավորություն է ասել եւ ցույց տալ բաներ, որոնց մասին երեւի նախագահներն էլ չգիտեն կամ տեղյակ չեն: Կարծում եմ՝ նախագահների այցը ցանկացած թատրոն ողջունելի է: Դա նաեւ դիտվում է որպես կարեւոր ուղերձ իշխանավորներին, որ թատրոնների նկատմամբ լինեն ուշադիր:
– Ի՞նչ էքսպերիմենտի երբեւէ չեք դիմի կյանքում եւ արվեստում:
– Առանց այն էլ մեր կյանքը մի մեծ էքսպերիմենտ է, ուստի այն ինչո՞ւ էլ ավելի խճճել ու բարդացնել: Եվ հետո, արվեստում էլ կարծես ինձնից առաջ արդեն բոլոր էքսպերիմենտներն արվել են:
Ուստի նախընտրում եմ առանց ցնցումների ապրել եւ ստեղծագործել:
– Հնարավո՞ր է որեւէ նախագիծ Հայաստանում իրականացնեք:
– Իհարկե, հնարավոր է, եւ համոզված եմ, որ մի օր դա կլինի: Ասեմ, որ իմ լավ ընկեր Արթուր Սահակյանից, որը ինձ երկար ժամանակ համոզում է բեմ վերադառնալ՝ ստացել եմ շատ հետաքրքիր մի առաջարկ: Ուղղակի մենք երկուսս էլ հասկանում ենք, որ ցանկացած նախագիծ չպետք է լինի ինքնանպատակ:
– Չե՞ք կարոտում Ձեր դիպլոմային աշխատանքի Զիմզիմովին, չէ՞ որ կրկին վերադարձել են նրանց ժամանակները:
– Մեր կուրսի ղեկավար Խորեն Աբրահամյանը շատ հետաքրքիր ավարտական ներկայացում բեմադրեց այն ժամանակ: Մինչ բեմադրելը մոտ երկու ամիս ինձ տրամադրում էր, որ հենց ե՛ս պետք է խաղամ Զիմզիմով: Երկար զրույցներ ենք ունեցել: Ես ավելի շատ դա եմ հիշում՝ ավելի շատ փորձերն ու զրույցներն եմ հիշում, քան թե իմ խաղացած Զիմզիմովին: Ինչ վերաբերում է զիմզիմովներին, ապա ասեմ, որ միշտ էլ նրանց ժամանակներն են եղել: Թե երեկ, թե այսօր եւ թե վաղը: Նրանք ոչ մի տեղ չեն հեռացել, որ վերադառնան՝ նրանք միշտ կան:
– Հետաքրքիր է, ըստ Ձեզ՝ հայի արարած արվեստում հայկական հետքը երեւո՞ւմ է, օրինակ, Ձեր ներկայացումից օտարը կզգա՞, որ հայ եք…
– Լսեք Արամ Խաչատրյանի գործերը: Նրա բոլոր գործերում զգում ես հային:
Իսկ Վիլյամ Սարոյանը գրել է. «Հայերեն չեմ գրում, բայց նայում եմ աշխարհին հայերեն»: Ես էլ աշխարհին նայում եմ հայերեն ու հայի աչքերով:
«Իմ խելագար Շեքսպիրը» ներկայացումից հետո ինձ մոտեցավ մի հայտնի ամերիկացի թատերագետ: Նա շնորհակալություն հայտնեց ներկայացման համար եւ ասաց հետեւյալը. «Հայերենը բացառիկ գեղեցիկ եւ երաժշտական լեզու է»…
Զրուցեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարը՝ www.broadwayworld.com-ի
«Առավոտ» օրաթերթ
06.11.2014
Ափսոս, որ Ձեզ հետ որոշ ռեժիսորների պես պալատական թատերագետ չեք տանում, որ Ձեզ գովերգի:
Վերջապես նորմալ զրույց կարդացի: Շնորհակալություն Գոհարին և Արթուրին:Ես Ձեզ հիշում եմ: Հիշում եմ Ձեր թստրոն 13-ը: Ավելի շատ հիշում եմ Ձեր Ուրբաթ գիշերները Ար հեռուստատեսությունում: Հաջողություն եմ մաղթում Ձեր ներկայացմանը: Բերեք Երևան: