Մեդիակրթության անհրաժեշտության մասին
Մի քանի օր առաջ լրատվական բոլոր գործակալություններն ու ԶԼՄ-ները հաղորդեցին Արեգակի վրա հերթական մագնիսական բռնկման վերաբերյալ: Ավելորդ է ասել, որ նման լուրերը, բերնեբերան անցնելով, ահագնացնում են այդ երեւույթի հետեւանքների մասին հրապարակումները: Մարդիկ սկսում են տարածել, թե համակարգիչները կանջատվեն, թե հիվանդների վիճակը կվատանա, սրտայինները պիտի զգույշ լինեն եւ այլն: Սակայն այն, ինչ արեց մի երգիծական կայք (Huzlers.com), ուղղակի խուճապի մատնեց շատերին: Այդ կայքը, հումորով, «հղում տալով» ԱՄՆ-ի տիեզերական գործակալությանը (ՆԱՍԱ), գրեց, թե այդ բռնկման հետեւանքով աշխարհը 6 օրով ընկղմվելու է խավարի մեջ: «Լուրը» համացանցում այնքան արագ տարածվեց, որ ՆԱՍԱ-ն ստիպված էր հանդես գալ հերքումով:
Ի դեպ, նման բան օրերս եղավ նաեւ մեզ մոտ: Բավականին մարդիկ լուրջ էին ընդունել «Արմքոմեդի» կայքի մի երգիծական հրապարակումն այն մասին, թե «բուհից հեռացվել է ռեֆերատն ինքնուրույն գրած ուսանողը»:
Բայց եթե այսպիսի երգիծական կամ հումորային «տեղեկությունների» լուրջ ընկալումն իր մեջ առանձնապես մեծ վտանգ չի պարունակում (մարդիկ ի վերջո գլխի են ընկնում, որ դա հումոր էր եւ մի կուշտ ծիծաղում են), ապա քաղաքական կամ հասարակական կյանքին վերաբերող ապատեղեկատվությունը հղի է բոլորովին այլ հետեւանքներով՝ անհանգստությունից մինչեւ խուճապ: Առավել վատ է, երբ հասարակական դեմքերն են նման տեղեկություններ հաղորդում, իսկ լրատվամիջոցներն էլ առանց ստուգելու տարածում են դրանք:
Կարդացեք նաև
Լրագրական խայծերը (ռուսերեն՝ утка) նոր չէ, որ հայտնվում են մամուլում: Դրանք եղել են տպագիր մամուլի ծնունդից ի վեր: Այս մասին ժամանակին գրել է նաեւ 19-րդ դարի ֆրանսիացի պոետ Ժերար դե Ներվալը իր՝ «Լրագրային խայծերի իրական պատմությունը» հոդվածում: Այդ ժամանակների խայծերի (հորինովի կերպարներից՝ «ոսկե ատամով ծնված երեխա», մինչեւ հորինովի պատմություններ՝ «Հռենոսի ծովահենների արշավանքը») հիմնական նպատակը թերթի տպաքանակի ավելացումն էր:
Այժմ էլ համարյա նույնն է. հիմնականում համացանցային լրատվամիջոցները դրանք տարածում են մուտքերի քանակն ապահովելու համար: Այլ են, իհարկե, պատմություններն ու կերպարները, մանավանդ երբ խայծերը սկսում են տարածել քաղաքական կամ հասարակական գործիչները՝ ինչ-ինչ նպատակներ հետապնդելով:
Դե, իսկ հասարակությունն էլ կամ նրա մի ստվար հատվածը հակված է հավատալու այն ամենին, ինչ տարածվում է թերթերով, կայքերով կամ հեռուստատեսությամբ. հնուց եկած մտածելակերպ է. «թերթում էր գրած» կամ՝ «ռադիոյով էն օրը ասացին»:
Այս հոդվածի առիթ կամ գուցե պատճառ դարձավ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» (նախկին «Ինտերնյուս») հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ արդեն երկու տարի անցկացվող մեդիագրագիտության ծրագրի՝ հոկտեմբերի 27-28-ին անցկացված միջանկյալ ամփոփիչ սեմինարը: Այս ծրագրի նպատակն է դպրոցներում արմատավորել մեդիակրթությունը: Հատկապես այսօր՝ տեղեկատվական ահռելի հոսքերի այս օրերին, ոչ միայն երեխաների, այլեւ անգամ մեծահասակների համար է դժվար կողմնորոշվել. ինչին հավատալ, ինչը ընդունել, ինչին նայել քննադատաբար: Եվ ահա՝ 2012 թվականից գործող այս ծրագիրը պատրաստում է ուսուցիչներ, որոնք իրենց դասաժամերին կամ ֆակուլտատիվ պարապմունքների միջոցով պիտի աշակերտներին սովորեցնեն կողմնորոշվել այդ հոսքում, ընտրել, կարդալ տեղեկությունները, սակայն դրանց վերաբերվել քննադատաբար: Հասկանալ, թե ինչպես է աշխատում մեդիան, ինչ շահեր կարող են հետապնդել լրատվամիջոցները, ինչպես կողմնորոշվել սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունների հոսանքում, ինչպես ինքնուրույն ճշտել այս կամ այն աղբյուրից ստացված տեղեկատվությունը եւ այլն:
Միով բանիվ, այս աշխատանքի շնորհիվ, համատեղելով ջանքերը, կարելի է ապագայում ունենալ ընթերցող սերունդ, որը միանգամից կհասկանա, որ սեփական ուժերով, առանց արտագրելու ռեֆերատ ներկայացրած ուսանողին բուհից հեռացնելու մասին «տեղեկությունը» շատ լավ հումոր է… Կծիծաղի եւ վերջ: Այլ ոչ թե կհայհոյի կրթական համակարգը կամ կտարածի ֆեյսբուքյան իր էջում՝ «Խայտառակություն է…» վերնագրով:
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.10.2014