Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը Հովիկ Աբրահամյանից 500 մլն դրամ է ուզում՝ Վանաձորի երեխաների համար

Հոկտեմբեր 22,2014 18:12

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Էդմոն Մարուքյանը կառավարության ներկայացուցիչներին հիշեցրեց կառավարության ծրագիրը, որով խոստացել էին տարածքային համաչափ զարգացում: Սակայն Էդմոն Մարուքյանը սրտնեղեց, որ Էրեբունի-Երեւան տոնակատարությանը այն պայթուցիկները, հրավառությունները կարող էին չլինել, դրա փոխարեն Վանաձորում մի քանի խաղահրապարակ կարող էին կառուցել: Նա ասաց, որ չեն կարող ընտանիքում ծնողները մի երեխայի համար լավ, գեղեցիկ, թանկարժեք շորեր գնել, մյուսներին ցնցոտիներով թողնել ու ոչինչ չառնել, թողնել սոված-ծարավ, խտրականություն դնել. «Հայաստանը գնալով դառնում է մայրաքաղաք պետություն: Պետությունը ծնողն է, քաղաքներն էլ նրա երեխաներն են»:

Էդմոն Մարուքյանը կառավարությունից 500 մլն դրամ ուզեց՝ փողոցները բարեկարգելու եւ խաղահրապարակներ կառուցելու համար. «Մեր Վանաձորի երեխաներն էլ իրավունք ունեն բարեկարգ բակերում մեծանալու, խաղահրապարակներ ունենալու: Ըստ էության, ընդհանրապես խաղահրապարակներ չկան: Այս խտրականությունը կարելի է տարեցտարի լրացնել: Մի տարի Վանաձորը կարգի բերվի, մյուս տարի՝ Գյումրին, մյուս տարի՝ Ալավերդին եւ այսպես»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ձեր ասածը խտրականություն է, որ դուք խտրականությունից եք խոսում, հիմա յուրաքանչյուր պատգամավոր ով որտեղից ընտրվել է, փորձենք իրականացնել խաղահրապարակնե՞ր: Ամեն դեպքում մենք պարտավոր ենք կառուցել: Վանաձորի մասին ես պատրաստ եմ այն ծրագրերը, ինչի մասին խոսում եք, քննարկել: Վանաձորը մեծ քաղաք է, եւ ունի իմ կարծիքով նորմալ բյուջե, ես հիմա բյուջեն չեմ հիշում: Կքննարկենք, այդ խնդիրներին տանք լուծում: Որ ես ինքս կողմ եմ եղել տարածքային համաչափ զարգացմանը՝ դա բոլորը գիտեն: Ապակենտրոնացում ասելով, ես նաեւ նկատի ունեմ լիազորությունների, ոչ միայն ֆինանսական: Ինչքան կարողանանք լիազորությունները տեղափոխենք համայնքներ, այնքան խնդիրներին կտանք լուծում»:

Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ «Ես նկատի ունեի միայն մայրաքաղաք եւ տարածքներ: Ես որպես Վանաձորից, մեր քաղաքի հարցն եմ բարձրացնում, բայց կարող ենք հերթականությամբ այդ հարցերը լուծել: Մի բան ակնհայտ է, Երեւանը շատ փող է հավաքում, դրա համար Երեւանում է շատ փող ծախսվում: Հիմա ընտանիքում կարող է ամուսինը աշխատի, կինը չաշխատի, ուրեմն կինը պետք է փող չծախսի՞: Եկեք առանձին քննարկենք այս հարցը: Վանաձորի բյուջեն շատ սուղ է»:

Հովիկ Աբրահամյանը համաձայնեց եւ ասաց, որ մարզկենտրոններում, օրինակ, պետք է ունենան լավ հիվանդանոցներ, որ հիվանդները չտեղափոխվեն Երեւան: Դրա համար ժամանակ է պետք եւ մեծ ֆինասական ռեսուրսներ :

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031