Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջարկվում է 275 հազար դրամ՝ չաշխատող հղիներին

Հոկտեմբեր 18,2014 16:55

Աշխատող հղիների նպաստը կկրճատվի, իսկ 30 հազար չաշխատող կին նպաստ կստանա:  

Մայրության նպաստ. այս ձեւակերպմամբ կառավարությունն առաջարկում է վերանվանել հղիության եւ ծննդաբերության նպաստը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի քանի օրենքներում փափոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ նախագծի, առաջարկվում է աշխատող հղիների աշխատավարձերի ներկայումս 100%-ի չափով տրամադրվող նպաստը կրճատել, դարձնել՝ 80%, եւ չաշխատող հղիներին տրամադրել նպաստ: Չաշխատող կնոջը տրվող նպաստի անվանական չափը 2016 թվականին կանխատեսվող միջին աշխատավարձի անվանական չափի հաշվառմամբ (80 հազար դրամ) կկազմի 365 հազար դրամ՝ ներառյալ հարկերը, իսկ առանց հարկերի՝ 275 հազար դրամ: Այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ու Կենսաթոշակային հիմնադրամի իրազեկման կենտրոնը ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի աջակցությամբ լրագրողների համար սեմինար էր կազմակերպել՝ նախագծին ծանոթացնելու եւ այն քննարկելու համար:

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանն ասաց, որ այսօր հղիության եւ ծննդաբերության նպաստ է տրվում 13 հազար աշխատող կնոջ, իսկ առաջարկվող փոփոխությունն ընդունելու դեպքում հղիության եւ ծննդաբերության կապակցությամբ նպաստ կստանա լրացուցիչ եւս տարեկան 30 հազար կին:  Պարոն Սաիյանի վստահեցմամբ, ներկայիս օրենքով՝ աշխատող հղիների աշխատավարձերի 100%-ի չափով նպաստ տրամադրելը  մեծ բեռ է պետբյուջեի համար, եւ այս խնդիրն աշխարհի շատ երկրներում կա: Ըստ պարոն Սաիյանի,  2020-21 թվականներին այդ բեռը կազմելու է 25-30 միլիարդ  դրամ: Այսինքն, բեռը թեթեւացնելու համար, ինչպես բանախոսն ասաց՝ կառավարությունը գնում է փոխհատուցման չափի կրճատմանը:

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ եթե նախագծի նպատակը բյուջեի բեռը թեթեւացնել է, ապա չաշխատող հղիներին նպաստ տրամադրելով բյուջեի համար կրկին բեռ է ավելանում, կարծես թե տնտեսում, կամ բեռի թեթեւացում չի ստացվում, պարոն Սաիյանն ասաց, այո, բեռ է լինում, բայց չաշխատող հղիների աջակցության հարց է լուծվում. «Չէ՞ որ չաշխատող հղիներն էլ խնդիրներ ունեն լուծելու՝ հագուստ, հատուկ սնունդ եւ այլն: Իսկ աշխատող հղիներն այսպես թե այնպես, աշխատավարձ ստանում են»:

Հարցին էլ, արդյո՞ք այս նախագիծը կնպաստի ծնելիության աճին, պարոն Սաիյանն ասաց, որ որեւէ երկրում չկա նման պրակտիկա, որ գումարային փոխհատուցումը կարող է դեմոգրաֆիական խնդիր լուծել, քանի որ կան եվրոպական երկրներ, որտեղ այսպիսի փոխհատուցում է տրվում, սակայն ծնելիության աճ չի գրանցվել: Ըստ պաշտոնյայի, դեմոգրաֆիական խնդրի կամ ծնելիության աճի լուծմանը ավելի շատ նպաստում են հավատը ապագայի նկատմամբ, երկրի ընդհանուր իրավիճակը, երեխաների համար նախատեսված խնամքի կենտրոնների խնդրի լուծումն եւ այլն:

Նախագիծը դեռեւս քննարկման փուլում է, այն դեռ պետք է հանրային լսումներում եւ խորհրդարանական լսումներում քննարկվի: Ընդունվելու դեպքում աշխատող հղիների նպաստի փոխհատուցումը կկրճատվի 2015 թվականից, իսկ չաշխատող հղիների  մայրության նպաստը կսկսվի տրամադրվել 2016 թվականից:

Բյուլետենների վճարման մեխանիզմն ու գումարների չափերը եւս նախագծում ներառված են, որի մասին առաջարկություններն՝ առաջիկայում: Պարոն Սաիյանի խոսքերով՝ բյուլետենի եւ հղիներին տրամադրվող նպաստի գումարն եկող տարի կկազմի 10.3 միլիարդ դրամ, որը, բանախոսի ներկայացմամբ՝ քիչ է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031