Ինչպես հայտնի է՝ այսօր ՀՀ կառավարության նիստում ներկայացվել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հրաժարականի դիմումը: Դրանից հետո 168.am-ի բացառիկ հարցազրույց է վարել ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ
– Փաստորեն, Ձեր կյանքի կարևոր մի փուլ ավարտում եք: Ինչպե՞ս կամփոփեիք այն, ի՞նչ կմաղթեիք Ձեր գործընկերներին:
– Ես անչափ շնորհակալ եմ Աստծուն, որ իմ ճակատագիրն այս կերպ դասավորվեց: Ետ նայելով անցած ուղուս՝ կարող եմ ասել, որ եթե հնարավոր լիներ նորից ընտրություն կատարելու, կընտրեի նույն ճանապարհը: Ես ուրախ եմ, որ կարողացա ինքնուրույն, առանց հովանավորների, ցույց տալ իմ օգտակարությունն ու այսքան տարի աշխատել պետական համակարգում: Իսկ գործին միշտ վերաբերվել եմ ամենայն պատասխանատվությամբ և նվիրումով: Առիթից օգտվելով՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել պետական համակարգում իմ առաջին ղեկավարին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով ժամանակին ասպիրանտուրան հենց նոր ավարտած երիտասարդին հնարավորություն տվեց դրսևորվել և զգալ հայրենիքին ծառայելու օգտակարությունը: Այդ ժամանակահատվածն իսկապես վճռորոշ էր իմ կյանքում և սկզբունքորեն մեծ նշանակություն ունեցավ իմ՝ թե որպես անհատի, թե որպես մասնագետի կայացման գործում: Կցանկանայի շնորհակալություն հայտնել նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ում հետ հնարավորություն եմ ունեցել աշխատել՝ պետական համակարգում գտնվելուս ողջ 18 տարվա ընթացքում:
Հատկապես գնահատում եմ ինձ կառավարությունում աշխատելու հնարավորություն ընձեռելու նրա որոշումը, որտեղ իմ կաբինետային ռեժիմը փոխարինվեց մարզերում և համայնքներում աշխատանքով: Վերջին վեց տարիների ընթացքում հնարավորություն ունեցա խորությամբ ճանչել մեր հայրենիքը, լինել բազմաթիվ համայնքներում, հասկանալ կոնկրետ տարածաշրջանների առավելություններն ու խնդիրները: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ընկերներիս և գործընկերներիս, տարբեր քաղաքական կուսակցությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների՝ այս տարիների համատեղ աշխատանքի համար: Շնորհակալություն ընտանիքիս, հարազատներիս և մերձավորներիս՝ համբերության և ինձ ամենայն աջակցություն ցուցաբերելու համար: Կցանկանայի հայցել բոլոր նրանց ներողամտությունը, ում հույսերն ու սպասելիքները չեմ արդարացրել: Գործընկերներիս կմաղթեի գործնական հաջողություններ, համբերություն, մեծ նվիրում իրենց աշխատանքին:
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ` 168.am-ի կայքում