Օֆշորային սկանդալի գործով հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանն ու նրան սնանկացման եզրին հասցրած Աշոտ Սուքիասյանը առաջիկայում կրկին կառերեսվեն: Պարոն Հայրապետյանը Aravot.am-ին պատմեց, որ թեեւ արդեն մի քանի անգամ առերեսվել են, բայց այդ գործով իր հարցերը դեռ չեն սպառվել:
Վերջին առերեսումը երեկ է տեղի ունեցել, ու պարոն Հայրապետյանը Աշոտ Սուքիասյանից հետաքրքրվել է, թե ինչ հիմքով է Ամերիաբանկը բիզնես պլան գրել ու ինչ հիմքով են ահռելի մեծ չափով գումարներ նրան տրամադրել. «Պատասխանեց, որ ինքը գնացել է Ամերիաբանկ, վարչապետը զանգել է բանկի սեփականատեր Վարդան Վարդանյանին, որ 12 միլիոն դոլար վարկ տա: Այդ ժամանակ իմ փաստաթղթերն են վերցրել, որ վարկը ձեւակերպեն: Վարկի ձեւակերպման բիզնես ծրագիրը կազմել է բանկի մասնաճյուղերից մեկում, որի տնօրենը Գագիկ Սահակյանն էր: Այդ պահից որոշված է եղել, որ խարդախություն արվի: Բիզնես ծրագրում գրված է, որ Աշոտ Սուքիասյանի հանքում կա տասը հազար տոննա ոսկի, 9 միլիոն 600.000 կարատ ադամանդ՝ տասը մետր խորության վրա: Բայց եթե այդ հարստությունները հաստատված լինեին, կարող էին իմ փաստաթղթերից ոչինչ չվերցնել ու Աշոտ Սուքիասյանին մինչեւ 500 միլիոն դոլար վարկ տալ: Բայց այդ տվյալները իրականությանը չեն համապատասխանել, կեղծ փաստաթղթեր են»:
Պարոն Հայրապետյանի խոսքով, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ առերեսումներ չեն լինելու, քանի որ Աշոտ Սուքիասյանը իր ցուցմունքում պնդել է, որ նրանց անունները գրել է օֆշորային ձեռնարկությունում, որ իր բիզնեսն ապահով լինի: Գործարարը հետաքրքրվել է, թե այդ դեպքում ինչպես է ձեռնարկության գրանցման համար ձեռք բերվել Տիգրան Սարգսյանի ու Նավասարդ Կճոյանի ստորագրությունները եւ քննիչից պահանջել պարզել իսկությունը.
«Դեռ չենք ստացել բնօրինակներ, որ ստուգենք, ասում եմ, մարդ ուղարկեք էդ երկիր ու այդ երկրի լաբորատորիայում կստուգեք, ի՞նչ մի դժվար բան է, որ այս երկու տարի է չեք անում: Ես էլ եմ համոզված, որ նախկին վարչապետն ու երկրի հոգեւոր երկրորդ դեմքը հանցագործներ են, բայց իրենց ձեռնտու չէ բացահայտեն ու դրանով մեր երկիրը քանդում են: Չեն ուզում առերեսում կազմակերպել նրանց հետ»:
Կարդացեք նաև
Պարոն Հայրապետյանը Աշոտ Սուքիասյանի հետ առերեսումներից հասկացել է, որ գործի քննությունից փորձ է արվում հանել Տիգրան Սարգսյանին ու Նավասարդ Կճոյանին. «Փորձում են նրանց ջրից չոր դուրս հանել: Բայց առերեսման ժամանակ Աշոտ Սուքիասյանի ներկայացմամբ դուրս եկավ, որ Տիգրան Սարգսյանն ու Կճոյանը հանցագործության պաշտպաններ են: Աշոտին ասել են՝ դու գնիր, մենք ամեն ինչ կանենք: Եթե իրենք էլ չեն, ապա ձեռնարկությունը գրանցել են տվել, հակառակ դեպքում նման ահռելի գումարներ չէր փոխանցվի»:
Պարոն Հայրապետյանն ասաց նաեւ, որ արդեն ընդդեմ Աշոտ Սուքիասյանի հայց է ներկայացրել մարդու իրավունքների եվրոպական դատարան:
30.07.2010 թ.-ին Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Աշոտ Սուքիասյանի, «Ձորագյուղ» ԱԿ-ի ներկայացուցիչ Աշոտ Սուքիասյանի եւ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջեւ կնքվել է պարտապան չհանդիսացող անձին պատկանող անշարժ գույքի գրավի պայմանագիր, ըստ որի՝ Ջերմուկ քաղաքում գտնվող Փ. Հայրապետյանի համալիրը գրավ է դրվել «Ձորագյուղ» ԱԿ-ի` բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների ապահովման համար դիմումով: Ի դեպ, այս գործը մերժվել է Հայաստանի եռաստիճան դատարաններում: Պարոն Հայրապետյանը իրեն սնանկության հասցրած Աշոտ Սուքիասյանի գործով այլ հայցեր էլ է պատրաստվում եվրոպական դատարան ուղարկել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ