Ոստիկանին քաշքշելու ու հարվածելու համար ձերբակալվել է օրենքով գողի բարեկամը:
Նախորդ օրը գիշերը ժամը 1.30 սահմաններում ծեծկռտուք էր տեղի ունեցել Գյումրու Սևերսկի թաղամասում գտնվող «Ռիո»գիշերային ակումբում: Այսօր Aravot.am-ին որոշակի մանրամասներ հայտնի դարձան գիշերային սկանդալից: Պարզվեց, որ վիճաբանողները եղել են Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնի ոստիկաններից մեկն ու գյումրեցի օրենքով գող Սուրոյի ազգականը` Տիգրան անունով մի երիտասարդ:
Վերջիններիս միջև վիճաբանություն է սկսվել պարելու ժամանակ: Ոստիկանը իր ընկերոջ հետ, որը դարձյալ նույն համակարգում է աշխատում, քաղաքացիական հագուստով այցելել է գիշերային ակումբ: Տիգրանը ևս իր շրջապատի մարդկանց հետ այնտեղ է եղել, կերուխում են արել ու լավ զգացել: Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների տեղեկացմամբ, պարելու ժամանակ ոստիկանը ուսով դիպչել է Տիգրանին: Վերջինս սրանից մեծ պատմություն է սարքել, սկսել է քաշքել ոստիկանին: Երբ ոստիկանը նախազգուշացրել է, որ ինքը ոստիկանության աշխատող է, օրենքով գողի ազգական Տիգրանը սկսել է հեգնել վերջինիս, ավելի թունդ վիճաբանել: Խուլիգանություն կատարելու կասկածով Տիգրանին ձերբակալել են:
Նրան ձերբակալելու լուրը հաստատեցին նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից: Հնչե՞լ են արդյոք կրակոցներ, թե՞ ոչ, ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից վստահեցնում են, որ տեղի է ունեցել ընդամենը վիճաբանություն ու քաշքշոց, որևէ կրակոց չի հնչել: Մեզ դեռ չի հաջողվել պարզել գիշերային ակումբ հաճախած ոստիկանի անուն-ազգանունը: Այն կհրապարակենք ճշտելուն պես:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ