Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Օրագիր իմ եւ բոլորի համար». «Հետաքրքիր մարդ եք, եկել եք էստեղ, ուզում եք Հայաստանի բախտը վճռե՞ք»

Սեպտեմբեր 24,2014 15:00

Չեխիայում բնակվող հայերի հետ հանդիպման ժամանակ
ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը

Դեսպանության դահլիճից տեսաձայնագրող սարքերը դուրս բերվեցին, թույլատրվեց միայն նախագահի անձնական օպերատորին։

Նախագահի մնացած խոսքը մոնոտոն զրույց է. տնտեսական աննախադեպ աճ, արտագաղթի նվազում, հաջողություն արտաքին դիվանագիտության մեջ։ Հետո մեր հարցերն են, նախագահի պատասխանների մասին դատեք ինքներդ։

Լարիսա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ  մեջբերելով Ազնավուրի հարցազրույցից՝ «Շատ չի անցնի, եւ Հայաստանը կդառնա մի դատարկ խեցի, ո՞ւմ է դա ձեռնտու, մեծահարուստ ավազակներին, մի քանի մաֆիոզի՞։ Ես գիտեմ, որ մենք ունենք մի դժբախտ երկրի փոքրիկ կտոր, որն օրեցօր մահանում է», հարցրեց.

-Պարոն նախագահ, եթե համամիտ եք այս կարծիքին, ապա ինչպես կարելի է կանխել օրեցօր ահագնացող արտագաղթն ու սաստկացող աղքատությունը։

-Ես Ազնավուրին շատ եմ հարգում որպես երաժիշտ, բայց նա շատ հեռու է Հայաստանից ու չի տիրապետում իրականությանը։ Ինչ վերաբերում է ահագնացող արտագաղթին, դուք հայոց լեզվի ուսուցիչ եք, բայց լավ չեք հասկացել «ահագնացող» բառի իմաստը։

(Եվ նախագահը շարում է թվեր։ Այսքան ու այսքան տնտեսական աճ, համախառն արտադրանքի ավելացում, որն էլ հանգեցրել է 2012-ին արտագաղթի տեմպերի նվազմանը)։ Դուք համաձայն չե՞ք, որ կյանքը ավելի է լավացել, Երեւանի փողոցներում ավելի լավ են հագնվում։

-Ոչ,- վերջին նստարանից գոռաց Թամարա ՄԵԼՔՈՆՅԱՆԸ։ – Հայաստանը միայն Երեւանը չի, գնացեք գյուղեր ու կտեսնեք ինչ աղքատություն է։

-Ոտքի կանգնեք, տեսնեմ ով եք։ Դուք էստեղ նստած որտեղի՞ց գիտեք։

-Գիտեմ, ինչքան փող ուղարկում էի բարեկամներիս, նույնքան էլ հիմա եմ ուղարկում,- ու նախագահի հետ զուգահեռ խոսում է։

-Թողեք խոսեմ, է, դուք ձեր բարեկամներին մի հարցրեք, է, դուք միջազգային թվերին հավատացեք։ Միջազգային մոնիտորինգի տվյալներն են։ Սրան հավատացեք։

Արմեն ՔՈԼՈՅԱՆ. – Պարոն նախագահ, ձեր ասած թվերը գումարել-հանելով, ստացվեց, որ 2012-ին 38.000 մարդ է լքել երկիրը։ Իսկ դա շատ մեծ թիվ է։

-Եկել էստեղ անհանգստանո՞ւմ եք, վերադարձեք, շատ լինենք։ 2013-ի թվերը դեռ չի հրապարակել մեր վիճվարչությունը։ Կհրապարակի, կտեսնենք։

Բագրատ ԱՌԱՔԵԼՅԱՆ.- Չեմ թաքցնում, ես այսօրվա կազմակերպված ցույցի մասնակիցներից եմ։ Դրսում ապրող հայերի մեծ մասը դեմ է Մաքսային միությանը Հայաստանի միանալուն։ Ինչո՞ւ չհարցրեցիք համայն հայության կարծիքը որոշում ընդունելիս։ Հանրաքվե անցկացնեիք։

– Հետաքրքիր մարդ եք, եկել եք էստեղ, ուզում եք Հայաստանի բախտը վճռե՞ք, Հայաստանում ապրողները թող լուծեն այդ հարցերը, դուք կապ չունեք այդ հարցերի հետ։ Նրանք պիտի որոշեն՝ Հայաստանը Մաքսային միությունում պիտի լինի, թե ոչ։ Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել, դու կարդացե՞լ ես Եվրամիության հետ ազատ առեւտրի պայմանագիրը, ինչ պայմաններ կան։

– Ես չեմ կարդացել, ես ուղղակի երկար ժամանակ ապրել եմ Ռուսաստանում, հետո տեղափոխվել Եվրոպա ու կարող եմ համեմատել։

-Մեր ընտրությունը քաղաքակրթական ընտրություն չի։ Դա ընտրություն է, որ բխում է մեր ժողովրդի տնտեսական շահերից։ Մենք չենք կարող Ազատ առեւտրի պայմանագիր կնքել ու գազը թանկացնել երեք անգամ, հոսանքը։ Եթե պարզվի, որ կոնյակը եվրոպական ստանդարտներին չի համապատասխանում, խաղող չպիտի աճեցնենք, եւ այլն։ Է՞ս եք ուզում։ Էստեղ ենթադրենք մի 5 հոգով բողոքի ցույց արեցիք, դրանով ինչ եք ուզում ասել, որ դուք այստեղ որոշեք, թե մենք այնտեղ ոնց ապրե՞նք։

– Մենք մեր կարծիքն ենք արտահայտել։

-Դուք ձեր կարծիքը ձեր տանը ասեք։ Ես դեռ չգիտեմ դեպք. որ նախագահը գնա բանակցությունների՝ իր բոլոր փաստարկները հրապարակած։ Մենք դեռ ՄՄ անդամ չենք, դեռ 150 օրենքներ պիտի հաստատի խորհրդարանը, իսկ Ազգային ժողովը մեր ժողովրդի ձայնն է։

Serj Sargsyan-ChexiaՀակոբ ԱՍԱՏՐՅԱՆ.- Հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանը ՄՄ-ի միջոցով պայմանագիր ստորագրի ԵՄ հետ՝ ազատ առեւտրի գոտու շուրջ։

– Ուսումնասիրություններ անցկացնող «Էկոիս» ընկերությունը հրապարակել է տվյալներ. Ազատ առեւտրի պայմանագիրը կարճաժամկետ հատվածում կապահովի ՀՀ համախառն ներքին եկամտի 1 տոկոսի աճ, միջին ու երկարաժամկետի դեպքում՝ 2-3 տոկոս։ Դե համեմատեք ապրանքատեսակով: Միայն գազ, բնական ալմաստ, վառելիքաքսուքային նյութեր։ Միայն սրանցից օգուտը մի քանի անգամ ավելի շատ է։ Բացի այդ, ՄՄ անդամ երկրներին Ռուսաստանը 30 տոկոս էժան նավթամթերք է վաճառում, հիմա ինչ անենք, ասենք՝ չէ, կվճարենք ավելի թանկ ու միանանք ասոցացման ծրագրի՞ն։ Չեխիան երկու անգամ ավելի թանկ է վճարում «Գազպրոմին»՝ 1000 խմ-ի համար։ Եվրոպա մենք արտահանում ենք ալյումին, պղնձի եւ մոլիբդենի խտանյութ։ Մենք ինչ այլ պայմանագիր էլ կնքենք, մեկ է, նրանք հաճույքով կընդունեն այդ խտանյութը։ Չեմ կարծում, թե ապագայում էլ կարողանանք Եվրոպայում տարեկան անգամ 150 շիշ կոնյակ վաճառել, իսկ Ռուսաստանում՝ 150 միլիոն շիշ ենք վաճառում։ Մենք օրգանապես կապված ենք ԱՊՀ երկրների տնտեսության հետ, սա է Եվրասիական միություն գնալու պատճառը։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ Եվրոպայում տնտեսական հարաբերությունները 20-30 տարով առաջ են, բայց ինչ անենք, ԱԱՊ կնքենք ու աղքատությունը մեծացնե՞նք երկրում։ Վստահ եմ, որ գալու է ՄՄ-ի միջոցով Եվրոպայի հետ Ազատ առեւտրի գոտի կնքելու ժամանակը։ Դա անխուսափելի է։

Շուշան ՂԱԶԱՐՅԱՆ.- Ես չեմ կարող ձեզ դիմել իբրեւ իմ նախագահի, քանի որ ես ձեզ չեմ ընտրել, այսինքն, ես այդ հնարավորությունից զրկված եմ։ Ուզում եմ հարցնել՝ ե՞րբ է վերականգնվելու արտերկրում ապրող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը։ Չասեք՝ եկեք Հայաստան, ընտրեք։ Ես գերադասում եմ այդ փողը ուղարկել կարիքի մեջ ապրող իմ հարազատներին։

– Իսկապես, բարդ հարց է, քանի որ բոլոր երկրներում չէ, որ ունենք դեսպանատներ, շատացել են երկքաղաքացիները։ Եթե, ասենք, Պրահայում բացենք ընտրատեղամաս, Բռնոյից մեկը կասի՝ էստեղ էլ բացեք։ Կամ՝ ինչպես եք դա պատկերացնում Ռուսաստանի հայերի պարագայում։ Սիբիրից ոնց են գալու Մոսկվա ու Պիտեր, հո ամենուր տեղամաս չե՞նք բացելու։ Ես հասկանում եմ, որ դուք օգնում եք Հայրենիքին տնտեսապես, բայց նախագահի ընտրությունն առաջին հերթին Հայաստանում ապրողի իրավունքն է։ Բայց եթե մենք զարգանանք այնքան, որ ապահովենք թափանցիկություն եւ արդարություն, կարող ենք էլեկտրոնային քվեարկություն ապահովել ու լուծել խնդիրը, բայց դա դժվար է ու ապագայում էլ դժվար է լինելու։

Աննա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ.– Լրատվական դաշտում մենք տանուլ ենք տալիս Ադրբեջանին։ Այսպես շարունակվի, մի օր էլ Արցախը ձեռքներիցս կգնա։ Չի՞ կարելի այստեղ ստեղծել Եվրոպական մամուլի կենտրոն ու ակտիվորեն դիմակայել Ադրբեջանի լրատվական պատերազմին։

-Որտեղից եզրակացրիք, թե Արցախը ձեռքներիցս կգնա։ Եթե այդպես է, Ադրբեջանն ինչու չի ստորագրում վերջին համաձայնագրերը։ Ես չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը, ինչ է Եվրոպական մամուլի կենտրոնը։ Կարծում եմ, որ դա մեզ պետք չի, քանի որ մենք ինֆորմացիոն դաշտում Ադրբեջանին տանուլ չենք տալիս։

Արսեն, գործարար, Բռնո.- Ես ուզում եմ խոսել բիզնեսի մոնոպոլիզացիայի մասին։ Օրինակ, ինչու շաքարը երկրում մեկ մարդ է ներկրում։

-Բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն։

-Ես տրանսպորտի բիզնեսով եմ զբաղվում։ Ասում են, իբր այդ բիզնեսը օգտավետ չի Հայաստանում։ Եթե օգտավետ չի, տվեք ուրիշներին, օրինակ՝ ինձ, ես կլավացնեմ։ Ես փորձ ունեմ, ես կարգուկանոն կստեղծեմ։

-Դու արի Հայաստան, դիր բիզնեսդ ու եթե դժվարություն ունենաս, դիմիր ինձ։

Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆ.- Հեռուստաալիքների ծրագրերը օգտակար չեն, լեզուն ռուսերեն է, գռեհիկ, մանկական հաղորդումները գիշերն են ցուցադրում։

-Հեռուստաալիքների մեծ մասը մասնավոր են, ես իրավունք չունեմ խառնվելու։ Ինչ վերաբերում է «Հ1»-ին, համաձայնեք, որ շատ բան է փոխվել, թարմ ու հետաքրքիր խորագրեր կան։ Կարող է արբանյակայինով ուրիշ բան են հաղորդում, բայց Երեւանում շատ լավ է։

ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Պրահա

«Առավոտ» օրաթերթ
23.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Narine Mkrtchyan says:

    Սերժ Սարգսյանը պրահյան այս հանդիպման ժամանակ ասել է. ՛՛Հայաստանում ապրողները թող լուծեն այդ հարցերը, դուք կապ չունեք այդ հարցերի հետ։ Նրանք պիտի որոշեն՝ Հայաստանը Մաքսային միությունում պիտի լինի, թե ոչ։ Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել, դու կարդացե՞լ ես Եվրամիության հետ ազատ առեւտրի պայմանագիրը, ինչ պայմաններ կան՛՛։
    Երկու հարց ծագեց այդ առումով.
    1. Սերժ Սարգսյանը այդ ե՞րբ է հարցրել հայաստանցիների կարծիքը ՄՄ-ին միանալու մասին:
    2. Էդ. Նալբանդյանն ասում էր թե մի գիշերում չի կայացվել ՄՄ-ին անդամակցելու որոշումը: Հիմա ու՞մ հավատանք:

    ՀԳ
    Մի հարց էլ Շուշանին՝ ե՞րբ է կայացել այս հանդիպումը:

  2. Ընթերցող says:

    “Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել, …”
    Այսինքն ինչ մի գիշերում էք որոշումն ընդունել: Բա էլ ինչ տնտեսական հաշվարկ, ինչ 150 մլն շիշ կոնյակ: Ասեք մի գիշերում զոռել են, մենք էլ որոշումն ընդունել ենք: Հենց դրա համար ենք ասում, որ ձեզ զոռել են, ասեյիք խառնվեյինք:

    “-Բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն։”
    Փոքր երկիրն ինչ կապ ունի, տաս հոգով շաքար ներկրելու հետ: Թեկուզ քսան: Հետո, այո հենց ուզում եմ, որ տաս հոգով ներս կրեն շաքարը: կամ իմ ուզելն ինչ կապ ունի: կամ երևի պետք է ասել մի հոգու (գուցե ձեր?) ուզելն ինչ կապ ունի: շուկայական հարաբերություններ չեն? կարողա կոմունիզմա?

    “-Հեռուստաալիքների մեծ մասը մասնավոր են, ես իրավունք չունեմ խառնվելու։”
    Այդ շաքար ներկրելուց ինչ է, մասնավոր չի, որ ուզում եք “խառնվել” ու որոշել, որ “փոքր երկրում” մի հոգի պետք է ներկրի: Հանկարծ հեռուստատեսությունների դեպքում շուկայական հարաբերությունները դարձան “սրբություն” և չեք ուզում խառնվեք:

  3. ԱՐՇԱԿ ԻԿԻԼԻԿՅԱՆ says:

    Շուշան ջան, դու չես կարողացել ընտրել նախագահին, որովհետև Չեխիայու՛մ ես։ Դե ես է՛լ Դանիայու՛մ եմ, բայց դա չխանգարե՛ց դրանց, որ իմ անունից նախագա՛հ ընտրեն (համացանցում ստուգել եմ և պատճենահանե՛լ)… Ընտրողների ցուցակում իմ անու՛նն էլ կար…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930