Լրահոս
Օրվա լրահոսը

Ընթերականերին երկու հազարական դրամ են տվել, որ ասեն այն, ինչ չեն տեսել

Սեպտեմբեր 20,2014 14:30

«Նոր Արեշ թաղամասում բնակվելու ընթացքում հանդիպել է իր ծանոթներից մեկին, որին հրավիրել է իր տուն եւ միասին ոգելից խմիչքներ են օգտագործել: Ինքը տեղյակ է եղել, որ այդ անձը զբաղվել է գողություններ կատարելով եւ հանդիսացել է ոստիկանության աշխատակիցների գործակալ»,- հայտնել էր ամբաստանյալը:

Քրեական գործով արդարացվել է ամբաստանյալը, ազատվել դատարանի դահլիճից, մեղադրողը բողոք է բերել: Ամբաստանյալի շահերը պաշտպանում է հանրային պաշտպանի գրասենյակի պաշտպան Անժելա Հոբոսյանը:

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում երկար ժամանակ քննության էր դրվել բազմադրվագ մի գործ` Ալեքսանդր Ցվերիանովի գործը:

Նախկինում հինգ անգամ դատապարտված Ալեքսանդրն արգելանքի տակ էր 2012 թ. նոյեմբերի 30-ից, այս տարվա մայիսին փոխվեց նրա կալանքը:

Նախաքննական մարմնի կողմից Ալեքսանդր Ցվերիանովին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա գողություններ կատարելու «մտադրությամբ» 2012 թ. սեպտեմբերից մինչեւ նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Երեւանի տարբեր վարչական շրջաններից կատարել է ուրիշի գույքի գաղտնի հափշտակություններ, ընդհանուր առմամբ՝ 16 դրվագ, տասնչորս տուժողների պատճառելով վնաս:
Ըստ գործի նյութերի, ամբաստանյալ Ա. Ցվերիանովը «շրջել» է Երեւանի Նոր Արեշ թաղամասով եւ նկատելով թիվ 1 տանը կից ավտոտնակը, այնտեղից գողություն կատարելու նպատակով, իր հետ նախապես վերցրած մետաղական ձողի միջոցով կոտրել է ավտոտնակի դարպասի փականը, ապօրինի մուտք գործել ավտոտնակ: Ապա գույք հափշտակելու նպատակով փորձել է ապօրինի մուտք գործել բնակարան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել եւ նույն ճանապարհով հեռանալով ավտոտնակից՝ գաղտնի հափշտակել է մոտ 40. 000 ՀՀ դրամ արժողությամբ էլեկտրական սղոց՝ տուժող Ս. Ադիգյոզալյանին պատճառելով գգալի չափի գույքային վնաս:

Մեկ այլ դրվագով, նա ապօրինի մուտք էր գործել Իզաբելլա Հարությունովային պատկանող ավտոտնակ, այնտեղից գաղտնի հափշտակել 5 պարկ՝ 22.500 ՀՀ դրամ ընդհանուր արժողության կարտոֆիլ` յուրաքանչյուր պարկը 45կգ, 70 բանկա տարբեր տեսակի պահածոներ՝ 100. 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության, էլեկտրական դռել, 15.000 ՀՀ դրամ արժողության 12 հատ խորովածի շիշ, 50.000 ՀՀ դրամ արժողության մեկ հատ ֆրի պատրաստելու սարք, 50.000 ՀՀ դրամ արժողության մեկ արկղ ձմեռային կոշիկներ եւ 60.000 ՀՀ դրամ արժողության 2 հատ մեծ ալյումինե կենցաղային թաս:

Տուժող Սիրանուշ Նիկողոսյանին պատկանող նկուղից էլ Ալեքսանդրը գաղտնի հափշտակել է 5 հատ ալյումինե տարբեր չափերի թասեր, վերջինիս պատճառելով 30. 000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս:

Կենցաղային նախասիրություններ ունեցող Ալեքսանդրը, Երեւանի Մուրացանի փողոցի 192 շենքում կոտրել էր բնակարաններից մեկի (սեփականատեր, գործով տուժող Վարդան Կարապետյան) նկուղի դռան փականի օղակը, մուտք էր գործել նկուղ եւ հափշտակել էր 15.000 ՀՀ դրամ արժողության էլեկտրական սղոց, 10.000 ՀՀ դրամ արժողության պղնձե մալուխներ, 15.000 ՀՀ դրամ արժողության էլեկտրական դռել, 1 հատ 50 լիտր տարողության ալյումինե բիդոն:

Նկուղային նախասիրություններից մեկն ավարտվել էր մեկ այլ դրվագով. Արայիկ Մխիթարյանի նկուղից գողացել էր շինարարական գործիքներ, «Կիռոշկայի» հարթաչափերր, տուժողին պատճառելով 63.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս:
Ըստ մեղադրանքի կողմի, ոչ բոլոր հանցագործություններն են ավարտվել գողությամբ, դրանք ներկայացվել են՝ իբր Ալեքսանդրի կամքից անկախ չեն կատարվել: Սակայն, թե ինչու են տեղ գտել մեղադրանքում, պարզ չէ:

Ըստ գործի նյութերի, 2012 թվականի աշնանը, «գործի քննությամբ ստույգ ամիսը եւ օրը պարզված չէ», ամբաստանյալ Ա. Ցվերիանովը եկել է Երեւանի Ռուբինյանց փողոցի 21 շենք, ապօրինի մուտք է գործել սեփականատեր, գործով տուժող Մարիամ Սուսմանյանին պատկանող նկուղ, այնտեղից հափշտակել չինական արտադրության 10. 000 ՀՀ դրամ արժողությամբ չաշխատող հեռուստացույց, 15. 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության պահածոներ եւ 15.000 ՀՀ դրամ արժողության 2×3մ չափերի գորգ, վերջինիս պատճառելով 40. 000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս:

Գործով տուժող Վալերի Պողոսյանին պատկանող նկուղից նա հափշտակել է 60.000 ՀՀ դրամ արժողության 2 հատ ալյումինե մեծ թաս եւ 20.000 ՀՀ դրամ արժողության 12 հատ խորովածի շիշ:

Առաջադրված մեղադրանքներում ամբաստանյալ Ա.Ցվերիանովը դատարանին հայտնել էր, որ 1996 թ. բնակվում է Հայաստանում: Նա վարձակալական հիմունքներով բնակվել է Նոր Արեշ թաղամասում: Օրերից մի օր իր բջջային հեռախոսահամարին է զանգահարել Կոտայքի մարզի քննիչը եւ կանչել բաժին, հայտնելով, որ իրեն կասկածում են գողություն կատարելու մեջ, սակայն ինքը չի գնացել: «Նոր Արեշ թաղամասում բնակվելու ընթացքում հանդիպել է իր ծանոթներից մեկին, որին հրավիրել է իր տուն եւ միասին ոգելից խմիչքներ են օգտագործել: Ինքը տեղյակ է եղել, որ այդ անձը զբաղվել է գողություններ կատարելով եւ հանդիսացել է ոստիկանության աշխատակիցների գործակալ»,- հայտնել էր ամբաստանյալը:

Ալեքսանդրի ցուցմունքի համաձայն, իրենց խմելու հաջորդ օրը ինքը տանը քնած է եղել, երբ ժամը 7. 30-ին եկել են ոստիկանության աշխատակիցները, բռնել իրեն, ապա խուզարկել տունը. «Դրանից հետո իրեն ձեռնաշղթաներով բերման են ենթարկել Էրեբունու բաժին, որտեղ հարձակվել են իր վրա եւ սկսել ծեծել: Այդ ոստիկաններն են եղել քրեականի պետ Գեւորգ Հակոբյանը, նրա տեղակալ Մամիկոնը եւ եւս երեք ոստիկաններ, որոնցից մեկի անունը Արմեն է, իսկ մյուսինը՝ Արտո: Դրանից հետո, բաժին են բերել մի աղջկա եւ ստիպել իր վրա ցուցմունք տալ, սակայն նա հրաժարվել է սուտ ցուցմունք տալ: Այնուհետեւ, նրանք տեսնելով, որ ինքը ցանկանում է ինքնավնասում կատարել, իր շորերը հանել են, ձեռնաշղթայով կապել աթոռին, սպառնացել բռնաբարել, ապա ցանկացել են շշի վրա նստեցնել, եթե ինքը չասի իրենց ուզածը: Այդ ընթացքում ոստիկաններից մեկը էլեկտրաշոկով խփել է չոքերին, ապա հանել կոշիկները եւ հարվածել ոտքերի տակին: Երբ ինքը համաձայնել է ասել այն ամենը, ինչ նրանք են պահանջում, իրեն օղի են խմեցրել, թարգման հրավիրել, ապա տարել տարբեր հասցեներով եւ իրեն ասել, որ նշված տեղերից գողություններ է կատարել, հայտնելով, որ ինքը մատնացույց անի այդ տեղերը եւ ասի, որ ինքն է այդ տեղերից գողություններ կատարել»: Ըստ ամբաստանյալի, դեպքի վայրերում իր հետ եղել է պաշտպանը, սակայն իրենք եղել են տարբեր մեքենաներում, իսկ «այնտեղ հրավիրված մարդկանց ոստիկանները երկու հազարական դրամ են վճարել, որպեսզի վերջիններս որպես ընթերակա ներկա գտնվեն եւ անեն այն, ինչ նրանք են ասում»:
Ամբաստանյալը 16 դրվագներից եւ որեւէ մեկում իրեն մեղավոր չի ճանաչել, ասել է, որ ինքը չի կատարել, եւ խոստովանել է, որ նախկինում հանցագործություններ կատարել է, սակայն կատարածը միշտ էլ խոստովանել եւ պատիժ է կրել դրանց համար: Ինչ վերաբերում է նախաքննության ընթացքում գրված ցուցմունքներին, ապա «այն պայմանավորված էր նրանով, որ քննիչը այցելել է իր մոտ եւ խնդրել գոնե երկու դրվագով մեղքն ընդունել, հայտնելով, որ կպայմանավորվի բոլորի հետ եւ իրեն կազատեն»: Մնացած դեպքերում ինքը խոստովանական ցուցմունքներ է գրել ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառված խոշտանգումների պատճառով: Ինքը ազատ խոսում է հայերեն, սակայն կարդալ եւ գրել չգիտի, իսկ քննչական գործողություններին քննիչը թարգման եւ պաշտպան չի հրավիրել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930