Լրահոս
Օրվա լրահոսը

Տուն-ինտերնատի 48-ամյա կինը հղի է նույն ինտերնատի 69-ամյա բնակչից

Սեպտեմբեր 17,2014 23:10

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի տուն-ինտերնատի տարեց բնակիչները երեխայի են սպասում: Նյարդահոգեբանական այս տուն-ինտերնատի 48-ամյա մի բնակիչ արդեն 6 ամիս է` հղի է, երեխայի հայրը եւս այս ինտերնատի բնակիչ է, նա 69 տարեկան է:

69-ամյա այս տղամարդն իր սիրո պատմությունը պատմեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին ու այլ հյուրերին, որոնք այսօր աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էին: «Նորաթուխ» հայրիկն ասաց, որ ինտերնատում է ծանոթացել կնոջ հետ ու արդեն 6 տարի է շատ սիրում են միմյանց:

DSC00285

«Ոչ ոք չէր սպասում, որ այդ կինը կհղիանա, բժիշկներն էլ զարմացել էին, ապշել էին, երբ պարզեցին, որ կինն արդեն 6 ամսական հղի է»:

69-ամյա տարեց այս տղամարդը, չնայած շատ ուրախ է, որ սիրելի կնոջից երեխա է ունենալու, սակայն, ինտերնատի աշխատակիցներն ասացին, որ, հավանաբար, նորածնին հնարավոր չի լինի նույն ինտերնատում պահել, երեխային գուցե` մանկատուն տեղափոխեն: Այս տուն-ինտերնատը մասնագիտացված է, բնակիչները հոգեկան խնդիրներ ունեն, ընդ որում, այստեղ բնակվում են 18-ից բարձր անձինք, ուստի նորածնին չի կարելի այստեղ պահել:

Արտեմ Ասատրյանը խոստացավ` հենց երեխան ծնվի, ծնողները նախարարից նվեր կստանան:

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում բնակվում են 450 բնակիչ`350 խնամակալով, շենքային պայմանները, մեղմ ասած` այնքան էլ լավը չէին, վերջին անգամ վերանորոգվել է 7 տարի առաջ. հիմա սկսել են խոհանոցի վերանորոգումը, տղամարդկանց համար նախատեսված մի քանի սանհանգույցներից միայն մեկն է աշխատում,  իսկ լվացքի մեքենաները, կարելի է ասել` «դարն ապրած են»:

Արտեմ Ասատրյանն ասաց, որ տուն-ինտերնատում խնդիրներ կան թե գույքի հետ կապված, թե` խնամքի կազմակերպման: Ըստ նախարարի, այս հաստատության բնակիչների կյանքի որակը բարձրանելու խնդիր կա, խնդիր կա նաեւ` խնամյալների կարիքները հոգալու հարցում: Պարոն Ասատրյանը նորից խոստացավ այս խնդիրները լուծել, բայց դեռ պետք է հանձնաժողով ստեղծվի, գնահատվի ընդհանուր իրավիճակն ու հետո անցնեն գործի` ըստ առաջնահերթության:

DSC00301

Նախարարն, նախարարության մի խումբ աշխատակիցների ու Գեղարքունիքի մարզպետի հետ այցելեցին նաեւ Գավառի մանկատուն, որնի տարբերություն տուն-ինտերնատի, թարմ վերանորոգված էր եւ ապահովված բոլոր անհրաժեշտ պարագաներով: Այս մանկատանն ապրում է 3-18 տարեկան 68 երեխա:

Մանկատան բեռնաթափման մասին, մարզպետարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նախարարն ասաց. «Նախ պետք է տեսնել նախապատրաստական ինչպիսի հիմքեր կան, ինչպես կազմակերպել խնամքը հաստատություններում, սոցիալական աշխատանքը ընտանիքների հետ ինչ հիմքերի վրա են դրված: Դոնոր կազմակերպությունները, որոնք իրականացնում են խնամքը, պետք է իրականացնեն այդ աշխատանքները, որպեսզի այն երեխաները, որոնք ունեն կենսաբանական ընտանիք կամ հարազատներ, հնարավորինս վերադարձվեն ընտանիք»:

Վարդենիս քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի աշխատակիցները նախարարին ասացին, որ համայնքում նեղ մասնագետների կարիք կա. բժիշկներ, հացթուխներ, տարբեր պրոֆիլի բանվորներ:

Արտեմ Ասատրյանն ասաց, որ մարզերում նեղ մասնագետներով ապահովելու համար խթանող որոշակի ծրագրեր պետք է կատարվեն:

Aravot.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս է նախարարությունը խթանում մասնագետներին մարզ ուղարկելու համար, նրանց կեցության եւ վարձատրության հարցն ինչպես է լուծվում, նախարարը վստահեցրեց, որ ավելացրել են լրացուցիչ միջոցներ, ինչի շնորհիվ կվճարեն աշխատավարձերը: Կան մասնագիտություններ, որոնք նվազագույն աշխատավարձի 200%-ի չափով կվարձատրվեն. «Բացի այս, հավելավճար ենք նախատեսել պետական բյուջեից: Այսինքն` այն խնդիրները, որոնք խոչընդոտում էին նախկինում այդ ծրագրերի իրականացմանը, հաշվի ենք առել, եւ դրանցից ամենակարեւորներից մեկը նշում եմ աշխատավարձի խնդիրը, 2-րդ` սոցիալական բնակարանի ինստիտուտի խնդիրն է, որը նոր է ներդրվում, որ կարողանանք ծառայողական բնակարան ունենալ»:

Նշենք, որ սեզոնային զբաղվածության ծրագիրն իրականացնելուց հետո վերջին ամսում,  ըստ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի, Վարդենիս քաղաքում  100- ով ավելացել է գործազուրկներ թիվը:

Անուշ ՄԱԹԵՎԵՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930