Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Ռուսաստանը Եվրոպայի անբաժանելի մասն է

Սեպտեմբեր 08,2014 17:30

Պարզապես այդ երկիրը պարբերաբար շեղվում է իր ինքնությունից

Վերջին մեկ տարվա ընթացքում «հակառուսական» եւ «ռուսատյաց» մակդիրը ձեռք է բերել այնքան լայն իմաստ, որ դրա տակ հասկանում են ոչ միայն Պուտինի իշխանության քննադատներին, այլեւ ցանկացած մարդու, որն ասում է, թե ազատությունն ավելի լավ բան է, քան ստրկությունը, որ իշխանությունը ցանկացած երկրում պետք է ձեւավորվի ընտրությունների միջոցով եւ վերահսկվի հասարակության կողմից, որ կարդալն ավելի լավ է, քան տգիտության ու խավարի մեջ մնալը: Նրանք, ովքեր այստեղ՝ Հայաստանում, իրենց համարում են Ռուսաստանի շահերի պաշտպաններ, երբեմն չափից դուրս շատ են խանդավառվում եւ տարվում են հանդուրժողականությունը, ժողովրդավարությունը եւ կրթությունը «քլնգելով»:

Այդ մտայնությունն, իհարկե, գալիս է Ռուսաստանից, Կրեմլից եւ վերջինիս կողքը խմբված «հայրենասիրական ոգով տոգորված» մտավորականներից: Նրանք ձգտում են ապացուցել, որ Ռուսաստանին պետք է ստրկացած բնակչություն, պետք է ինքնակալ կայսր՝ յուրահատուկ ռուսաստանյան «սամոդուրությամբ» ու պարանոյայով, եւ, մյուս կողմից, պետք չեն լուսավորչություն, սահմանադրություն, ընտրություններ, նոր տեխնոլոգիաներ եւ այլ «փչացած» եվրոպական, իսկ իրականում՝ «ջհուդական» հորինվածքներ: «Մենք ընտրել ենք ուրույն եւ շատ հաջողակ մի ճանապարհ»,- ասում են նրանք:

Ըստ այդ տեսակետի կողմնակիցների՝ Ռուսաստանը Եվրոպա չէ: Թեզը, ինչ խոսք, նոր չէ՝ դրա մասին խոսում են ոչ միայն այսօրվա գաղափարախոսները՝ Դուգինը կամ Ժիրինովսկին: Նույն կարծիքի էր, օրինակ, Ալեքսանդր Երրորդը (ի դեպ, շատ թուլակամ անձնավորություն), որը մինչեւ կայսր դառնալը բացականչել էր՝ «Սահմանադրությո՞ւն: Նրանք ուզում են, որ համառուսաստանյան կայսրը երդվի ինչ-որ անասունների առա՞ջ»: Նման հոխորտանքներն, ինձ թվում է, ուղիղ ճանապարհ են դեպի հեղափոխություն, որի ողբերգական զոհը տասնամյակներ անց դարձավ վերոհիշյալ կայսեր որդին: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Ալեքսանդր Երրորդի հայրը սահմանադրության եւ ժողովրդավարության մասին ճիշտ հակառակ տեսակետն ուներ:

Ժամանակակից ռուս պատմաբան Ալեքսանդր Յանովը իր «Ռուսաստանի ինչի՞ն է պետք Եվրոպան» հոդվածում ապացուցում է, որ Ռուսաստանն ընդհանրապես իր պատմության ընթացքում տատանվում է իր բնական՝ «եվրոպական» վիճակի եւ դրա մերժման միջեւ: Երկիրը, ըստ պատմաբանի, ունեցել է «եվրոպական» ժամանակաշրջաններ, որոնք, սակայն, պարբերաբար ընդհատվել են, խեղվել են հետադիմական, հակաեվրոպական, «հայրենասիրական» հեղաշրջումներով: Ըստ Յանովի՝ այդպիսի «եվրոպական» դարաշրջաններ էին 10-րդ դարից մինչեւ 13-րդ դարերի կեսերը, որն ընդհատվեց թաթարական արշավանքներով, 15-րդ դարի կեսից՝ թաթարական լծից ազատվելուց հետո, մինչեւ 16-րդ դարի կեսերը, երբ թաթարներից կալվածքներ ստացած ռուս ֆեոդալներն ու խավարամիտ կղերականները եկան իշխանութան, «եվրոպական» էր նաեւ Պետրոս Առաջինի բարեփոխումների շրջանը: 19-20-րդ դարերի վայրիվերումների ժամանակ Ռուսաստանը նույնպես ժամանակ առ ժամանակ դրսեւորում էր իր եվրոպական ինքնությունը: Խորհրդային շրջանում այդ ինքնությունը կորավ, Ելցինի ժամանակ դարձյալ փորձեց բացահայտվել (հետխորհրդային քաոսի հետ մեկտեղ), Պուտինի ժամանակ նորից անհետացավ:

Բայց ընդհանուր առմամբ, ըստ հետազոտողի, պատմական զարգացումն ունի նաեւ դրական միտումներ. 1700 թվականին Ռուսաստանից վերացել է ֆունդամենտալիստական եկեղեցին, 1861 թվականին՝ ճորտատիրությունը, 1917 թվականին՝ «կղերական ինքնակալությունը», 1953-ին՝ քաղաքական կռապաշտությունը, 1993-ին՝ համայնքային ստրկությունը: Մնացել է կայսերական պետականությունը: Կասկած կա՞, որ վերջինս նույնպես դատապարտված է:

Ես էլ եմ համոզված, որ ռուսական, ինչպես եւ հայկական ինքնությունը եվրոպական է, այսինքն՝ հիմնված է քրիստոնեության, հունական ժողովրդավարության եւ հռոմեական իրավունքի վրա: Պարզապես այդ ինքնությունը վերջնականապես չի հաստատվել ոչ մեր, ոչ էլ մեր բարեկամ երկրի մշակույթում. Ռուսաստանում պարբերաբար տեղի են ունենում շեղումներ «եվրասիական», բյուզանդական կամ, ավելի պարզ ասած՝ մոնղոլ-թաթարական ուղղությամբ՝ դրանցից բխող բոլոր կործանարար հետեւանքներով: Այս շեղումները հրաշալիորեն ներկայացնում է 19-րդ դարի ռուս պատմաբան Վասիլի Կլուչեւսկին: Չգիտեմ՝ այսօրվա ռուսաստանյան վերնախավը կարդո՞ւմ է նրա աշխատությունները: Համենայնդեպս՝ «ուրույն ճանապարհի» գիտակցության եւ «հայրենասիրական» էյֆորիայից հետո խումհարը ծանր է լինելու: Հուսամ, որ այսօրվա շեղումը կլինի վերջինը: Նույն Կլուչեւսկին գրում էր. «Պատմությունը ոչ մի բան չի սովորեցնում, սակայն դաժանորեն պատժում է՝ դասերը չիմանալու համար»:

…Վերջերս ռուսաստանյան կայքերից մեկում կարդացի նացիստական դատողություններ ՌԴ-ի այն քաղաքացիների մասին, որոնք համարձակվում են քննադատել իշխանությանը եւ, հեղինակի կարծիքով, ազգությամբ հրեա են՝ «հինգերորդ շարասյուն» եւ այլն: Սովորական մեղադրանքներ, որոնք երբեմն Հայաստանում էլ են հնչում: Անսովորն այն էր, որ այդ ռասիստական տեքստը տեղադրված էր tchaykovsky.ru կայքում, որը նվիրված է իմ շատ սիրելի ռուս կոմպոզիտոր Պյոտր Իլյիչ Չայկովսկուն: Նա, իմ կարծիքով, եվրոպացի մեծագույն կոմպոզիտոր է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ռուսաստանում այդ «շեղումները» այնքան շատ են եղել,որ արդեն դարձել են օրինաչափություն: Այդ «շեղումների» ժամանակ/հետևանքով ՏԱՍՆՅԱԿ միլիոնավոր անմեղ մարդիկ են մահացել/սպանվել, որոնց թվում առնվազն 2 մլն հայ: Ռուսաստանը քանի դեռ մասնատված չէ, նույնն է լինելու: Ռուսը հային ՉՊԻՏԻ ՀԵՏԱՔՐՔՐԻ. նրանք մեր հարևանները չեն. ոչ էլ հայի լավն են ցանկանում: Հայաստանը Ռուսաստանի հետ պիտի ունենա նորմալ հարաբերություններ. բայց ո՛չ ավելին:

  2. Հրանտ Պապիկյան says:

    Չգիտեմ ում համար է գրված կամ ում է հասցեագրված այս հոդվածը, բայց այդքան պրիմիտիվ զանգվածները, որոնք այս մտքերը հալած յուղի տեղ կընդունեին՝ որպես կանոն թերթ չեն կարդում, առավել ևս էլեկտրոնային տարբերակով: Հետևաբար գրված է для галочки))):
    Բայց իրոք հա՞… ազատությունը ավելի լավ է ստրկությունի՞ց… կարդալն էլ տգիտությունից է լա՞վ…Փաստորեն եվրոպան մեզ դա է ասու՞մ… ու ով դա չի հասկանում, այ հենց դրանք էլ Ռուսաստանի համակիրնե՞րն են: Ինչ ամոթ ա իսկականից, քանի որ ես հաստատ այս վերջին խմբին եմ պատկանում))))))))))))))
    Առաջարկում եմ բոլոր նրանց, ովքեր իմ հետ այդ ամոթալի խմբում են, չմասնակցել հետագա քննարկմանը՝ քննարկման եզրեր չլինելու պատճառով, և դաշտը թողնել կտրիճներին՝ իրենց գուլագա- ստալինական մղձավանջներով և ՀՆԱ-ի գրաֆիկներով: Հեսա տղերքը կգան, մի լավ կքլնգեն Ռուսական ամեն ինչ, բացի Չայկովսկուց ու լավ երեկո կանցկացնեն, իսկ ես գնամ ДНР-ի ու ЛНР-ի սայտերը, տեսնեմ էդ խեղճ մարդիկ այս երեք օր է ինչպես են ապրում առանց եվրոպամետ ՊԱՏՌԱՇԵՆԿՈՅԻ մահաբեր ռումբերի….

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ինչո՞ւ միայն Չայկովսկին: Պետրոս Առաջինը, Ալեքսանդր Առաջինը, Ալեքսանդր Երկրորդը: Որ ժամանակ գտնեք, կարդացեք Վասիլի Կլյուչեւսկու հիմնական աշխատությունը: https://www.kulichki.com/inkwell/text/special/history/kluch/kluchlec.htm Ինչ մնում է Պորոշենկոյին, ապա նա, ինչպես եւ Պուտինը, նույն, Ձեր ասած, գուլագա-ստալինյան մղձավանջի ծնունդն է:

  3. Ceyran says:

    Պարոն Աբրահամյան,կան ժողովուրդներ,որոնք կարող են նորմալ ապրել,աշխատել դիկտատորական իշխանության պայմաններում՝արաբական երկրների մեծ մասը՝Լիբիան,Եգիպտոսը, Սիրիան,Միջինասիական երկրները,նաև Ռուսաստանը,Ադրբեջանը…:Այդ երկրներում եվրոպական չափանիշները պետք է զարգանան աստիճանաբար,տասնյակ,հարյուրավոր տարիների ընթացքում,այլ ոչ թե միանգամից՝դրսի թելադրանքով:Իսկ թե ինչպիսի արդյունքներ տվեցին այդ թելադրանքները՜արդեն երևում է :եվրոպան էլ այսօրվա մակարդակին հասել է 3-4 հարյուր տարվա ընթացքում,այդ ճանապարհին ցուցաբերելով հակամարդկային տարբեր դրսևորումներ՝գաղութատիրություն,ստրկատիրություն,ֆաշիզմ,հեղափոխություններ..:Այնպես,որ մենք էլ զարգացման կես ճանապարհին ենք և երկար ուղի ունենք անցնելու մինչև Եվրոպա:Ինչ վերաբերում է մենք ասիացի ենք, թե եվրոպացի՝կասեմ եվրոպացի ենք ասիացու փոխանով՝ինչպես փոխանն է ծածկում ասիացու ամոթույքները,այնպես էլ եվրոպական չափանիշներով օրենքներն են ծածկում մեր իրական կյանքի ,,ամոթույքները,,:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930