«Մաքսային միությունը, բնականաբար, մեկ երկիր չէ, և ես ինչ-որ տեղ համաձայն եմ այն կարծիքին, որ երևի թե բոլորը ուրախ չեն: Մենք փոքր, խնդիրներ ունեցող երկիր ենք, և, բնականաբար, ցանկացած միության անդամակցելը որոշակի խնդիրներ է առաջացնում նաև այդ միության անդամների համար»,- Aravot.am-ի հարցին՝ այնպիսի տպավորություն է, որ Մաքսային միությունում ուրախ չեն մեզ տեսնել. որտեղի՞ց այդ տպավորությունը և արդյոք տեղի՞ն է այն, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Բազե-2014» հավաքի փակման արարողությանը՝ Լրագրողների ջոկատի անդամ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Շարունակելով` նախագահը շեշտեց. «Մյուս կողմից էլ, այնպես չէ, որ Մաքսային միության բոլոր անդամները չեն ցանկանում: Եթե չցանկանային, ուղղակի վետո կդնեին այս խնդրի վրա, և այն առաջ չէր շարժվի»:
Պարոն Սարգսյանը հայտարարեց, թե իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, իբր թե մեզ ստիպում են, որ գլխապտույտ արագությամբ դառնանք Մաքսային միության անդամ: Այնուհետև նախագահը մանրամասնեց. «Այն, ինչի համար մեր հասարակության մի մասը մեզ մեղադրում է, և ասում՝ ինչո՞ւ են մեզ տանում այնտեղ՝ մեզնով է պայմանավորված, և ոչ թե որևէ մեկի ցանկությամբ կամ պնդումներով: Այնպես որ, նորմալ է. դա էլ է մեր երկրի զարգացման համար կարևոր մի շրջափուլ: Շատ բան է մեր երկրում փոխվելու: Որևէ խնդիր չունեմ, ոչ այն մարդկանց հետ, որոնք քննադատում են, ոչ էլ նրանց հետ, ովքեր ամուր պաշտպանում են այդ գաղափարը: Ժամանակը ցույց կտա, և բոլորը կտեսնեն, թե ով է լինելու ճիշտը»:
Պատասխանը եզրափակելով՝ ՀՀ նախագահը որպես օրինակ բերեց ՀՀ անկախության հռչակագիրը՝ նշելով, թե «շատ մարդիկ կասկածներ ունեին, բայց քսանչորս տարի է անցել՝ չնայած բարդություններին և դժվարություններին, մեր երկրի ընթացքը հաստատուն է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև