Հայաստանի եւ Թուրքիայի դպրոցներում աշխատող ուսուցիչների մի մեծ խումբ այս օրերին մասնակցում է ՀՔԱ Թուրքիայի կոմիտեի եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպած հավաքին` «Կամաց-կամաց-yavaş yavaş» ծրագրի շրջանակում Թուրքիայում տեղի ունեցած հայկական ջարդերի հարցը քննարկելու, միմյանց ճանաչելու, հայերի ցեղասպանության մասին ճշգրիտ տեղեկությունը Թուրքիայի դպրոցականներին հասցնելու ելքեր եւ շփման եզրեր գտնելու նպատակով:
Թուրքական կողմից հանդիպմանը մասնակցում են երկրի խոշոր ու փոքր քաղաքների եւ գյուղերի դպրոցներում աշխատող ուսուցիչներ, որոնցից շատերը ոչ միայն աղոտ, այլ առհասարակ որեւէ պատկերացում չունեին 1915 թվականին տեղ ունեցած ցեղասպանության մասին: Ովքեր էլ տեղյակ էին պատմությանը, միայն Հրանտ Դինքի սպանությունից հետո, որը նրանց համար խթան է հանդիսացել տեղեկություններ փնտրելու ու մանրամասներին ծանոթանալու համար:
6 օր տեւողությամբ այս ծրագիրը ներառում է Թուրքիայում եւ աշխարհում հայտնի թուրք եւ հայ գործիչների` Մուրադ Բելգեի, Ումիթ Քուրթի, Զաքարյա Միլդանօղլուի, Էդվարդ Տանձիկյանի եւ այլոց դասախոսությունները հայերի ցեղասպանության մասին, որոնց զուգահեռ ընթանում էին քննարկումներ:
Թուրքիայում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության համատեքստում հայերի ցեղասպանության ժխտման փաստը, որպես երկու ժողովուրդների միջեւ բարեկամական կամուրջներ կառուցելու հիմնական խոչընդոտ, ըստ բոլոր դասախոսների հնարավոր է վերացնել երկու հիմնական հարթությունում` Թուրքիայի քաղաքացիների շրջանում պատմական ճշմարտությունը տարածելու եւ հանրային կարծիք ձեւավորելու միջոցով, ինչպես նաեւ իշխանությունների ստանձնած բիրտ ու մերժողական քաղաքական կուրսի վրա ազդելու նպատակով:
Կարդացեք նաև
Տեղեկացնեմ, որ իրենց հայրենակիցների, (այդ թվում եւ հայ) դասախոսություններն ու կարծիքները լսելով, թուրք ուսուցիչներից շատերը շոկային ապրումներ ունեցան: Իրենց հայ գործընկերների հետ առերեսվելու, նրանց հետ շփվելու ու նրանց կարծիքները լսելու հանգամանքը հուզական մթնոլորտ էր առաջացրել: «Հայկական հետքերը Թուրքիայում» թեմայով Զաքարյա Միլդանօղլուի դասախոսությունից հետո, թուրք մասնակիցները հուզվել էին ու այդ հուզմունքը շղթայական էր: Բուրսայի միջնակարգ դպրոցներից մեկի թուրքերեն լեզվի երիտասարդ ուսուցիչ Սեզեր Դեմիրը քննարկումների ընթացքում չկարողացավ զսպել հուզմունքը: «Այն, ինչ ուզում եմ ասել, չգիտեմ որքանով կապ ունի այստեղ հնչող դասախոսությունների կոնկրետ թեմաների հետ, բայց ուզում եմ արտահայտվել:
Մեզ միմյանցից սոսկալի պատմություն է բաժանում ու այդ պատմության պատճառով փակված սահման, բայց չէ՞ որ մենք մի տան մեջ ենք ապրել հայերի հետ, սա մեր ընդհանուր տունն է ու այդ տան պատերին կախված են սոսկալի պատկերներով նկարներ, դիակ կա այդ տանը: Ինչպե՞ս է հնարավոր ապրել այդպիսի տանը, ինչպե՞ս է հնարավոր մաքրել այդ տունը ու դարձնել լուսավոր, ինչպե՞ս է հնարավոր կրել այդ ծանր բեռը, որը մեր նախնիներից փոխանցվել է մեզ…»,- հուզմունքը խեղդեց նրան ու երիտասարդը դուրս եկավ դահլիճից: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ հայկական ջարդերի մասին տեղեկություններ մինչ այս հանդիպումն էլ է ունեցել, քանի որ Թուրքիայում, բացի պետական տեղեկատվությունից ու պատմության դասագրքերում նշված միակողմանի արձանագրություններից, շշուկով խոսում են:
Սեզերը խոստովանեց, որ հայերի հարցի մասին լուրջ հետաքրքրվել է Հրանտ Դինքի սպանությունից հետո եւ արդեն ինքնուրույն է փորձել պատմական տեղեկություններ ու փաստագրություններ որոնել, սակայն հայերի հետ նման ձեւաչափի մեջ առերեսվում է առաջին անգամ ու այս փորձը նրա համար մի կողմից շատ ծանր է, մյուս կողմից, անշուշտ, կարեւոր ոչ միայն հավելյալ տեղեկություններ ստանալու, այլ խնդիրը զգալու առումով:
Մեր հարցին` կկարողանա՞ կիրառել այս ամառային դպրոցում ստացած գիտելիքներն ու փորձը իր աշխատավայրում, Սեզերը պատասխանեց. «Իմ կրթական թեմայի շրջանակում` ոչ, որովհետեւ ես թուրքերեն լեզու եմ դասավանդում, իսկ ահա իմ շրջապատում, անշուշտ, կխոսեմ ցեղասպանության մասին: Հույս ունեմ, որ ցեղասպանության հարյուրամյակի օրերին Թուրքիայում թեման շատ կակտիվանա եւ իմ աշակերտները կհետաքրքրվեն հարցով: Այդ ժամանակ արդեն, ես կկարողանամ նրանց փոխանցել իմ տեղեկություններն ու կարծիքը»:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով ստեղծված վերոնշյալ հանդիպմանը մասնակցող թուրք ուսուցիչները (ի դեպ, թուրք ուսուցիչ ասելով նկատի ունեմ Թուրքիայի քաղաքացիներ իմաստով, քանի որ նրանց մեջ կար քուրդ, լազ, արաբ, հայեր եւ այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ, թեպետ մասնակիցների գերակա մասը էթնիկ թուրքեր էին) մեզանից ներողություն էին խնդրում, գտնվելով հուզական ու անհարմար վիճակում ու նրանց հուզմունքը մեզ էր փոխանցվում, քանի որ մարդկային շփման հարթությունում ակնհայտ է դառնում, որ պետական պրոպագանդայի ճնշման տակ կառուցված անջրպետներն են մարդկային հարաբերությունների խզման հիմնական պատճառը:
«Ես չգիտեմ ի՞նչ անեմ հիմա, ի՞նչ մտածեմ, ես ինչպե՞ս պիտի կրեմ այս ծանր բեռը: Մեզ մանկուց միշտ ասել են, որ հայերը վատն են, որ նրանք են մեզ սպանել, որ նրանք մեզ ատում են եւ մենք այդ ծանր բեռը շալակներիս մեծացել ենք: Ես շատ վատ եմ ինձ զգում, ամոթի զգացում ունեմ, ուզում եմ ներողություն գոռալ: Բայց ամենաահավորը դա չէ, ես պիտի վերադառնամ իմ գյուղը, որտեղ ապրում է պետական պրոպագանդայի միջոցով հայերի նկատմամբ բացասական կամ լավագույն դեպքում անտարբեր վերաբերմունք ունեցող համայնք:
Ես ինչպե՞ս եմ մտնելու դպրոց ու իմ աշակերտներին պատմելու ճշմարտությունը…բացի հոգեբանական խնդրից, կա նաեւ այլ խնդիր` մենք դպրոցում դասավանդում ենք պետության կողմից հաստատված խիստ ծրագրով»,- ինձ հետ զրույցում մտահոգությունը կիսեց Թուրքիայի հեռավոր գյուղերից մեկից եկած Իսմայիլ Կիրմիզին, որը սուննի մուսուլման էր եւ խիստ ընտանիքում մեծացած:
Բայց անկախ իրենց առջեւ ծառացած բարդ հոգեբանական ու իրավական խնդիրներից, մեր թուրք գործընկերները միաբերան նշում էին, որ շատ են կարեւորում հանդիպումը եւ ուրախ են, որ կամաց-կամաց հալվում է այս սառույցն ու հայերի հետ հաշտվելու եւ միգուցե բարեկամանալու միտումներ են նկատվում:
Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ
Ստամբուլ
«Առավոտ» օրաթերթ
16.08.2014թ.