Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հաշմանդամ երեխաներին մանկատուն են տանում ոչ այնքան դժվարություններից, որքան՝ հասարակության պարսավանքից խուսափելու համար

Օգոստոս 07,2014 13:19

Սայլակի վրա նստած Մարսելի աչքերից ճառագող լույսը հաղորդակցման միակ ձևն է, որով նա փորձում է շփվել մարդկանց հետ: Հայացքը խորն է, բառերն ասես շաղախված են աչքերում, հայացքում ամբողջանում է ցանկությունը և 8-ամյա տղան փորձում է դիմացինին հասցնել ասելիքը:

Մարսելը մեկն է այն 286 ֆիզիկական և մտավոր ծանր խնդիրներ ունեցող երեխաներից, ովքեր ապրում են Խարբերդի մասնագիտացված մանկատանը՝ իրենց ինքնատիպ ու հետաքրքիր աշխարհով: Նրանց մեծ մասին այստեղ են տեղափոխել Գյումրիի մանկատնից: Երբ ժպտում ես Մարսելին, նրա աչքերը փայլում են ուրախությունից ու ձեռքերն անկանոն շարժումներով երկարացնելով, փորձում է հպվել քեզ ու կոտրել հոգում կուտակված մենակությունը:

Մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանն ասում է, որ Մարսելին մայրը այցելում է տարին մեկ անգամ, չնայած որ ծնողների մեծ մասը չեն այցելում մանկատանը թողած իրենց երեխաներին: Ընդամենը 6-7 ծնող է, որ ամեն շաբաթ տեսակցում է իր երեխային, իսկ 25-30 տոկոսը այցելում են տարին մեկ անգամ:

Մանկատանը ապրող երեխաները ամենատարբեր խնդիրներով են՝մանկական ուղեղային կաթվածով, ոսկրային, մկանային խանգարումներով, հենաշարժողական, լսողական, տեսողական և հաղորդակցման խնդիրներով, ինչպես նաև աուտիստիկ խնդիրներով:
Այս երեխաների 70 տոկոսը լրացուցիչ խնամքի կարիք ունի, քանի որ զրկված են ինքնուրույն շարժվելու ունակությունից: Մանկատունը նախատեսված է 6-18 տարեկան երեխաների համար, սակայն նրանց կեսից ավելին շարունակում են այստեղ ապրել, անգամ չափահաս դառնալուց հետո, քանի որ մանկատան պատերից այն կողմ՝ նրանց ոչ ոք չի սպասում: Իսկ հասարակությունում ինտեգրվելու համար՝ բազմաթիվ խնդիրների են բախվում:

Ըստ Բալասանյանի, ծնողներից շատերը նման խնդիրներ ունեցող երեխաներին մինչև 6-7 տարեկանը պահում են տանը՝ պայքարի ամբողջ հոգսը միայնակ կրելով իրենց ուսերին:
«Ամբողջ հասարակությունը պետք է կանգնած լինի նման ընտանիքների կողքին, որպեսզի իրենց միայնակ ու մերժված չզգան: Ցավոք սրտի, այդ մշակույթը բացակայում է մեր երկրում: Իսկ մտավոր խնդիրներ ունեցող երեխայի հետ ոչ ճիշտ վարվելու արդյունքում լուրջ վարքային խնդիրներ են առաջանում: Շատ հաճախ շենքում ապրող բնակիչները սկսում են բողոքել տարբեր տեղեր, որ իրենց երեխաները չեն կարողանում քնել, բակում չեն կարողանում հանգիստ խաղալ, որ խնդիր ունեցող երեխան կծում է իրենց երեխաներին, կամ ջարդում, փշրում է ձեռքի տակ եղածը: Ծնողները ստիպված այդ երեխաներին բերում են մանկատուն» ,-ասում է Բալասանյանը:

Մանկատան դաստիարակները նշում են, որ այս երեխաները հենց ծնված օրվանից մասնագիտական լուրջ մոտեցման կարիք ունեն թե՛ բժշկական, թե՛ ուսումնադաստիարակչական տեսանկյունից:

«Բայց շատ հաճախ հենց ծննդատնից բժշկական ծառայություն մատուցող հաստատության աշխատակիցների վերաբերմունքն է ուղղորդում ծնողներին՝ արատ ունեցող երեխաներին լքել: Ծննդատան աշխատողներն ասում են. «այս երեխայից երեխա դուրս չի գա, թողեք, մենք կուղարկենք մանկատուն» ու այդ շոկային վիճակի մեջ ծնողներից շատերը լքում են երեխային հենց հիվանդանոցում»,-ասում է Բալասանյանը:
Հենաշարժողական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար հասարակության մեջ ինտեգրվելու ամենամեծ խնդիրը հաճախ այն է, որ ծնողները շատ փակ են մեծացնում երեխաներին և չեն մտածում, որ երեխայի հետ լուրջ մասնագիտական աշխատանք պետք է տարվի:

«Ոչ միայն տարիներով երեխայի հետ աշխատելու խնդիր կա, այլև ծնողների, նույնիսկ ընտանիքի մյուս երեխաների հետ, որպեսզի ճիշտ փոխհարաբերություն ձևավորվի հաշմանդամություն ունեցող երեխայի ու ընտանիքի անդամների միջև: Հակառակ դեպքում՝ երեխան անընդհատ մեղքի զգացողություն է ունենում, որ ուրիշները իր պատճառով տխուր են, դժբախտ են, և այդ ամենը նրա վնասված հոգեկան աշխարհի վրա շատ արագ ավերածություններ է առաջացնում»,-ասում է Բալասանյանը:

Մանկատանը ապրող երեխաների հմտությունները որոշակիորեն զարգացնելու համար նրանց տարբեր խմբակներում են ընդգրկում՝ կարպետագործության, գոբելենի, մաքրամեի, ուլունքագործության, կավագործության, նկարչության և այլն:

Նրանցից շատերի հետ մանկավարժներն անցկացնում են սիմվոլներով հաղորդակցման դասընթացներ, ոմանք ընդգրկված են ձիաբուժության խմբում, իսկ երեխաներից մի քանիսը անցնում են խոհանոցային թերապիա, որի շնորհիվ սովորում են ուտեստներ պատրաստել:
Մանկատանը ապրող 10-ամյա Վարդիբեկը ցույց է տալիս հայկական դրոշի գույներով գործած իր թևնոցները, որոնք ստեղծվել են նրա՝ թերի զարգացած մատների հմտության շնորհիվ:

Նա ունի ապերտի սինդրոմ, այսինքն՝ ոտքերի և ձեռքերի թերի զարգացում: Մանկատան տնօրենը պատմում է, որ երեխայի մի ձեռքը մեկ տարի առաջ են վիրահատել ու առանձնացրել երեք մատները: Մինչ այդ նրա 5 մատն էլ կպած է եղել իրար: Երեխան այժմ գործում է մեկ ձեռքով, քանի որ մյուս դաստակը դեռ չեն վիրահատել:
Սակայն դա ամենևին չի խանգարում նրան: 10-ամյա տղան, սահեցնելով մատները գույնզգույն թելերի արանքով, ստեղծում է նախշազարդ պատկերներ ու դրանով կարծես երկրորդ կյանք տալիս իր ձեռքերին:

Մանկավարժ-լոգոպետ Սոնա Շահնազարյանը, ով աշխատում է հենաշարժողական խնդիրներ ունեցող 18 երեխայի հետ, ասում է, որ ամենակարևորը այն է, որ երեխաները սիրված լինեն:

«Իրենց բոլոր պահանջները պետք է բավարարվեն: Որքան կարողանում ենք օգնում ենք, հեշտացնում ենք նրանց առօրյան: Ինչի, որ ընդունակ են, փորձում ենք հենց այդ կարողությունները զարգացնել, իրենց ինքնասպասարկումը բարձրացնել»,-ասում է Շահնազարյանը:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում ապրում է 8000 հաշմանդամություն ունեցող երեխա: Նրանցից 560-ը գտնվում են երեք մասնագիտացված մանկատներում՝ Գյումրու «Երեխաների տանը» (0-6 տարեկան երեխաների համար), Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը (6-18 տարեկանների համար) և Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը:

PrevPhoto
NextPhoto

18 տարին լրանալուց հետո հարյուրավոր երեխաներից ընդամենը մեկը կարող է բախտ ունենալ վերադառնալու ընտանիք: Նրանց մեծ մասին շարունակում են պահել մանկատանը, իսկ 4-5 չափահաս երեխայի տարեկան ուղարկում են հոգեբուժարան տուն –ինտերնատներ:

«Արմաշի հոգեբուժարանի ներսում մի քանի պալատ բացեցին 18–ն անց երեխաների համար, որ գնան բուժվեն, բայց դա միանգամայն այն չէր, ինչ մենք կանխատեսում էինք: Այս երեխաների հետ մենակ հոգեբույժը չէ, որ պետք է աշխատի և մահճակալային պայմաններում հոգեկան հիվանդների հետ: Այնտեղ լուրջ խնդիրներ ենք մենք տեսնում այդ երեխաների համար, մինչդեռ նրանց ամբողջ կյանքի ընթացքում մասնագիտական լուրջ մոտեցում է պետք»,-ասում է Բալասանյանը:

Այսօր մանկատան 286 սաներից 165-ը՝ տասնութ տարին անց են: Ամենամեծը 40 տարեկան է:

«Ցավոք սրտի, մեր հանրապետությունում այս խնդիրը լողում է ՀՀ առողջապահության նախարարության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև: Կարծես թե միջգերատեսչական որոշում պետք է կայացվի, որ ինչ– որ կենտրոն ստեղծվի այդ երեխաների հետ մասնագիտորեն աշխատելու համար, այլապես նրանց մեծ մասը դառնում է չափահաս ու ստիպված մնում մեզ մոտ: Մենք մեծ դժվարությամբ ենք տեղավորում նրանց, քանի որ մեզ մոտ պայմանները չեն բավարարում»,-ասում է Բալասանյանը:

Նրանք հիմնականում մանկատան այգում մաքրման և այգեգործական աշխատանքներ են կատարում:

Հասարակության մեջ ինտեգրումն ապահովելու համար մանկատունը ծրագրեր է իրականացնում։ Արդեն շուրջ 10 երեխա հաճախում է Խարբերդում գտնվող ներառական դպրոց, երկուսը՝ կույրերի դպրոց: 30 երեխա այցելում է Կատինյանի գնահատման կենտրոն, որտեղ ուսումնական դասընթացներ են անցկացվում:

Պայմանավորվածություն ունեն նաև Մալաթիա– Սեբաստիա վարչական շրջանի՝ հանրապետական N 2 հատուկ կրթահամալիրի հետ, որտեղ մտավոր խնդիրներ ունեցող երեխաներից 15-ը պետք է այցելեն արհեստագործական մասնագիտություններ սովորելու համար՝ վարսավիրություն, այգեգործություն, գորգագործություն:

«Սա նոր ծրագիր է, քանի որ առաջ ոչ մեկը չէր համաձայնում նման երեխաներին ուսումնական հաստատություն ընդունել: Բայց մենք երեխաներ ունենք, որոնց մտավոր ունակություններն ու ինքնուրույնությունը բավարար է կրթություն ստանալու համար,-ասում է Բալասանյանը,- Հիմա արդեն նախնական պայմանավորվածություն ունենք, որ 5 չափահաս երեխայի ուղարկենք Երևանի թեթև արդյունաբերության քոլեջում կոշկակարության դասերի: Այստեղ սենյակներ ենք պատրաստել, որ գան ու կոշիկներ պատրաստեն: Գուցե հետագայում դա մի կտոր հացի խնդիր լուծի իրենց համար»:

ԼԻԼԻԹ Առաքելյան
Լուսանկարները՝ Նելլի Շիշմանյանի

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն
Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան
Հեռախոս: +37498 566 886
Էլ. հասցե: [email protected]
Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200 Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031