Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքում հայեցի կրթության ու դաստիարակության խնդիրները կքննարկվեն կրթական քառօրյա խորհրդաժողովում

Օգոստոս 04,2014 16:25

ՀՀ կրթության և գիտության նախարարության (ՀՀ ԿԳ) նախաձեռնությամբ օգոստոսի 4-8-ը Աղվերանում կանցկացվի Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովը, որին մասնակցում են Սփյուռքի համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ, խորհրդաժողովին մասնակցում է 134 ներկայացուցիչ՝ 19 երկրից:

Հիշեցնենք, որ Համահայկական կրթական խորհրդաժողովն առաջին անգամ անցկացվել է 2004 թ., որին մասնակցել է 25 երկրի 125 ներկայացուցիչ:

Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, երկամյա պարբերականությամբ գումարվող խորհրդաժողովները նպատակ ունեն քննարկելու արտերկրի հայկական կրթօջախներում առկա խնդիրները, հստակեցնելու կրթության ոլորտում Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված քայլերը և այլն. «Խորհրդաժողովը մեկ հարկի տակ է միավորել սփյուռքի հայկական կրթօջախների ներկայացուցիչների, հոգաբարձուների խորհրդի անդամների, տնօրենների, ուսուցիչների՝ միասին քննարկելու Հայաստան-սփյուռք համագործակցության խնդիրները կրթության ոլորտում, Հայաստանում ընթացող բարեփոխումները, Սփյուռքի հայկական դպրոցների, հայեցի կրթության և դաստիարակության խնդիրները»,- հստակեցրեց Կ. Հարությունյանը և հավելեց, որ այս տարվա խորհրդաժողովն ամբողջությամբ նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպվող դպրոցական միջոցառումների անցկացման և համապատասխան նյութի դասավանդման խնդիրներին:

Ըստ ԿԳ նախարարի տեղակալի՝ խորհրդաժողովը բավականին արդյունավետ է փոխշփումների, համատեղ ծրագրերի մշակման և համագործակցության խորացման տեսանկյունից:

Նյու Յորքի Ուայթ-Փլեյնս քաղաքի Ս. Գր. Լուսավորիչ մեկօրյա վարժարանի ուսուցչուհի Եվա Քոչյանը, որը հաճախ է մասնակցում հայրենիքում կազմակերպվող նմանատիպ խորհրդաժողովների, ասում է, որ ամեն անգամ մեծ ակնկալիքներով է մասնակցում դրանց. «Ես ուզում եմ իմանալ, թե ինչպես կարող եմ շաբաթվա մեջ ընդամենը մեկ օրում համակողմանի գիտելիքներ տալ իմ աշակերտներին,- ասում է ուսուցչուհին,- դա շատ դժվար է, մանավանդ այն երեխայի դեպքում, որի ծնողներից մեկը հայ է, մյուսը՝ օտարերկրացի: Այդ երեխան տանը գրեթե հայերեն բառ չի լսում: Նա շաբաթական հինգ օր գնում է ամերիկյան դպրոց և միայն մեկ օր՝ հայկական: Պատկերացնո՞ւմ եք՝ որքան դժվար է նման երեխային մեկօրյա դպրոցում մեր լեզուն ու մշակույթը սովորեցնելը»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031