Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիևը խայտառակ է եղել, դեմքն է փրկում». Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել

Օգոստոս 03,2014 15:26

«Այս հայտարարություններն ավելի շատ ներքին լսարանի համար են: Ալիևը դեմքը փրկելու խնդիր ունի: Նա իր ժողովրդին պիտի պատասխան տա՝ այդ մսխված միլիոնավոր դոլարների գինը քանի՞ մարդու լեշ է արժեցել:

Դա՞ է ձեր բանակը, դա՞ է ձեր սպան: Ապացուցվեց, որ կացնահարող, մարդասպան սպան բանակի սպա չէ, մարդասպանների բանակը ամբոխ է»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությանը՝ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Հիշեցնենք, որ այսօր տարածված հայտարարությամբ պաշտոնական Բաքուն կոչ է անում միջազգային հանրությանը պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ շփման գծում վերջին շրջանում իրականացված «սադրիչ քայլերի համար»: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է «Հայաստանի դիվերսիոն-հետախուզական խմբերը բազմիցս փորձել են հատել շփման գիծը: Հայկական կողմի այդ սադրիչ գործողությունները հանգեցրել են շփման գծի ողջ երկայնքով լարվածության աճի և մարդկային մեծ կորուստների: Ստեղծված վտանգավոր դրության ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Երևանի վրա, որը կարգարդրել է կազմակերպել այդ սադրիչ գործողությունները»:

Ըստ Լևոն Շիրինյանի՝ «նման հայտարարությունների հիմքը թուրքական օրորոցից է գալիս»: Քաղաքագետի կարծիքով՝ «կողոպուտը կեղծելը, ուրիշի ունեցվածքին տեր լինելը, բայց չաշխատելը թուրքական բնավորություն է»:

Մեր հարցին՝ ինչպիսի՞ն կլինի միջազգային հանրության արձագանքը, պարոն Շիրինյանը պատասխանեց, թե Ամերիկան էլ, Ռուսաստանն էլ ֆիքսել են իրականությունը, իսկ «թե ով ինչ կշահարկի, դա այլ հարց է»:

Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանին ձեռնտու չէ այս շրջանում ագրեսիվ լինելը, քանի որ 1994-ին ամենանպաստավոր դիրքերը գրավել է, սպառնալիքներ ստեղծել Ադրբեջանի հանդեպ: Բայց Ադրբեջանը խայտառակ է եղել ու միջազգային հանրության առաջ իր դեմքն է փրկում: Պարոն Շիրինյանը վստահ է, թե հասկացողը կհասկանա, որ այս ամենը թուրքական ձեռագիր է: Այնուհետև մանրամասնեց.

«Ադրբեջանը ագրեսիվ գործողությունների շղթա էր նախատեսել, հայկական զինուժի բոլոր դիրքերը փորձել: Բոլոր տեղերը փորձեցին, բոլոր տեղերից ճանճի նման կոտորվեցին: Հիմա աշխարհի առաջ խայտառակ են եղել ու իրենց դեմքը պիտի փրկեն: Ռուսատանը ոտքից գլուխ իրենց զինել է, թուրքական խորհրդատուները հետներն են, նավթով ողողված են, բայց կոտորվել են»:

Մեր դիտարկմանը, թե պաշտոնական Բաքվի այս հայտարարությունը արդյոք ի պատասխան ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը  չէ՞ր, պարոն Շիրինյանը պատասխանեց. «Դա կարող եք կապել նաև Նալբանդյանի հայտարարության հետ, բայց ես չէր ուզի կապել: Նորից եմ ասում, խայտառակ են եղել, ուզում են իրենց դեմքը փրկել: Միլիոնավոր դոլարների զենքը դնում են, հարյուր հազարներով բանակ են պահում, բայց գնում ճանճի նման կոտորվում են սահմանային գոտում, այն էլ փոքրիկ Արցախի Հանրապետությունից»:

Պարոն Շիրինյանի կարծիքով՝ նման հայտարարություններով Ադրբեջանը ցանկանում է նաև բարոյական ճնշում գործադրել Հայաստանի վրա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Իսկ եթե ԱՄՆ -ն,Ռուսաստանը կամ թուրքիան է խորհուրդ տվել այդպիսի հայտարարությամբ հանդես գալ և նախապայմաններ ստեղծել շփման գծում խաղարար ուժեր մտցնելու համար…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031