Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետք է միացնել բանականությունը

Հուլիս 30,2014 12:20

Անկեղծորեն ներելը ազգային հրաշալի հատկանիշ է

Ռուսաստանի այսօրվա ղեկավարության քաղաքականությունը, մեղմ ասած, հակադրվում է քաղաքակիրթ աշխարհին, բայց դա որեւէ ձեւով չի փոխում իմ վերաբերմունքը ռուս ժողովրդի եւ նրա մշակույթի նկատմամբ: Այդ ժողովուրդն ունի հրաշալի, իմ կարծիքով, դրսեւորումներ՝ բարի է, մեծահոգի, կարեկից է ուրիշի ցավի հանդեպ եւ ամենակարեւորը՝ օժտված է անկեղծորեն ներելու, պատճառած ցավը մոռանալու հատկությամբ:

Մեծ հայրենական պատերազմի ժամանակ գերմանացիները ներխուժել էին իրենց (մեր) երկրի տարածք, զավթել էին հողը, այրել էին քաղաքներն ու գյուղերը, սարսափելի գազանություններ էին թույլ տվել: Բայց դժվար թե այսօր ապրող ռուսների մեծ մասը թշնամական վերաբերմունք ունենա գերմանացիների նկատմամբ: Նույնը կարելի է ասել Ռուսաստանի հետ երբեւէ պատերազմած այլ ժողովուրդների՝ ֆրանսիացիների կամ նույն թուրքերի մասին՝ չկա ժամանակակից ռուսների մեջ այդ ազգերի նկատմամբ թշնամություն:

Դրա համար, ի դեպ, ես կարծում եմ, որ տասնամյակների ընթացքում ռուսների եւ ուկրաինացիների միջեւ այսօր առաջացած թշնամանքը կվերանա: Հանուն արդարության ասենք, որ այդ թշնամանքի տարրերը անցած տասնամյակների ընթացքում սերմանվում էին Արեւմտյան (այսպես ասած՝ «հաբսբուրգյան») Ուկրաինայում, բայց դա էլ, կարծում եմ, հաղթահարելի զգացմունք է՝ երկու պետությունների ճիշտ քաղաքականության դեպքում:

Ռուս-ուկրաինական հարաբերությունները երբեք չեն նմանվի արաբա-իսրայելականի, հայ-թուրքականի կամ հայ-ադրբեջանականի: Հեռու չգնալու համար ասեմ իմ մասին՝ ես կողմ եմ այդ ազգերի հետ բնականոն, զուսպ, կոռեկտ հարաբերությունների, բայց եթե նույնիսկ Թուրքիայի որեւէ հաջորդ կառավարություն ճանաչի հայերի ցեղասպանությունը, ամեն տարի ներողություն խնդրի եւ փոխհատուցումներ վճարի, միեւնույն է՝ իմ մեջ դառնությունը կմնա, եւ դա այն դեպքում, երբ իմ ոչ մի ազգական անմիջապես Մեծ եղեռնից չի տուժել:

Մենք՝ հայերս, թուրքերը, արաբները, հրեաները ռուսներ չենք, որ իրար անկեղծորեն ներենք՝ առաջ գնալու համար մենք պիտի միացնենք գիտակցությունը, բանականությունը:

Սակայն ադրբեջանցիները, մասնավորապես, գնում են «գիտակցությունն անջատելու» ուղղությամբ, մանկապարտեզից երեխաներին մեր՝ հայերիս մասին պատմում են մոտավորապես այն, ինչ մենք մեր երեխաներին պատմում ենք թուրքերի մասին:
Իհարկե, ցանկացած չնախապաշարված մարդու համար պարզ է, որ այստեղ ոչ մի սիմետրիա չկա, եւ համեմատել Օսմանյան հսկայական կայսրության արածը հայերի հանդեպ՝ 29 հազար քառակուսի կիլոմետրանոց անկախ Հայաստանի ազատագրական պայքարի հետ՝ պարզապես ծիծաղելի է: Բացի այդ, երկու դեպքերում էլ թուրքերը, իսկ այնուհետեւ ադրբեջանցիները հարձակվել էին խաղաղ հայերի վրա՝ առաջին դեպքում մենք չկարողացանք դիմադրել, երկրորդ դեպքում՝ կարողացանք:

Այդքանով հանդերձ՝ ինձ չի թվում, որ մենք էլ մեր հարեւանների հարաբերություններում կարողացել ենք մշակել օպտիմալ վարքագիծ եւ ճիշտ ենք ուղղորդում հաջորդ սերունդներին: Այսինքն՝ մի կողմից, եռանախագահների ասած՝ հասարակությանը պետք է նախապատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի, մյուս կողմից՝ ակտիվ դիմադրության, եթե հակառակորդը հանդգնի մեզ վրա հարձակվել:

Կա, իհարկե, ուղեղն անջատելու հակառակ, թեեւ եզակի դրսեւորում, երբ մեր տարածք ներխուժած զինված ադրբեջանցիներին, որոնք կասկածվում են 17-ամյա պատանու եւ մի զինվորականի սպանության ու եւս մի կնոջ հրազենային վնասվածք հասցնելու մեջ, համարում են «անմեղ զբոսաշրջիկներ» եւ ներողություն են խնդրում նրանց հարազատներից: Դա արդեն պաթոլոգիա է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Անկեղծ ներելու ընդունակ են միայն այն մակարդակով ազգերը, որոնք հաղթելու մեծ ունակություն ու փորձ ունեն:

    • Լավատես says:

      Իսկ վայրի ցեղերին ներելու կամ չներելու հարց չկա, դրանց կամ վանդակում պետք է պահել ու կերակրել կամ էլ եթե, ազատություն ես տալիս, մտրակը միշտ պատրաստ ունեցիր:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031