Հուլիսի 18-ին հայտնի դարձան Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի 2014թ. հաղթողների անունները: Մրցանակի հաղթողներն են`
Ֆելիքս Ահարոնյանը, ով առաջադրվել է Լինչեի ազգային ակադեմիայի (Իտալիա) կողմից «Բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում ակնառու ներդրման և Չերենկովի դիտակների ստերեոսկոպիկհամակարգի մշակման մեջ առաջատար դերի համար» (Դուբլինի առաջատար հետազոտությունների ինստիտուտ, Իռլանդիա և Մաքս Պլանկի անվ. միջուկային ֆիզիկայի ինստիտուտ, Հայդելբերգ, Գերմանիա)
Իգոր Կարաչենցևը (Հատուկ աստղադիտարան, Ռուսաստան) և Բրենթ Թալին (Հավայան կղզիների համալսարանի աստղագիտական ինստիտուտ, ԱՄՆ), ովքեր առաջադրվել են Հատուկ աստղադիտարանի կողմից «Տեղական Տիեզերքի տիեզերաբանությանմեջ հիմնարար ներդրման համար»:
Մրցանակի 500 000 դոլար գումարից Ֆելիքս Ահարոնյանին կհատկացվի 250 000 ԱՄՆ դոլար, իսկ Իգոր Կարաչենցևին և Բրենթ Թալիին (լուսանկարում) ` յուրաքանչյուրին 125 000-ական ԱՄՆ դոլար:
Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ Նախագահի կողմից 2009թ. և ներկայումս աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն մրցանակներից մեկն է: Այն հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500 000 ԱՄՆ դոլար և տրվում է երկու տարին մեկ անգամ` սկսած 2010թ.:
2010թ-ի Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հաղթողներն են Միշել Մայորը (Շվեյցարիա), Գարիկ Իսրայելյանը (Իսպանիա), Նունո Սանտոսը (Պորտուգալիա), իսկ 2012թ-ին` Յան Էյնաստոն (Էստոնիա) և Իգոր Նովիկովը (Ռուսաստան):
Վիկտոր Համբարձումյանի 2014թ. միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 18-ին` Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը: Մրցանակը կհանձնի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն