Լրահոս
Օրվա լրահոսը

Լայնածավալ հարձակում լրատվամիջոցների դեմ

Հուլիս 11,2014 14:58

 «Կոստանյան & CO» սահմանափակ  մտահորիզոնով ընկերությունը ցանկանում է վախեցնել հասարակությանը

Դատախազության հայտնի հայտարարությանը («Նախաքննական տվյալների հրապարակումը քրեորեն պատժելի է». տե՛ս ) եւ Գեւորգ Կոստանյանի վերջին ասուլիսին (որում դարձյալ անդրադարձ կար լրագրողական աղբյուրների գաղտնիության խնդրին, ընդ որում՝ անթաքույց հաթաթայով. տե՛ս ) հաջորդեց գործնական քայլը. Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Գագիկ Խանդանյան) տեղեկատվության աղբյուրի բացահայտում է պահանջում երկու լրատվամիջոցներից՝ «Հրապարակ» օրաթերթից եւ «Ի լուր» կայքից (տե՛ս «Հրապարակ» օրաթերթում): Սա աննախադեպ է:

Խոսքը վերաբերում է Գյումրիում Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի եւ ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի միջեւ միջադեպի առիթով սկզբում կարճված, ապա՝ նորից հարուցված քրեական գործին: Ես համաձայն եմ «Հրապարակի» հոդվածագիր Սյուզան Սիմոնյանի եզրահանգման հետ, ըստ որի՝ քրեական գործը նորից է հարուցվել, ընդ որում՝ ծանր հանցագործության հոդվածով, միայն նրա համար, որ լրատվամիջոցներին պարտադրվի բացահայտելու իրենց տեղեկատվության աղբյուրը: Եվ սա մամուլի թիվ մեկ թշնամու մրցանակին հավակնող Գեւորգ Կոստանյանի ձեռագիրն է: Միայն ու միայն: Եթե ինձ չեք հավատում, ուշադիր կարդացեք նրա մամուլի ասուլիսը եւ այլ հրապարակային ելույթներ: Բերեմ էլի մի ապացույց. հանցակազմի բացակայության պատճառով գործը կարճելուց հետո Վարդան Նադարյանը կարող էր հերքում պահանջել, ծայրահեղ դեպքում կարող էր քաղաքացիական հայցով դիմել դատարան՝ զրպարտության հիմքով: Բայց չարեց, որովհետեւ նրան ու Կոստանյանին դա պետք չէր: Նրանց անպայման պետք է աղբյուրը, պետք է իմանան, թե էդ ո՞վ է համարձակվել իրենց՝ ամեն կերպ կոծկվող միջադեպի մասին տեղեկությունը հասցնել լրատվամիջոցներին: Եվ ահա, ենթադրաբար, պայմանավորվել են գործը վերաբացել՝ աղբյուրը բացահայտելու համար:

Ես արդեն պատկերացնում եմ Կոստանյան-Նադարյան-դատարան եռամիասնության գծած սցենարը. եթե լրատվամիջոցները բացահայտեն տեղեկատվության իրենց աղբյուրը, դատարանը հետագայում հանցանքը ապացուցված չլինելու հիմքով կարճելու է գործը, իսկ հետո սուտ մատնության մեղադրանքով գործ է հարուցվելու այն անձի կամ անձանց դեմ, ովքեր տեղեկությունը տրամադրել են մամուլին: Իսկ եթե լրատվամիջոցները անգամ դատարանի պարտադրանքի դեպքում չբացահայտեն աղբյուրը (ինչն առավել հավանական է), ապա նույն մեղադրանքը կներկայացնեն նրանց: Ահա այսպես «Կոստանյան & CO» ՍՄԸ-ն՝ սահմանափակ մտահորիզոնով ընկերությունը, ցանկանում է վախեցնել ե՛ւ լրատվամիջոցներին, ե՛ւ նրանց անանուն աղբյուրներին: Որովհետեւ, ըստ նրանց մտածելակերպի, վախեցած հասարակությանն ավելի հեշտ է ղեկավարել: Սա Կոստանյանի հավատո հանգանակն է: Ձեռքին ճար լիներ՝ «տրոյկաներ» կստեղծեր եվրոպական կոստյում հագած, բայց սովետական «կաշվե բաճկոնավորի» «փայլուն» ավանդույթներով առաջնորդվող սույն պարոնը:

Արդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող Կոստանյանը մի՞թե տարրական գիտելիքներ չունի մարդու իրավունքների դատարանի պրակտիկայից եւ մի՞թե չի հասկանում, որ անգամ Հայաստանի երեք դատական ատյաններն անցնելուց հետո (եթե եւ վերաքննիչը, եւ վճռաբեկը կամք չունենան վերացնելու այդ ակնհայտ վտանգավոր որոշումը), երբ գործը հասնի Եվրոպական դատարան, ապա ինքը, այո՛, հենց ինքը՝ իբրեւ Հայաստանի ներկայացուցիչ ու այս ամբողջ շիլայի ստվերային հեղինակ, պարտվելու է ու պարտվելու է խայտառակ ձեւով:
Հաստատ հասկանում է:

Իսկ եթե չի հասկանում, ապա զարմանում եմ, թե ոնց է այսքան տարի ՀՀ ներկայացուցիչը եղել Եվրոպական դատարանում:

Երկու լրատվամիջոցներն էլ հայտարարել են, որ բողոքարկելու են վճիռը: Պետք է անպայման վերաքննիչում ապացուցել, որ դատավոր Խանդանյանի վճիռը չունի աղբյուրի բացահայտում պահանջելու մյուս երկու հիմքերը, որ գրված են «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում. «… հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, եւ սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները»:
Որովհետեւ հաստատ բացակայում է ե՛ւ առաջինը, ե՛ւ երկրորդը: Սակայն եթե անգամ Հայաստանում ամեն ինչ գնա «կաշվե բաճկոնավորների» սցենարով, լրատվամիջոցները, վերոհիշյալ հիմքերով, հաղթանակ կտանեն Եվրոպական դատարանում:

Բայց դա էլ Կոստանյանին ու Նադարյանին չի հետաքրքրում: Նրանց «իդեա ֆիքսը» աղբյուրն է, աղբյուրը, աղբյուրը: Էդ ո՞վ է համարձակվել…

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    վաղուց ժամանակն է եղեկ բոլորդ կզացնելու
    ոչինչ, քիչ մնաց մինչև Քոչարյանի երկրորդ գալուստը 😀

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031