Մայրաքաղաք Երևանը Հայաստանի ոչ միայն խոշորագույն տնտեսական, գիտական և մշակութային կենտրոնն է, այլ նաև տարածաշրջանային տրանսպորտային փոխադրումների կարևորագույն տրանսպորտային-տարանցիկ հանգույցը: Ինչպես աշխարհի բոլոր խոշոր քաղաքներին, այնպես էլ Երևանին բնորոշ են տրանսպորտային մի շարք խնդիրներ, որոնց մի մասը պայմանավորված դիվանագիտական ներկայացուցչությունների, պետական կառավարման մարմինների, տարբեր կազմակերպությունների գրասենյակների ու նստավայրերի, ձեռնարկությունների և սպասարկման օբյեկտների մեծ մասի կենտրոնացումով մայրաքաղաքում, ինչի արդյունքում մայրաքաղաքի ավտոճանապարհներին՝ բազմապատիկ անգամ ավելանում են տրանսպորտային միջոցների քանակն ու հոսքերը՝ առաջացնելով ճանապարհային խցանումներ, ճանապարհատրանսպորտային պատահարներ, սոցիալական, առողջապահական և բնապահպանական խնդիրներ: Տարեցտարի մեծանում է ինչպես բնակչության, այնպես էլ տրանսպորտային միջոցների շարժը դեպի Երևան՝ էլ ավելի բարդացնելով երթևեկության կարգավորումը:
Վերջին տարիներին գրեթե բոլորս այս կամ այն կերպ առնչվել ենք Երևանի ճանապարհներին առաջացող հաճախակի խցանումներին, դրանցից բխող սոցիալ-տնտեսական և հոգեբանական խնդիրներին ու հետևանքներին: Դրանց առաջացման պատճառներից են, ինչպես տարեցտարի զգալի ավելացող տրանսպորտային միջոցների քանակը (Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, վերջին 10 տարվա ընթացքում երկիր է ներկրվել մոտ 250 հազար ավտոմեքենա, որոնց մեծ մասը շահագործվում է մայրաքաղաքում), այնպես էլ քաղաքի շրջանցիկ ճանապարհների բացակայությունը, տարիների ընթացքում իրականացված տրանսպորտային հանգուցալուծումների անկանոն շինարարությունը, հարցի լուծման համակարգային մոտեցման բացակայությունը:
Ավտոմոբիլային տրանսպորտի պարկի վերջին տարիների աննախադեպ աճը, դրա կենտրոնացումը մայրաքաղաքում, ճանապարհների ծանրաբեռնվածության մեծացումը և շարժման միջին արագությունների անկումը հանգեցնում են նաև բնապահպանական իրավիճակի կտրուկ վատթարացման: Վիճակագրական տվյալների համաձայն` ներկայումս հանրապետությունում շահագործվում է մոտ 483 հազար միավոր ավտոտրանսպորտային միջոց, որոնց վնասակար արտանետումները գերազանցում են այլ աղբյուրների վտանգավոր ընդհանուր արտանետումները: Հատկապես մտահոգիչ է մայրաքաղաքի վիճակը, որտեղ շահագործվում է ՀՀ ավտոտրանսպորտային պարկի ավելի քան 50%-ը, և որտեղ ճանապարհափողոցային ցանցում տրանսպորտային միջոցների զանգվածային կայանումների արդյունքում ծանրաբեռնվածության աճի, ցանցի նվազ թողունակության պայմաններում վնասակար արտանետումների քանակը կտրուկ ավելանում է՝ մի քանի անգամ գերազանցելով թույլատրելի նորմերը:
Ըստ մասնագետների, մայրաքաղաքում ավտոճանապարհների բեռնվածությունը գերազանցում է բոլոր թույլատրելի նորմերը: Մասնավորապես քաղաքաշինական չափանիշների համաձայն, քաղաքում յուրաքանչյուր քառակուսի կմ-ի համար պահանջվում է 2,4 կմ ճանապարհային ցանց: Սակայն, Երևանում այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 1,7 կմ: Ներկայացված հարցերի լուծման համար պահանջվում են Երևանի նոր շրջանցիկ ճանապարհներ և տրանսպորտային հանգուցալուծումներ:
Կարդացեք նաև
Հյուսիս-հարավ, արևմուտք-արևելք ուղիղ մայրուղային տրանսպորտային կապերի բացակայության հետևանքով հարակից ծայրամասային բնակելի տարածաշրջանները միմյանց կապվում են շառավղային մայրուղիներով, որոնք էլ իրենց հերթին կապված են քաղաքի կենտրոնական մասի, որի պատճառով էլ քաղաքի գլխավոր փողոցների մեծ մասը գերծանրաբեռնված է, իսկ կարևորագույն տրանսպորտային հանգույցներն ու խաչմերուկները գործնականում կանոնակարգված չեն: Քաղաքի ճանապարհային ցանցի այդպիսի վիճակը կտրուկ նվազեցնում է տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը, նպաստում է խցանումների առաջացմանը և, որպես հետևանք, հաճախակի հանգեցնում է տրանսպորտի երթևեկության կաթվածահարմանն ու շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի կտրուկ վատթարացմանը:
Մայրաքաղաքի բնակիչների համար տարիներ շարունակ լուրջ խնդիր էր առավոտյան և նույնիսկ օրվա ցերեկային ժամերին Ծովակալ Իսակովի պողոտայով առանց խցանումների, ժամանակի կորստի և նյարդայնացման անցնելը, որն անմիջականորեն բացասաբար էր անդրադառնում և աշխատանքի արտադրողականության, և արդյունավետության վրա:
Մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրների լուծման համար շտապ պահանջվում էր Երևանի նոր շրջանցիկ ճանապարհների, խաչմերուկների, տրանսպորտային հանգույցների շինարարություն և դրանց հետագա անվտանգ շահագործում:
Մայրաքաղաքի կենտրոնական հատված տանող տրանսպորտային երթևեկության հոսքերը բեռնաթափելու նպատակով, համաձայն Երևան քաղաքի 2005-2020 թթ. գլխավոր հատակագծի, իրականացվեց Լենինգրադյան փողոցից մինչև Ծովակալ Իսակովի պողոտա անընդհատ երթևեկությամբ քաղաքային ավտոմայրուղու կառուցումը, որը Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական ղեկավարության և խիստ հսկողության շնորհիվ , իրականացվեց ժամանակին և բարձր որակով, ինչը մայրաքաղաքի բնակչության համար ևս մի գեղեցիկ անակնկալ էր: Մայրուղու շինարարության մեկնարկը տրվել էր 2012թ. հուլիսին, որն ավարտվեց 2014թ. մայիսի 31-ին:
Իրականացված հսկայածավալ աշխատանքերի արդյունքում հնարավորություն է ստեղծվում զգալիորեն բեռնաթափել ոչ միայն մայրաքաղաքի կենտրոնը, այլ նաև հարակից շրջանները: Տրանսպորտային հանգույցն ունի կարևոր ռազմավարական նշանակություն մայրաքաղաքի համար, այն հուսալի հիմք կդառնա ինչպես Զվարթնոց միջազգային լոգիստիկ կենտրոնի, այնպես էլ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի հետագա զարգացման համար: Լենինգրադյան փողոցից մինչև Ծովակալ Իսակովի պողոտա անընդհատ երթևեկությամբ քաղաքային ավտոմայրուղու և Ծովակալ Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային միացնող ավտոմայրուղու կառուցման ուղղությամբ իրականացվել են հսկայածավալ աշխատանքներ:
Միայն ավտոմայրուղու երթևեկելի մասից ջրահեռացումն ապահովելու նպատակով կառուցվել է 4 կմ երկարությամբ հեղեղատար կոյուղացանց: Ամբողջ մայրուղու տարածքով արտաքին լուսավորության համակարգ է տեղադրվել:
Ավտոմայրուղու և հանգույցների 9 ուղիների ընդհանուր երկարությունը կազմում է 5.1 կմ, որից ավտոմայրուղու երկարությունը 2.9 կմ է, իսկ նոր կառուցված հանգույցների 9 ուղիների ընդհանուր երկարությունը՝ 2.2 կմ, երթևեկելի մասի լայնությունը կազմում է 15 մ (2 x 3.75 x 2), բաժանարար գոտու լայնությունը`4 մ, իսկ մայթերի լայնությունը՝ 2.25 մ և 2.5 մ: Կառուցվել է տարբեր մակարդակների տրանսպորտային երկու հանգույց` Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի հատումներում, ինչպես նաև՝ եռաթռիչք միաձույլ երկաթբետոնե ուղեանց՝ 5.1 մ բարձրությամբ, երթևեկելի 19 մ և ընդհանուր 23 մ լայնությամբ, 18x25x18 մ թռիչքներով՝ 62 մ երկարությամբ։ Լենինգրադյան փողոցում կառուցվել է թունելային անցում՝ երկարությունը 46 մ է, լայնությունը՝ 16 մ, բարձրությունը՝ 5.1 մ։ Հանգույցի այս հատվածում կառուցվել են ուղիներ՝ ապահովելով անհրաժեշտ երթևեկության ուղղությունները։ Ավտոմայրուղու կառուցապատման ընդհանուր տարածքը կազմում է 15 հա:
Լենինգրադյան փողոցում կառուցվել է թունելային անցում՝ համապատասխան թեքանցերով։ Ճանապարհին զուգահեռ 1.6 կմ երկարությամբ հատվածում՝ Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից տարածքի հետագա կառուցապատման համար, կառուցվել է տեղական նշանակության ճանապարհ՝ 6.8 մ լայնությամբ:
Հերթական մայրուղին կբեռնաթափի մայրաքաղաքի երեք վարչական շրջան՝ Կենտրոնը, Աջափնյակն ու Մալաթիա Սեբաստիան: Շուրջ 22 ամիս տևած շինարարական աշխատանքներին անմիջական մասնակցություն է ունեցել 400 մարդ, և նրանց քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ ճանապարհն արդեն պատրաստ է։ Սպասարկման աշխատանքները հինգ տարում, համաձայն կնքված պայմանագրի, իրականացնելու են համապատասխան մասնագիտացված կազմակերպությունները:
Բացի վերը նշվածից, իրականացվել են նաև ավտոմայրուղու ազդեցության գոտում առկա ինժեներական բազմաթիվ ենթակառուցվածքների (կապի, գազի, ջրագծերի, կոյուղագծերի, բարձր լարման էլեկտրագծերի, ոռոգման ուղիների և այլն) տեղափոխման և վերատեղադրման աշխատանքներ։
Այս ամենը անշուշտ կնպաստի մեր մայրաքաղաքն ավելի բարեկեցիկ և գրավիչ դարձնելու, ինչպես նաև բիզնես – ծրագրերի իրականացման և տարբեր ներդրումների համար:
Սուրեն Չիբուխչյան
ՀՊՃՀ «Վերգետնյա տրանսպորտային միջոցների»
ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ