Հենց մեր պատվիրակությունը, որ Բաքվում մասնակցում էր ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին, հասավ Երեւան, նրանց հետեւից սկսվեցին ադրբեջանական մամուլում հայտնվել տեղեկություններ, որոնք, մեղմ ասած՝ անհավատալի էին եւ որեւէ վստահություն չէին ներշնչում: Մասնավորապես, ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկը գրել էր, թե ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ասել է, որ Հայաստանը ոչ ուժ, ոչ էլ մտադրություն ունի պատերազմելու:
«Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այս հայտարարությունը, որն արդեն իսկ որոշ հայկական լրատվամիջոցներ էլ շրջանառության մեջ են դրել, Կ. Նահապետյանն ասաց, թե ակնհայտ էր, որ դա անհեթեթություն է:
Նա ասաց, թե սովոր են արդեն, որ ադրբեջանական լրատվամիջոցները կամ աղավաղում են խոսքը, կամ ամբողջությամբ հորինում եւ իրենց են վերագրում ընդհանրապես չեղած բաներ: Իսկ կոնկրետ այս պարագայում իր խոսքը ձեւախեղել են, քանի որ ինքն ընդամենն ասել է, որ ոչ ոք պատերազմ չի ուզում, եւ պատերազմը ոչ ոքի պետք չէ, ու ամենաճիշտ ճանապարհը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելն ու խաղաղ գոյակցությամբ ապրելն է:
Մեր հարցին՝ ճիշտ չի՞ լինի որեւէ ձեւով հակադարձել, որեւէ հայտարարություն տարածել այդ կապակցությամբ, այլապես դա դառնում է մշտական գործելաոճ մեր հարեւանների համար, պատգամավորը չհամաձայնեց. «Որեւէ հակադարձում կնշանակեր մեծ կարեւորություն տալ ի սկզբանե անհեթեթությանը»:
Կարդացեք նաև
Նա նաեւ ասաց, որ չի կարծում, թե որեւէ մեկը պետք է ադրբեջանական լրատվամիջոցներում տեղադրվածի հիման վրա կարծիք ձեւավորի, անգամ եթե որոշ հայկական կայքեր զուտ «քոփի-փեսթ» են անում դրանց նյութերը:
Մեր նկատառմանը, որ դրսում կարող են լուրջ ընդունել այդ հայտարարությունները, Կ.Նահապետյանը պատասխանեց, որ դրսում էլ հետեւում են ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական մամուլին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ