Նախարարը հայտարարում է, որ ցանկացած դիմում պետք է միայն օրենքով սահմանված կարգով ընթացք ստանա
Aravot.am-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից մեկնաբանություն խնդրեց այն մասին, որ դպրոցների տնօրենները կամ հրաժարվում են ընդունել իրենց աշխատակիցների աշխատավարձից կուտակային վճարներ չհաշվարկելու և չփոխանցելու մասին դիմումները՝ պատճառաբանելով, թե «վերեւից» համապատասխան հրահանգ չունեն, կամ ընդունում են դրանք ու ընթացք չեն տալիս:
«Վերեւից կա հրահանգ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրության լիարժեք իրականացումը՝ ցանկացած աշխատակցի պարագայում, եւ ցանկացած դիմում, որ ստացվում է այս կամ այն ուսումնական հաստատության կողմից, պետք է օրենքով սահմանված կարգով ընթացք ստանա: Ուղղակի եթե լինում են դեպքեր, ահազանգից առաջ անպայման փորձեք ճշտել գերատեսչական պատկանելությունը»,-ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցների մասին ասել էր, որ կոնկրետ քաղաքապետարանը դժգոհություններ կամ դիմումներ չի ստացել դպրոցների աշխատակիցներից, սակայն տեղյակ է, որ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների ուսուցիչներից չորս-հինգ դիմում է եղել իրենց դպրոցների տնօրենների անունով:
Կարդացեք նաև
Ի դեպ, «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները օրերս հասցեական հրապարակել են Երեւանի մի շարք դպրոցներից եւ այլ հիմնարկներից բողոքները, որոնց թվում կան նաեւ ԿԳ նախարարության ենթակայությամբ գտնվող հաստատություններ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ