Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՉԻ» լրագրող Անի Գեւորգյան. «Հնարավոր չէ Հայաստանում ոստիկանը պատասխանատվության ենթարկվի»

Հունիս 05,2014 12:25

«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանն երեկ դիմում է ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Վահրամ Շահինյանին` քննիչ Արշալույս Մինասյանին պատասխանատվության ենթարկելու համար:

Aravot.am-ի հետ զրույցում լրագրողը ասաց, որ մայիսի 31-ին ՀՔԾ-ում իր եւ ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանի առերեսման ժամանակ քննիչ Արշալույս Մինասյանը, գրի առնելով իր հարցին Պողոսյանի բանավոր պատասխանը, դիտավորյալ աղավաղել է այն:

«Բուն հարցաքննության բովանդակության հետ կապված «փակագծերը» չեմ կարող բացել՝ նախաքննական տվյալներ չբացահայտելու պահանջից ելնելով: Ցուցմունքները նախաքննական գաղտնիություն են պարունակում, ուստի կոնկրետ ինչ ցուցմունքի վերաբերյալ է Արշալույս Մինասյանը կեղծում կատարել, այս պահին չեմ կարող ասել:

Միայն կարող եմ նշել, որ Կենտրոնի ոստիկանության պետ Արտակ Պողոսյանը, ինչպես եւ սպասվում էր, կեղծ ցուցմունք տվեց, ամբողջությամբ կեղծ ներկայացրեց այն , ինչ տեղի է ունեցել փետրվարի 12-ին, Կենտրոնի ոստիկանության բաժնում, բնականաբար չընդունելով այն, ինչի մասին ես հանցագործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն»,-ասաց «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրողը:

Նա նաեւ հավելեց. «Ես գիտակցում եմ, թե որտեղ եմ ապրում, առաջին անգամը չէ, որ իրավապահ մարմինների կողմից նման ապօրինություններ են տեղի ունենում: Ես շատ լավ գիտեմ, որ դա արել է քննիչը ոչ թե իր, այլ ամբողջ համակարգի կողմից, քանի որ նման բաները արվում են հատուկ հրահանգով՝ իշխանությունների կողմից: Հնարավոր չէ, որ Հայաստանում գոնե շարքային, էլ ուր մնաց բարձրաստիճան պաշտոնյան, այս դեպքում՝ ոստիկանը պատասխանատվության ենթարկվի՝ առանց հատուկ որոշման: Ու եթե հանկարծ իմ դիմումը պատահաբար ընթացք ստանա, դա կլինի բացառապես հատուկ հրահանգի արդյունքում, որովհետեւ այդ պահին իշխանություններին ցանկալի կլինի այդ քննիչին պատասխանատվության ենթարկելը, հակառակ դեպքում՝ նման բան լինել չի կարող: Տարիներ շարունակ տեսնում ենք, թե ինչ է կատարվում, ինչպես են ցուցմունքներ կեղծվում, սուտ վկաներ բերվում, եւ չենք կարող մատնանշել գոնե մեկ դեպք, երբ իսկապես արդար քննություն է իրականացվել եւ պատասխանատվության են ենթարկվել մեղավորները, բացառությամբ այն դեպքերի, երբ իշխանությունները ցանկացել են շոու սարքել՝ ժողովրդին ինչ-որ բան ներկայացնելու համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին, երեկոյան ժամը 19-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայում մի խումբ ոստիկաններ խոչընդոտել էին Անի Գեւորգյանի գործունեությանը եւ, բիրտ ուժ կիրառելով, բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին։ Ավելին, բռնություն գործադրելով վերցրել ու չէին վերադարձրել տեսախցիկի հիշողության քարտը: Քրեական գործը, որով Անի Գեւորգյանին կանչել էին քննչական գործողության, վերաբերում է հենց փետրվարի 12-ի դեպքին:

Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց նաեւ ՀՔԾ լրատվական ծառայության պետ Միքայել Ահարոնյանից: «Հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակվում է քաղաքացի Անի Գեւորգյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ եւ 309-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քաղաքացի Անի Գեւորգյանի դիմումի հիման վրա Հատուկ քննչական ծառայության պետն անհապաղ նշանակել է ծառայողական քննություն՝ դիմումում մեջբերված փաստերը ստուգելու կապակցությամբ»,- ասաց պարոն Ահարոնյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30