Լրահոս
Օրվա լրահոսը

Համացանցը դառնում է «պոստմոդեռնիստական իրականություն»

Մայիս 31,2014 14:55

«Առավոտի» մայիսի 19-ի համարում տպագրված «Մոռացված լինելու իրավունք» հոդվածում անդրադարձել էինք 2014թ. մայիսի 13-ին Եվրամիության երկրների դատական բարձրագույն ատյանի որոշմանը, որով սահմանվում է «մոռացված լինելու իրավունքը»: Հիշեցնենք, որ ըստ այդ որոշման՝ մասնավոր, ոչ հանրային անձանց Եվրոպայում տրվում է որոնողական համակարգերի օպերատորներին դիմելու իրավունք՝ իրենց վերաբերյալ անձնական տվյալները այդ համակարգերից հեռացնելու խնդրանքով, որը բավարարվում է, եթե, իհարկե, չկան մերժելու օբյեկտիվ պատճառներ: «Օբյեկտիվ պատճառների» մեջ նշվում է դիմող անձի՝ հանրային դեմք լինելը, կամ այդ տվյալների՝ հանրային կարեւորություն ներկայացնելը:

«Առավոտի» հետ զրույցում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «միանգամայն ընդունելի» համարեց սկզբունքը, որով առաջնորդվել է Եվրադատարանը. «Եթե մարդը հանրային դեմք չէ, ապա իր մասնավոր կյանքի հետ կապված ցանկացած տվյալ նա կարող է համարել իր անձնական ինֆորմացիան, որը ինքը կորոշի՝ թողնե՞լ հանրային դաշտում, թե՞ ոչ: Խնդիրը մեխանիզմների մեջ է: Որքանո՞վ «մոռացվելու իրավունքից» չեն օգտվի մարդիկ, ովքեր բավականին «ոչ անհայտ» են: Սահմանը որոշելը ամենաբարդ խնդիրն է, եւ եթե չգտնվի ճիշտ լուծում, ապա ավելի լավ է՝ ընդհանրապես չկիրառվի: Եվրամիության այդ կարգի նախաձեռնությունները վերջին շրջանում բավականին շատ են, քանի որ իրենք ելնում են մարդու իրավունքների սկզբունքից, բայց, վատ պատկերացնելով տեխնոլոգիական լուծումները, ընդունում են որոշումներ, որոնք հետո տեղեկատվական ոլորտի մարդկանց մոտ դժգոհություններ են առաջացնում: Նույնը կլինի նաեւ այս որոշման հետ: Երբ տեղեկատվության ազատության սկզբունքին հակասող որոշումներ են ընդունվում, ժողովրդավարական հասարակություններում առ այսօր միշտ ստացվել է դրանց դիմակայելը»: Մեր հարցին՝ իսկ եթե մեզ մոտ է՞լ նման որոշում ընդունեն, դա հղի չէ՞ անցանկալի հետեւանքներով, ԵՄԱ նախագահը պատասխանեց. «Բնականաբար, մեզ նման՝ ոչ այնքան ժողովրդավարական հասարակություններում նմանատիպ որոշումը կարող է չարաշահումների հանգեցնել, բայց դա էլ ժամանակավոր կլինի, քանի որ ընդհանուր միտումներին դեմ գնալ չենք կարող, եթե, իհարկե, Չինաստան չդառնանք»:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը նույնպես շեշտում է, որ Եվրոպան սկսել է լրջորեն զբաղվել համացանցի կարգավորմամբ, սակայն նշում է, որ «տեղեկատվության որակի գնահատումը մնալու է բավականին լուրջ խնդիր, քանի որ օբյեկտիվ չափանիշները բավականին հեղհեղուկ են»: Այս կապակցությամբ նա հիշեցրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը էստոնական «Դելֆի» լրատվամիջոցում արված մեկնաբանությունների վերաբերյալ, որով, ըստ էության, հաստատվում էր, որ լրատվամիջոցը պատասխանատու է իր կայքում անհայտ օգտատերերի արած գրառման համար. «Շատերն այդ որոշումը համարում են խոսքի ազատության դեմ ոտնձգություն: Ի դեպ, այդ նախադեպը բերեց նրան, որ Հայաստանում էլ շրջանառության մեջ դրվեց «ֆեյքերի մասին» հայտնի օրինագիծը, որը, բարեբախտաբար, սառեցվեց: Մեզ մոտ էլ հնարավոր է ընդունվի «մոռացված լինելու» իրավունքի նման մի բան, որի լոբբինգով, ամենայն հավանականությամբ, կզբաղվեն մեր քաղաքական գործիչները, որոնց մեծամասնությունը հոգու խորքում երջանիկ չէ, որ գոյություն ունի ազատ եւ անկախ համացանց»։

Ինքնին «մոռացված լինելու» գաղափարին Ս. Մարտիրոսյանը դեմ չէ. «Գաղափարը հասկանալի է, բոլորս էլ կցանկանայինք ինչ-որ բաներ հեռացնել։ Սակայն սա բավականին լուրջ խնդիր է ստեղծում՝ տալիս է համացանցը խմբագրելու իրավունք։ Արդյունքում՝ ցանցը բաց, ազատ հարթակից դառնում է անընդհատ խմբագրվող պոստմոդեռնիստական իրականություն, ուր պատմությունը փոփոխության ենթակա է։ Ասեմ ավելին՝ իրականում արդեն իսկ ցանցը նման վտանգի տակ է մեկ այլ՝ շատ խոցելի կողմից։ Մտավոր սեփականության վրա ահռելի գերշահույթներ ստացող կորպորացիաները անընդհատ պահանջում են «Գուգլից» հեռացնել տեղեկատվություն, որը խախտում է հեղինակային իրավունքը։ Վերջին երկու տարվա ընթացքում նման պահանջների թիվը աճել է մոտ հիսուն անգամ եւ հասնում է միլիոնների»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031