1994 թվականին՝ ուղիղ 20 տարի առաջ, օգոստոսի երկուսին՝ հրապարակախոս Իգնատ Մամյանի խմբագրությամբ հրատարակվեց «Առավոտ» օրաթերթի 0` նախահամարը: Մամուլի ծաղկման ժամանակաշրջանում «Առավոտի» ծնունդը պետք է նշանավորվեր նոր խոսքով, նոր ասելիքով, ժամանակի ընթացքում այն պետք է կատարելագործվեր, քայլեր ժամանակին ընդառաջ եւ համընթաց: Ստեղծման օրվանից արդեն այստեղ աշխատող յուրաքանչյուր ոք պետք է կարեւորեր իր դերը մամուլի ստեղծման եւ հետագայում արդեն նաեւ զարգացման հարցում՝ հպարտությամբ կրելով «Առավոտցի» անունը:
Ինչպե՞ս ստեղծվեց «Առավոտը», ովքե՞ր էին այստեղ հրապարակվողները, ի՞նչ խնդիրներ եւ ավանդույթներ կան 20-ամյա խմբագրությունում. այս ամենի մասին այսուհետ ամեն շաբաթվա շաբաթ օրը տարբեր ժամանակների առավոտցիները կներկայացնեն «Առավոտցիներ» խորագիրը կրող շարքում:
Այսօրվա առավոտցին «Միջազգային հարաբերություններ. հայկական աշխարհ» հանդեսի խմբագիր Արթուր Ղարագյոզյանն է: Նախկինում աշխատել է լրագրող «Գարուն» հանդեսում, հետո՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, Հանրային հեռուստաընկերությամբ վարել է «ՏՏՏ» հաղորդաշարը, եղել է «Կառավարում» հանդեսի խմբագիր:
Կարդացեք նաև
«Առավոտ» եկել էր «Գարուն» ամսագրից, որտեղ հրապարակվում էր ԵՊՀ-ի Բանասիրական ֆակուլտետի վերջին երկու կուրսերին զուգահեռ. «Երբ պիտի ստեղծվեր «Առավոտ» թերթը, Իգնատ Մամյանը զանգել էր Անանյան Լեւոնին՝ այն ժամանակվա «Գարուն» ամսագրի խմբագրին: Հավանաբար կարդացել էր իմ հոդվածները «Գարունում»: Թիմ էր հավաքում զրոյից, Անանյան Լեւոնին խնդրել էր, չակերտավոր ասած, զիջի ինձ, իմ ցանկությունը հարցրեց, ես սիրով համաձայնեցի: «Գարունը» շատ լավ հանդես էր եւ է, բայց «Առավոտը» որպես օրաթերթ էր լույս տեսնելու, ինչո՞ւ չէ, նաեւ այդ տարիներին՝ 94-ին, «Առավոտում» վարձատրությունն էր տարբերվում «Գարունից»:
Պարոն Ղարագյոզյանը խոստովանում է՝ օրաթերթի անվան ընտրությանը չի մասնակցել, բայց լսել է, թե ինչպես է ստեղծվել այն. «Իմ հիշելով՝ երջանկահիշատակ Իգնատ Մամյանն է ընտրել: Պրպտումներ կային: Ինչո՞ւ «Առավոտ», կհարմարվի՞ «Առավոտը», կընկալվի՞, չի՞ ընկալվի: Բայց սկզբունքը հետեւյալն էր. ամեն առավոտ, «Առավոտը», օրաթերթ որպես, պետք է հասներ ընթերցողին»:
Նա հիշում է. մինչեւ առաջին համար տալը՝ մոտ երկու ամիս, թիմով աշխատել են, որպեսզի նյութի պակաս չլինի: «Մենք մինչ թերթի հրատարակվելը ունեինք մոտ երկու ամսվա պաշար»,- ասում է նա:
Նորածին «Առավոտը» եղել է Սուքիասյան ընտանիքին պատկանող գրասենյակներից մեկում՝ չորս սենյակում էին աշխատում:
«Որքան հիշում եմ՝ նախահամարում ես ունեի երկու հոդված,- ասում է Արթուր Ղարագյոզյանը եւ նշում,- պատասխանատվությունը շատ մեծ էր, որովհետեւ նոր թերթ էր ստեղծվում, լրատվամիջոց էր ստեղծվելու, որում պետք է կայանայիր յուրովի ասելիքով, յուրովի մատուցմամբ, ձեւով, բովանդակությամբ: Առաջին օրը, երբ նախահամարը տպագրվեց, առաջին բանը, որ մենք արել ենք, թերթի տրցակները բոլոր աշխատողներիս ձեռքերին Երեւանի մետրոյի կայարանների մոտ մարդկանց բաժանելն էր»:
Արթուր Ղարագյոզյանն անկեղծանում է՝ ի սկզբանե հասկանալի էր, որ «Առավոտը» պետք է նոր խոսք բերեր, նոր ասելիք ունենար, եւ չնայած չի բացառում, որ հնարավոր է՝ օրաթերթի ստեղծման հիմքում քաղաքական պատվեր կամ հովանավորչություն կար, բայց թեմաների ընտրության հարցում միանգամայն ազատ էին. «Այնպես չէր, որ եթե իշխանավոր է, չպետք է քննադատեինք, հիմնականում պաշտպանության նախարարության եւ մի քանի կառույցների դեպքում կային տաբուներ, դա էլ պայմանավորված էր պատերազմական իրադրությունով»:
Ի սկզբանե «Առավոտի» հրատարակման հետ կապված արձագանքները շատ չէին, սակայն հետագայում, ըստ պարոն Ղարագյոզյանի, այն դարձավ մամուլի առաջատարներից. «Թերթը շատ լավ հիմքերի վրա դրվեց, քանի որ այս տարի նշում ենք 20-ամյակը, հարյուրավոր թերթեր այս ընթացքում բացվել, փակվել են, բայց «Առավոտը», քանի որ ֆունդամենտն էր նաեւ ճիշտ գցված, դիմակայեց բոլոր ժամանակաշրջանների փորձություններին»:
Պարոն Ղարագյոզյանը չի մոռանում, որ «Առավոտում» նշվում էին բոլոր առիթները. «Չկար այնպիսի առիթ՝ կլիներ դա աշխատակցի ծնունդ կամ ցանկացած տոն, կլիներ թերթի նախահամար, տասներորդ համար, հարյուրերորդ համարից, նշում էինք, եւ ոչ թե նշում էինք ռեստորանում, չէ՛, հենց խմբագրությունում հավաքվում էինք, շնորհավորում էինք միմյանց եւ ասեմ ձեզ՝ որեւէ մեկի կողմից որեւէ մեկի նկատմամբ երբեւէ իմ աշխատած տարիներին եւ վստահ եմ՝ նաեւ հիմա, որեւէ ինտրիգային, որեւէ վիրավորական, որեւէ վատ վերաբերմունք չի եղել»:
Առավոտցի Արթուր Ղարագյոզյանն այժմ գնահատում է՝ օրաթերթում փոփոխությունները ժամանակի դինամիկային, ժամանակի ընթացքին համահունչ են եղել.
«Կեցցե Արամ Աբրահամյանը, որ թերթը կարողացավ այսքան երկար տարիներ պահել այն մակարդակին, որը գնալով ավելի աճեց, զարգացավ, ընթերցողի համար ավելի հաճելի դարձավ»:
Որպես «Առավոտի» ընթերցող, Արթուր Ղարագյոզյանի համար ավելի հեշտ է պատրաստի «արտադրանքը» վայելելը. «Բայց քանի որ դու արդեն անցել ես այդ բովով, հրաշալի պատկերացնում ես՝ ինչի արդյունքում, ինչ մեծ աշխատանքի արդյունքում է ստեղծվում, պատասխանատվություն՝ ամեն բառի, ստորակետի, վերնագրի, ինչը շատ կարեւոր է, եւ «Առավոտը», նշեմ նաեւ, այն ժամանակ եւ հիմա, նաեւ դրանով է առանձնանում. ցանկացած նյութ գրավում է առաջին հերթին իր վերնագրով: «Առավոտը» միշտ ունեցել է բարձր ձողանիշ, որ վերնագրերը ընթերցողին միշտ գամել են, վերնագրից հետո բովանդակությամբ ընթերցողին տարել»:
Այսօր արդեն պարոն Ղարագյոզյանը շնորհավորում է բոլոր առավոտցիներին եւ նաեւ հայկական մամուլին՝ «Առավոտի» 20- ամյակի առթիվ. «Ուզում եմ մաղթել, որ եւս մի քանի քսան տարիներ սերունդներն առիթ ունենան շնորհավորել «Առավոտին»: «Առավոտը» մտնի հայ լրագրության պատմության ոսկե գրքի մեջ: «Առավոտի» հարյուրամյակը նշելուց նույնպես հիշեն նախահամարը եւ, իհարկե, այն շարունակի նպաստել ճիշտ, օբյեկտիվ, ժամանակին ինֆորմացիայի, բոլորին հուզող խնդիրների լուսաբանմանը»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ