Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեր-Պետրոսյանն ո՞ւմ հետ է ընկերություն անում, ով կրակե՞լ է երեկ իր վրա, Աստված չանի քառյակը գա իշխանության»

Մայիս 22,2014 18:02

Ինչպե՞ս կմեկնաբանեք քառյակի՝ վերջին շրջանի գործունեությունն ու հաջողությունները, ինչպես իրենք են վստահեցնում՝ վարչապետի փոփոխությունը հենց քառյակի հաջողություններից էր: Aravot.am-ի այս հարցին ՀԱԿ-ի նախկին անդամ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը պատասխանեց. «Ծիծաղելի է: Ի՞նչ է փոխվել: Իրենք չգիտե՞ն, որ վարչապետ փոփոխելով՝ բան չի փոխվում: Եթե կա ԱԺ մեծամասնություն, կա նախագահ՝ իրենց ծրագրերով…Դա իրենք չփոխեցին, էդ իշխանությունը փոխեց, որ խոսելու տեղ չլինի մի կես տարի: Մի խումբ մարդկանց ուղարկեցին, մի խումբ մարդկանց բերեցին նստացրեցին այնտեղ: Դա հաջողությո՞ւն է, ծիծաղելի է: Իրենք ինձնից լավ գիտեն, որ դա ոչ մի նշանակություն չունի: Բայց ձեւ անել, որ իրենք ինչ-որ հաղթանա՞կ են տանում: Իրենք չե՛ն կարող հաղթանակ տանել, որովհետեւ իրենք շատ շուտվանից ժողովրդի շահերը չեն ներկայացնում: Ո՞նց կարող է Մարտի 1-ի զոհը հիմա փաթաթված ման գա Մարտի 1-ի սպանողի հետ: Առաջին պահանջատերը Մարտի 1-ի Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: Ի՛նքն էր առաջինը, հետո նոր մյուս քաղաքական ուժերը՝ 18, որոնք միավորվել են: Ինքն առաջինն է հրաժարվել դրանից, ո՞ւմ հետ է ընկերություն անում, ով կրակե՞լ է երեկ իր վրա: Իրա՛ վրա են կրակել, ի՛ր արյունն են թափել, ո՞նց կարելի է դա մոռանալ եւ մտածել, որ այդ մարդկանց հետ՝ երեկվա մարդասպանի հետ էսօր ուզում է ինձ լավություն անել: Պետք չի, չեմ ուզում, ի սեր Աստծո: Վստահ եմ, լավ բան չի լինելու»:

Մեր դիտարկմանը, որ ասում են՝ եթե իրենց հաջողվի ԲՀԿ-ի միջոցով իշխանական բուրգը փլուզել…Սոս Գիմիշյանն ընդհատեց՝ «Աստված չանի գան, ավելի վատ է լինելու: Ի՞նչ պետություն է լինելու»:

Մեր հարցին՝ այսինքն, ավելի լավ է Սերժ Սարգսյանի իշխանությունը մնա, քան իրե՞նք գան՝ Սոս Գիմիշյանը պատասխանեց. «Լավ, չեմ կարող: Վատ բանին լավ չի լինում ասել: Բայց կներեք, ավելի փոքր խաբեություն է, քան եւս մի 10-15 տարի՝ սրանք: Սենց գիտենք, Սերժ Սարգսյանի ժամկետը լրանում է շուտով, գոնե հույս կա փրկվենք: Իրենից հետո նրանք գան, կամ հիմա՝ ժամկետից շուտ իրենք գան մի 10 տարի նստե՞ն, Աստվա՛ծ չանի: Աստված չանի, որովհետեւ ես այնտեղ առողջ բան չեմ տեսնում՝ ազնվություն, մաքրություն, սկզբունքայնություն»:

Սոս Գիմիշյանը նշեց, որ հնարավոր է Լեւոն Տեր-Պետրոսյանն ուզում էր Գագիկ Ծառուկյանի միջոցով փլուզել իշխանական բուրգը, բայց հիմա փաստը ցույց է տալիս, որ ՀԱԿ-ը փլուզվեց, իշխանությունը չփլուզվեց. «Հիմա ինչ էլ ասեն, մյուսը դատարկ խոսակցություն է: Փաստը սա է: Հա, գուցե ուզում էր, բայց պիտի տեսներ չէ՞, որ չի ստացվում: Հակառակը, տունը քանդվեց: Դու սկսեցիր Գագիկ Ծառուկյանի հետ ընկերություն անել, քո 18 կուսակցությունը փայլուն գաղափար էր: Քանդվեց, վերջացավ, ոչնչացավ: Ու ինքը ո՞վ է հիմա, ո՞ւմ հետ է նստում-վեր կենում, ում հետ է հարցեր քննարկում: Եվ ի՞նչ են նրանք իրեն ասելու, ի՞նչ ունեն ասելու: Նրանք մարդիկ են, որոնք կոնկրետ կեցվածք են ունեցել, գործողություններ են արել: Նրանց ոչ միտքը, ոչ հոգին չի կարող գործել»:

Մեր դիտարկմանը, որ ասում են՝ հենց միայն Գագիկ Ծառուկյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման այն հայտնի լուսանկարը տեսնելով՝ ռեժիմը խուճապի է մատնվել՝ Սոս Գիմիշյանը պատասխանեց. «Ռեժիմը միշտ է խուճապի մեջ: Երբ մի քանի հոգի հանդիպում են, իրենց նման առավել եւս շուստրիներ, նրանք միշտ վախենում են: Որովհետեւ ժողովրդի 95 տոկոսը ընդդիմադիր է: Իշխանությունը ամեն օր, զօր ու գիշեր խուճապի մեջ է, առավել եւս, եթե ինչ-որ մի պրոցես է տեղի ունենում, այն էլ այնպիսի մարդիկ, որոնք իրենց շատ նման են գործելակերպով, դա իսկապես խուճապի արժանի բան է: Եթե ժողովուրդը գա իշխանության, դա ուրիշ է: Եթե իրենց նմանները գան իշխանության, իրենց հե՛րն են անիծելու, հասկանո՞ւմ եք: Ռազբորկաներն ու այդ հաշվեհարդարներն են շարունակվելու՝ դուք մեզանից, մենք՝ ձեզանից: Տա Աստված, սխալ լինեմ, կուզենայի սխալ լինեի: Տեր Աստված, թող ես սխալ լինեմ, իրենք գան ու երկիրը շտկեն: Ես էլ կանգնեմ, ամեն օր ասեմ՝ ներողություն: Միայն տեսնեմ, որ օր օրի ավելի լավ է ապրում մեր երկիրը: Բայց չկա այնտեղ առողջ մարդ, մի՛տք չկա, սկզբո՛ւնք չկա, չի՛ կարող լինել: Շատ մեծ ինտելեկտի տեր մարդը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եթե դա գործադրում է ի չարս եւ համագործակցում է չար ուժերի հետ, դա միայն ավելի վատ արդյունք կարող է բերել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031