Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դնել, թե չդնել Միկոյանի արձանը: Արձանների մասին

Մայիս 08,2014 16:06

Citatum: Я памятник себе воздвиг нерукотворный…
А.Пушкин

 
Հանրային ընկալման մասին

Վերջերս հանրային լայն քննարկման առարկա է դարձել խորհրդային շրջանի անվանի պետական ու կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու՝ Երևանի ավագանու աղմկահարույց որոշումը:

Խնդրո առարկան հայազգի գործչի վիճահարույց ու ոչ միանշանակ առնչությունն է սովետական կայսրության կազմում գտնվող Հայաստանի և հայության խնդիրներին: Նշվում է Ղարաբաղը Սովետական Ադրբեջանին բռնակցելու 1921թ. Կովբյուրոյի տխրահռչակ որոշման կայացման գործում Միկոյանի, մեղմ ասած, ոչ հայանպաստ դիրքորոշման մասին: Հատուկ շեշտվում է նրա կողմից ստորագրված արդեն հայտնի պատմական փաստաթուղթը, որով աննախադեպ թվով ավելացվել էր 1937-38թթ. ստալինյան բռնաճնշումների տարիներին գնդակահարված հայերի թիվը:

Այս վերջին փաստը առավել խոսուն և ազդեցիկ կերպով կանխորոշեց սովետական կուսակցական գործչի հանդեպ հանրության հակակրանքը:

Եվ քանի որ մեր հասարակությանը հատուկ է ամեն ինչի անձնավորումը, կարծիքների ու դիրքորոշումների մեջ առավելապես զգայական ընկալումը և դրսևորումը, գործընթացը (նաև՝ Հայաստանի վերջին աշխարհաքաղաքական կողմնորոշումների ֆոնի վրա) պիտակվեց, որպես «անցյալի բարքերին ու արժեքներին վերադառնալու անթաքույց փորձ»: Արդյունքում հանրային բանավեճը ընդլայնվեց և տեղափոխվեց մարդկային-հումանիստական և քաղաքակրթական-արժեքային տիրույթ, ինչը բնական էր:

Իրականում արձանի դնել-չդնելը ունի ավելի մեծ ընդգրկում և բովանդակություն:

Մի կողմից այն վերաբերում է ոչ այնքան Միկոյանին, որքան սովետական անցյալից հանրության առավել ակտիվ ու բանիմաց մասի ձերբազատման ձգտմանը: Մյուս կողմից այն կապված է մեր պատմության ու պատմական անցքերի օբյեկտիվ ընկալման, իմաստավորման, վերաիմաստավորման ու վերարժևորման հետ, արդի քաղաքակրթական ու մարդակենտրոն պրիզմայով այս հարցերի դիտարկման հետ:

Այն, որ Միկոյանը մեծ տերության խոշոր քաղաքական ու պետական գործիչ էր և վիթխարի դեր է ունեցել համաշխարհային նորագույն պատմության մեջ, կասկած չկա: Եվ նրա արձանը, սկզբունքորեն, կարելի է կանգնեցնել առանց վերապահության աշխարհի բոլոր պետություններում՝ որպես երրորդ համաշխարհային (ասել է միջուկային!) պատերազմը կանխողի: Այս մասով՝ իհարկե: Բայց այստեղ հարցը միայն անձի, գործչի ունեցած արժեքավոր դերն ու նշանակությունը չէ:

статуи1Աշխարհում կան բռնակալների արձաններ ժողովրդավարական երկրներում, թագավորների ու կայսրերի արձաններ հանրապետություններում, կենդանիների, ձկների, սարքավորումների, նույնիսկ մարդու օրգանների, այդ թվում՝ վերարտադրողական (!) արձաններ:

Հետևապես, խնդրը ոչ միայն արձանների բովանդակային որպիսիության, որքան՝ դրանց հանդեպ ունեցած հանրային-հասարակական վերաբերմունքն է, առհասարակ:

«Ծաղիկ դնելու» մասին

Citatum: «Անաստաս Միկոյանը մեր ազգային գործիչը չէ, նա ազգությամբ հայ խորհրդային պետական գործիչ է: Եթե Երեւանում լիներ նրա արձանը, այն, բնականաբար, պետք չէր քանդել: Դնել նորը… չգիտեմ, առանձնապես իմաստ չեմ տեսնում, բայց մեծ աղմուկ բարձրացնելը նույնպես այնքան էլ տրամաբանական չէ: Ես, համենայնդեպս, նրա արձանին ծաղիկներ չեմ դնի»:
Արամ Աբրահամյան
«Առավոտ» օրաթերթի գլխ.խմբագիր

Թերևս, համամիտ եմ: Ինձ համար լիովին հասկանալի և ընկալելի է այս: Հեղինակին, ոչ այնքան որպես լրագրողի, որքան որպես արվեստաբանի, մտավորականի՝ որևէ անձի, գործչի՝ ազգայինին առնչվելուց զատ, առավելապես հետաքրքրում է նրա գործունեության «մարդկային» կողմը, դրա հումանիստական չափումը: Եվ նա ծաղիկ չի դնի:
Միգուցե ես էլ չդնեմ: Չեն դնի նաև այն հազարավոր անմեղ ու անդատաստան գնդակահարվածների ժառանգները: Բայց փաստենք, որ արձանները տարբեր նշանակություն ունեն:

Ոչ բոլոր արձաններին է, որոնց կարելի է և պետք է ծաղիկ դնել: Օրինակ, ծաղիկ, անտարակույս, պետք է դնել Մարտիրոս Սարյանի արձանին, անպայման՝ Վահան Տերյանի, Համո Սահյանի արձաններին: Բայց վստահաբար անհեթեթ է ծաղիկ դնել Բոտերոյի նվիրած Կատվի կամ Հռոմեացի զինվորի արձաններին: Դրանք արվեստի խորհրդանշական գործեր են՝ միտված ի ցույց դնելու հեղինակի ինքնատիպությունը:

Իմ համեստ կարծիքով, ծաղիկ դնելու կարիք չկա նաև Սասունցի Դավթի կամ Վարդան Մամիկոնյանի արձաններին: Նրանք մեր հերոսներն են՝ էպիկական և իրական, մեր ինքնության ու պայքարի խորհրդանիշներ են: Նրանց մեծարման և արժևորման ակնհայտորեն այլ եղանակներ կան:

будՆմանապես, կարծում եմ, պետական կամ քաղաքական գործիչների արձանները առանձնապես «ծաղիկ դնելու» համար չեն (հարմար չեն): Դրանք պետության, պետականության խորհրդանիշի, կամ պետականության մշակույթի դրսևորման մի տեսակ են՝ կոչված արժևորելու այդ մշակույթը, ի ցույց դնելու իրենց և այլոց դրա առկայությունը, դրա կրողներին: Բուդապեշտը լեցուն է հունգար թագավորների, դքսերի ու հերցոգների ճոխ ու վեհաշուք արձաններով: Չեմ նկատել դրանց մոտ ծաղիկներ:

Ասել կուզեմ՝ արձանին «ծաղիկ դնելու» մշակույթը մարդակենտրոն քաղաքակրթական մշակույթ է: Այն կարծես ընդգծում է «հարգողի» հումանիստական, անձնական-զգայական վերաբերմունքը «հասցեատիրոջ» հանդեպ: Այս առումով այն նոր ժամանակների մշակույթ է: Դժվար թե հին եգիպտացիները կամ հռոմեացիները ծաղիկներ դնեին իրենց փարավոնների ու կայսրերի արձաններին: Սակայն դրանք հետևողականորեն կանգնեցվել են:

Բռնակալների ու իրենց ժամանակի մասին

– Ինչ կարծիք ունեք Ֆրանսիական բուրժուական մեծ հեղափոխության մասին,- Հեղափոխության 200-ամյա տարեդարձի առիթով հարցրեց ֆրանսիացի մի լրագրող Չինաստանի հայտնի կուսակցական գործիչներից մեկին:

– Դեռ շատ վաղ է այդ մասին դատելը,- պատասխանեց Կոնֆուցիուսի ազգակիցը:

kromvel

Եթե արձանի տեղադրումը հարկ է դիտարկել բացառապես այս (մարդակենտրոն) պրիզմայով, ապա հարց է ծագում. ինչո՞ւ է տեղադրված բռնապետ Կրոմվելի արձանը Անգլիայում, կամ նույն Նապոլեոն կայսրը, որը Ֆրանսիայի ազգային խորհրդանիշերից է, պակա՞ս բռնակալ է եղել: Ինչո՞ւ չեն ապամոնտաժում եվրոպական ժողովրդավարական մի շարք երկրներում տեղադրված հարյուրավոր թագավորների, դուքսերի, հերցոգների կամ կարդինալների արձանները: Նրանք ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջամարտիկնե՞ր էին: Իսկ միգուցե Կրոմվելը դեռ «կանգնած» է, որովհետև նրա հրամանով գլխատված Անգլիայի տասնյակ հազարավոր քաղաքացիների ժառանգները չկա՞ն, կամ լավ չե՞ն հիշում կամ՝ ճանաչում իրենց նախնիներին: Ինչպես մեզ համար ավելի «թարմ» է երիտթուրքերի անցած դարի իրականացրած ոճրագործությունը, քան հեռավոր 1604-ի Շահ Աբասի իրագործած ոչ պակաս սարսափելի և սահմռկեցուցիչ ոճիրը…

Ընդհանրապես, գիտնականները պնդում են, որ պատմական յուրաքանչյուր դեպք կամ իրադարձություն (այդ թվում` անձ) հարկ է դիտարկել իր ժամանակաշրջանի համատեքստում, պատմական անցքերի իր հոլովույթում: Սա է անաչառ գիտնականի ու վերլուծաբանի` ճշմարտությանը հասնելու միակ ճանապարհը:

Այսօր վեցերորդ դասարանցի ամեն մի դպրոցական ավելին գիտի, քան Արքիմեդը: Բայց հանճարեղ հույնը շարունակում է մնալ իր ժամանակի մեծագույն գիտնականը ու ճարտարագետը:

595630_original

Կրոմվելի արձանը Լոնդոնում, կամ Ռոբեսպիերինը Փարիզում կանգուն են բնավ ոչ նրանց հումանիստական հայացքների ու մարդակենտրոն գործունեության համար: Նրանք իրենց պատմության անբաժանելի մասն են, իրենց պատմական ահռելի դերով ու նշանակությամբ, որպես խորհրդանիշեր իրենց պետական ու քաղաքական նվաճումների, ինչու չէ` որպես իրենց հպարտություն, ազգային բրենդ, եթե կուզեք: Անգլիացիները կամ ֆրանսիացիները նրանց պատվանդանին, կարծում եմ, ծաղիկներ չեն դնում: Բայց անցնող-դառնողի աչքին՝ նրանց կողքին իրենց նշանակալի են զգում: Միգուցե…

Միկոյանի ու իր ժամանակի մասին

Միկոյանի «սև խոռոչներից» խոսեցինք: («Ով անմեղ է թող առաջինը քար գցի նրա վրա»):
Խոսվում է, որ նա առանձնապես առնչություն չի ունեցել Հայաստանի և հայության խնդիրների լուծման գործում, նույնիսկ նրան փորձում են բնութագրել որպես հայատյաց: Մի երկու փաստ:

Հայ ականավոր հայագետ, բանասեր ու բառարանագիր Ստեփան Մալխասյանցը գրում է. «Ես դեռ վաղուց մտադրություն ունեի հայերեն լեզվի բառարան կազմել, բայց ուսուցչական պաշտոնս թույլ չէր տալիս ձեռնարկել այդպիսի մի լուրջ ու երկարատև գործ, որ պահանջում էր կենտրոնացված ու լարված աշխատանք տարիների ընթացքում: Միայն 1921 թվին, 64 տարեկան հասակումս որոշեցի թողնել մանկավարժական ասպարեզը և ձեռնարկել իմ վաղուց փայփայած գործին: Այս նպատակով ես հարաբերության մեջ մտա Սովետական Հայաստանի Լուսժողկոմատի հետ և առաջարկեցի կազմել հայերեն բացատրական բառարան: Լուսժողկոմատը ընդունեց իմ առաջարկությունը և ինձ հետ գրավոր պայման կնքեց:

Աշխատությունս վերջացրի 1935 թվի մայիսի 24-ին 310 մեծադիր տետրակների մեջ մաքուր արտագրված, հանձնեցի ուր հարկն էր, սակայն զանազան պատճառներով տպագրության չհանձնվեց: Ես 1939 թվի գարնանը նորից եկա Երևան: Ինձ հայտնեցին, որ որոշված է բառարանը տպել և արդեն առաջարկված է Պետհրատին իր վրա վերցնել տպագրությունը: ….

Կարծես բոլոր դժվարությունները հարթված էին: Բայց այստեղ էլ առաջ եկավ մի խոչընդոտ. Պետհրատը չուներ բարձր որակի բավականաչափ թուղթ: Թղթի պատճառով տպագրությունը 1939 և 1940 թվականներին չսկսվեց:

Ես ցանկանում էի, որ բառարանը որքան կարելի է շուտ տպագրվի, որպեսզի, քանի կենդանի եմ, անձամբ կարողանամ նրա սրբագրությանը և տպագրությանը հետևել: … Հարկը ինձ ստիպեց դիմել արտակարգ միջոցի: Ես գրով դիմեցի Ա.Ի.Միկոյանին և բացատրելով գործի հանգամանքները՝ խնդրեցի նրա աջակցությունը՝ շուտով լավորակ թուղթ ստանալու համար:

Խորին գոհունակությամբ և շնորհակալությամբ պետք է արձանագրեմ, որ Ա.Ի.Միկոյանը հարգեց իմ խնդիրը և նրա առաջարկության համաձայն ՍՍՌՄ-ի Ժողկոմսովետը 1941 թվի մայիսի 25-ին կարգադրեց՝ 12 և կես տոննա թուղթ բաց թողնել Պետհրատին Հայէրեն Բացատրական բառարանի տպագրության համար: Հունիսի 22-ին պայթեց պատերազմը, որ ամեն հաշիվ ու ենթադրություն վեր ու վար արավ: Եվ իմ հույսը բառարանի տպագրությունը անմիջապես սկսելու մասին՝ դարձյալ ի դերև ելավ:

Սակայն 1942 թվի հունվարին թուղթը ստացվեց Երևանում: Չնայելով պատերազմի պատճառով ստեղծված դժվար պայմաններին, Հայաստանի վերադաս օրգանները և Պետհրատը որոշեցին նրա տպագրությունը ձեռնարկել» :

Բնականաբար, մեծ ակադեմիկոսը չէր կարող իմանալ, որ անակնկալ պատերազմի տագնապալի և խուճապային իրավիճակում, Միկոյանը անձամբ է Մոսկվայից հսկել բառարանի պատշաճ տպագրման աշխատանքները:

Այսպես, 1944 թվականին Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին Միկոյանի շնորհիվ լույս տեսավ Հայէրեն Բացատրական բառարանը, քառահատոր կոթողային մի աշխատություն, որի արժեքն ու նշանակությունը հայագիտության և հայ բառարանագիտության մեջ չեն կարող քննարկման առարկա լինել:

Եվս մի պատմական անցք: Այսօր արդեն հանրահայտ փաստ է Միկոյանի ունեցած անձնական դերը Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադրման գործում: 1943թվ. Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Միկոյանին մեծ ջանքերի գնով հաջողվել է մեծանուն գիտնական Հովսեփ Օրբելուն, ով այն ժամանակ շրջափակված Լենինգրադում էր (Օրբելին 1934-1951թթ. եղել է Էրմիտաժի տնօրենը), օղակի ռազմական ճեղքման ժամանակ դուրս բերել, այնուհետև միջինասիական հանրապետությունների, Կասպից ծովի վրայով տեղափոխել նրան Հայաստան, ուր անվանի գիտնականը 1943թ. նոյեմբերին հիմնեց ՀՍՍՀ գիտությունների ազգային ակադեմիան:

Ամփոփելով ասեմ:

Միկոյանը 20-րդ դարի խոշորագույն տերություններից մեկի ամենաազդեցիկ ու հեղինակավոր քաղաքական ու պետական գործիչներից էր, ամենաերկարակյացը սովետական նոմենկլատուրային պատմության մեջ: Հմուտ դիվանագետ, կառավարիչ ու տնտեսվար, «ճգնաժամային մենեջեր», ինչպես անվանել է նրան հոլանդացի հեղինակավոր գիտնական, ԱՄՆ Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Էլմանը :
Նման տրամաչափի պետական ու քաղաքական գործիչ հայերս չենք ունեցել միջնադարյան Հայաստանի մեր պետականությունների անկումից ի վեր: Աշխարհի բոլոր ժամանակների խոշորագույն պետությունների ու կայսրությունների պատմության մեջ պետական վերնախավում զբաղեցրած դիրքով, ունեցած ազդեցությամբ, կայացրած որոշումների դերով և նշանակությամբ Միկոյանի հետ համեմատելի են թերևս եզակի անձինք, ինչպիսիք են, օրինակ, Պողոս Նուբար փաշան Եգիպտոսում, Լազարյանները Ռուսական կայսրության արքունիքում, կամ Մակեդոնական (Մամիկոնյան) դինաստիան Բյուզանդական կայսրության մեջ:

Այո, Սովետական Միությունը չարիքի կայսրություն էր, կառուցված սին գաղափարախոսության և տասնյակ միլիոնավոր մարդկանց արյան ու արցունքների վրա: Սակայն, ինչ էլ անվանենք այն, դա չի փոխում նրա գոյության պատմական իրողությունը, ինչպես և փաստը, որ այն Հայոց նորագույն պատմության անքակտելի մասն է և մենք դատապարտված ենք անկանխակալ և օբյեկտիվ քննությամբ, զերծ հուզականությունից ու անձնավորումներից, հնարավորինս անաչառ գնահատականներ տանք, վերաիմաստավորենք մեր տեղն ու դերը այդ կայսրությունում, մեր ձեռքբերումներն ու կորուստները, սահմանենք ու նախանշենք արժեքային մեր կողմնորոշիչներն այս հարցում:

Մենք պարտավոր ենք դա անել, եթե, իհարկե, ուզում ենք ազնիվ լինել ինքներս մեզ հետ, եթե ուզում ենք տնօրինել մեր ապագան: Իսկ որ պատմությունը գրվում է ելնելով ապագայից, կասկածից վեր է:

Այսքանից հետո, արժե՞ կանգնեցնել նորագույն պատմության հայազգի նշանավոր պետական, քաղաքական ու կուսակցական գործչի արձանը:
Չգիտեմ… Անկեղծ՝ չգիտեմ:

Էպիլոգ: Հաղթողների պատմությունը միշտ գրվում է ելնելով ապագայից: Պատմությունը միշտ վերաիմաստավորվում է և վերաշարադրվում ապագայի տեսանկյունից: Պատմությունից հարկ է վերցնել այն, ինչը օգնում է առաջ գնալ, ինչը ապագայի տեսիլի մեջ է տեղավորվում: Անցյալի հետ աշխատելու ունակությունը ապագան կերտելու հնարավորություն է ստեղծում:
Մի խելոք պաշտոնյա

Սերոբ ԱՆՏԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031