Ինչպես տեղեկացրել ենք, այսօր առավոտյան Ամասիայի տարածաշրջանի 168 բնակիչ ունեցող Ալվար գյուղի 53-ամյա գյուղապետ Արտավազդ Մկրտչյանը դանակահարել էր կնոջն ու հարսին, այնուհետ իր «Ինֆինիտի» մակնիշի մեքենայով Ամասիա ուղևորվելու ճանապարհին ձորն էր գլորվել: Նրա մեքենան հրկիզվել էր, 97 տոկոսով այրվել է նաև գյուղապետի մարմինը: Այժմ նա պառկած է Գյումրու բժշկական կենտրոնում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար` ցավոք ապրելու հույս չտալով:
Aravot.am-ին հաջողվեց տարբեր աղբյուրներից, այդ թվում և ոստիկանությունից որոշակի մանրամասներ իմանալ այս դեպքի մասին: Ըստ որոշ տեղեկությունների, գյուղապետը առավոտ շուտ իր անդրավարտիքը տվել է հարսին` Գայանե Գոմցյանին, որպեսզի վերջինս արդուկի: Ու մինչ հարսը արդուկել է, նա դուրս է եկել մեքենայի շարժիչը աշխատեցնելու: Մի պահ մտնելով տուն ու տեսնելով, որ հարսը իր շորն է արդուկում, հետևի կողմից դանակահարել է նրան ` վնասելով թոքը: Առգրավված դանակը փոքր է եղել` կենցաղային նպատակների համար:
Այնուհետ այդ նույն դանակով խփել է իր վատառողջ, բազմաթիվ վիրահատություններ տարած կնոջը` Լուիզա Գաբրիելյանին: Ինքն էլ որոշել է Ամասիա գնալ, ճամփա է ընկել Ալվարից դեպի Ամասիա կարճ ճանապարհով, սարերի միջով, որտեղ և դուրս գալով երթևեկելի հատվածից` ընկել է ձորը ու հրկիզվել:
Ըստ ոստիկանության, գյուղապետի մոտ 15 օր է`ինչ նկատվել է հոգեկան շեղում: Այս մասին հարազատները տեղյակ են պահել Մոսկվայում բնակվող նրա եղբորը, որն իր ընտանիքով` որդու ու կնոջ ուղեկցությամբ ՌԴ-ից ժամանել է Հայաստան` նրան բուժման տանելու: Հոգեկան առողջության կենտրոնի բժշկի հետ պայմանավորվածություն ձեռք էին բերել հենց այսօրվա համար, սակայն գյուղապետը օրը սկսել է արտառոց արարքներով:
Կարդացեք նաև
Գյուղապետը Ջավախքի Սամսար գյուղից է: Նրան տարբեր կառույցներից բնութագրում են որպես լուրջ, աշխատասեր ու առատաձեռն հայ տղամարդու: Ըստ գյուղացիների, նա նյութական որևէ խնդիր չունի, շրջապատված է բարեկամներով. եղբայրը, ՌԴ-ում լինելով մեծ գործերի, անընդհատ օգնել է իրեն:
Գյուղապետը ունի մեկ դուստր և մեկ որդի, երկուսն էլ ամուսնացած են. դուստրը Ամասիայի կադաստրի պետի եղբոր հարսն է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ news.am-ի