Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Անդրանիկ Մանուկյան. «Ես ՀՀ դեսպանն եմ, պրոհայկական հայացքներ ունեմ, ո՞վ է խայտառակում Հայաստանը»

Մայիս 02,2014 19:52

«Ո՞վ է խայտառակում Հայաստանը, ե՞ս, թե՞ նման մեկնաբանություններ անողները: Եթե նրանց կարծիքով՝ Եղեռնի օրը Ուկրաինայի նախկին մշակույթի նախարարի մասնակցելը խայտառակել է հայ ժողովրդին, թող այդ անհեթեթ կարծիքը եւ տգետ մեկնաբանությունը չփաթաթեն ընթերցողների վզին եւ հարվածի տակ չդնեն Ուկրաինայում ապրող հայությանը»,- Aravot.am-ի հետ զրույցում Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանն այսպես արձագանքեց, երբ նրան դիմեցինք՝ մեկնաբանելու 1in.am կայքում հրապարակված «Անդրանիկ Մանուկյանը խայտառակում է մեզ Ուկրաինայում» հարցազրույցը՝ Ուկրաինայում ապրող գեղանկարիչ Բորիս Եղիազարյանի հետ:

Ամեն տարի Ուկրաինայի հայ համայնքը ապրիլի 24-ին կազմակերպում է սգո հավաք եւ այս տարի մեր նոր կառուցվելիք եկեղեցու բակում կազմակերպված սգո արարողությանը ներկա է գտնվել Ուկրաինայի նախկին մշակույթի նախարարը՝ Միխայիլ Կուլինյակը, որը ելույթ է ունեցել եւ դատապարտել Հայոց Մեծ Եղեռնը: Սա է պատճառը, որ Բորիս Եղիազարյանը ՀՀ դեսպանին մեղադրել է պրոռուսական հայացքներ ունենալու մեջ՝ ասելով, թե Յանուկովիչի իշխանության մշակույթի նախարարին է հրավիրել, ուրեմն ճանաչում է Յանուկովիչի իշխանությունը: Սա այն դեպքում, երբ մշակույթի այդ նախարարը Յանուկովիչի իշխանության ժամանակ էլ այդ պաշտոնը թողել է:

Անդրանիկ Մանուկյանի պարզաբանմամբ՝ «Այդ օրը երբեք որեւէ մեկին չեն հրավիրում: Մարդիկ գալիս են ինքնակամ: Դա աբսուրդ է: Միայն հիվանդ մարդու երեւակայությունը կարող էր նման բացատրություն տալ: Ի՞նչ է նշանակում ճանաչում եմ Յանուկովիչի իշխանությունը: Ուկրաինայի իշխանությունը լեգիտիմ է, թե լեգիտիմ չի՝ դա այլ խնդիր է, բայց Յանուկովիչի կառավարությունը չկա»:

Անդրանիկ Մանուկյանը նշեց, որ առանց այդ էլ Ուկրաինայում հայերի համար լարված պահեր են եղել եւ ՀՀ դեսպանին հազիվ է հաջողվել մեղմել իրավիճակը., իսկ նման հրապարակումները բացի իրավիճակը սրելուց եւ հակահայկական քարոզչությունից՝ ուրիշ ոչ մի խնդիր չեն լուծում:

Ինչ վերաբերում է պրոռուսական հայացքներ ունենալուն՝ դեսպանը վստահեցրեց. «Ես Հայաստանի դեսպանն եմ: Ես պրոհայկական հայացքներ ունեմ: Ես առաջին հերթին պաշտպանում եմ Հայաստանի շահերը եւ տեղում պաշտպանում եմ Ուկրաինայի հայ համայնքի շահերը: Անում եմ ամեն ինչ, որ հայ համայնքի եւ Հայաստանի հետ հարաբերությունները չխաթարվեն: 600 հազար հայ է ապրում այստեղ, հարցրեք մնացած 599 հազար 999 հայերին, թե ինչ կարծիք ունեն դեսպանի եւ դեսպանատան աշխատանքի մասին: Բայց նման ԶԼՄ-ները գտնում են մեկին եւ այդ մեկի ասածը հիմք ընդունելով՝ վարկաբեկում, ինչն անթույլատրելի է: Ես աշխարհի որ երկրում էլ որ եղել եմ, աշխատել եմ բարձրացնել հայերի պատիվն ու հարգանքը, աշխատել եմ ըստ արժանվույնս ներկայացնել հայ ժողովրդին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031