Վանաձորի քրեակատարողական հիմնարկում գտնվող 39 ամյա Արթուր Սմբատյանը արդեն երկու օր է՝ մեխել է ոտքերը: Նրա մայրը՝ Ռոզա Սարդարյանը Aravot.am-ին պատմեց, որ որդին այդ ծայրահեղ քայլին է գնացել՝ բողոքելով իրեն Երեւանից Վանաձոր տեղափոխելու որոշման դեմ:
Տիկին Սարդարյանի պատմելով, որդուն Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ էին տեղափոխել մարտին՝ առողջական խնդիրների պատճառով: Բայց մի քանի օր առաջ առանց բացատրության ու բուժման գործընթացը կիսատ թողնելով՝ նրան կրկին տեղափոխել են Վանաձոր:
Մայրն անկեղծանում է, որդին գլխի հետ կապված խնդիրներ ունի եւ երբ նյարդայնանում է ինքնավնասում է կատարում. «Չէ որ դեռ բուժումը չէր վերջացել, մենք չգիտենք՝ ինչ հիմնավորմամբ են տարել»:
Արթուր Սմբատյանի ծնողները պահանջում են հետ բերել իրենց որդուն Երեւան՝ մինչեւ չավարտի բուժումը:
Արթուր Սմբատյանը Վանաձորից այսօր իր ծնողներին նաեւ փոխանցել է, որ քրեակատարողական հիմնարկի պետը դիմել է ՔԿՀ վարչություն, բայց այնտեղից չի ստացել Սմբատյանին Վանաձորից տեղափոխելու թույլտվություն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ