Ապրիլի 21-25-ը Արցախում անցկացվել են «Թարիվերդիևի երաժշտության օրեր»: Անվանի կոմպոզիտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, բազմաթիվ ֆիլմերի երաժշտությունների հեղինակ Միքայել Թարիվերդիեւի տիկինը՝ «Միքայել Թարիվերդիև» բարեգործական հիմնադրամի նախագահ Վերա Թարիվերդիեւան անչափ տպավորված է արցախյան հանդիպումներով:
Վերա Թարիվերդիևան, միջոցառման մտահղացման հեղինակ, բանաստեղծ, հասարակական գործիչ Վիկտոր Կոնոպլյովը եւ երգիչ, Թարիվերդիևի ստեղծագործությունները կատարող Սար (Սարիբեկ) Սարգսյանն այսօր «Տեսակետ» ակումբում խոսեցին Թարիվերդիևի երաժշտության օրերի, այդ միջոցառման նշանակության մասին:
Վերա Թարիվերդիեւան նշեց, որ սիրով է այցելել Արցախ, քանի որ դա իր ամուսնու ծնողների հայրենիքն է: «Շատ էի ցանկանում, որ Շուշիում եւս համերգ լինի, որովհետեւ ամուսնուս ծնողները սերում են Արցախից, ուզում էի տեսնել այդ հողը: Ղարաբաղյան միջոցառումները անսովոր էին, որովհետեւ ոչ թե զուտ համերգներ էին, այլեւ հանդիպումներ դպրոցների, տեղի հանրության հետ: Մենք շատ տպավորված ենք՝ Բերձոր, Ստեփանակերտ, Շուշի, Գիշի… Երեխաները, ուսուցիչները ծրագրեր էին կազմել Միքայել Լեոնիչի մասին: Ինձ Ղարաբաղում ցնցեց մի քանի բան. այնտեղ դպրոցները դոմինանտող նշանակություն ունեն Արցախի մշակութային կյանքում: Օրինակ, ապշած եմ Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան դպրոցը տեսնելով: Հիասքանչ ժամանակակից դպրոց էր, տաղանդավոր երեխաներով ու մանկավարժներով: Ընդհանրապես Ղարաբաղի ժողովուրդը ինձ զարմացրեց իր ջերմությամբ, երեւի մարդիկ մահը տեսել են, դրա համար արժեւորում են կյանքը: Մեզ ընդունեց նաեւ Ղարաբաղի նախագահը, որը մեր միջոցառումներին մեծ աջակցություն ցուցաբերեց, ասաց՝ կարող ենք անգամ առանց առիթի գալ Ղարաբաղ, թեկուզ մուրաբա եփելու համար: Մենք դպրոցներում թողեցինք Թարիվերդիեւի նոտաները»,-նշեց տիկին Թարիվերդիեւան:
Կարդացեք նաև
Հարցին՝ չի՞ վախենում Ադրբեջանի սեւ ցուցակում հայտնվելուց, չէ՞ որ Ղարաբաղ այցելող հայտնի մարդիկ Ադրբեջանի կողմից persona non grata են ճանաչվում, Վերա Թարիվերդիեւան ժպտալով պատասխանեց. «Եթե ես չհայտնվեմ այդ սեւ ցուցակում, շատ կվիրավորվեմ»:
Վիկտոր Կոնոպլյովը նշեց, որ Թարիվերդիեւի երաժշտությամբ մանկուց է տարված եղել, իսկ երբ Աստծո կամոք հանդիպել է տիկին Վերայի հետ, որոշել է, որ անպայման Ղարաբաղյան միջոցառումներ անցկացնի նրա հետ միասին: «Արցախի կրթության նախարարության հետ ես վաղուց եմ համագործակցում: Թարիվերդիեւի երաժշտության հինգ օրերի շրջաններում եղանք Արցախի տարբեր դպրոցներում, համալսարանում, երաժշտական ուսումնարանում մեզ ապշեցրեց գրական ռուսերենի իմացությունը, նման լեզու անգամ մեզ մոտ չես հանդիպի»,- ասաց Կոնոպոլյովը: Նա լրագրողներին նվիրեց իր «Հայաստանը սիրո աղբյուր» գիրքը:
Սար Սարգսյանը եւս հիացմունքով խոսեց Թարիվերդիեւյան օրերի մասին, ասում է՝ կա՞ ավելի ազդեցիկ բան, երբ հեռավոր գյուղի դպրոցականները գիտեն Թարիվերդիեւի երաժշտությունը, հուշերը, կենսագրությունը, նկարում են նրա երաժշտության տակ: Նա ընդգծեց մասնավորապես Բերձորում, Գիշի գյուղում կայացած միջոցառումները: Սար Սարգսյանը նաեւ մենահամերգ ունեցավ Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Թարիվերդիեւյան մեծ համերգ կայացավ նաեւ Երեւանում: Տիկին Թարիվերդիեւան պատասխանելով լրագրողի հարցին, ասաց, որ պատրաստ են Հայաստանով մեկ շրջել Թարիվերդիեւյան երաժշտությամբ: Սակայն, նրա բառերով. «Ամեն տեղ չէ, որ կարելի է գալ առանց հրավերի, օրինակ, Ղարաբաղ կարող ենք առանց հրավերի գնալ, թեկուզ մուրաբա եփելու»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ