Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՄ-ին չանդամակցելու որոշումը Հայաստանին կզրկի լավ հնարավորությունից

Ապրիլ 24,2014 16:46

ՀԱԿ տնտեսական և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանի համոզմամբ, Ռուսաստանի ցանկությունն է Հայաստանի` Մաքսային միությանը չանդամակցելու հայտարարությունը:

Հիշեցնենք, որ պաշտոնապես արդեն հայտարարվել է, որ Հայաստանը չի անդամակցի ՄՄ-ին, այլ միանգամից մաս կկազմի Եվրասիական տնտեսական միությանը: Որովհետեւ նախատեսված է, որ 2015թ-ից Մաքսային միությունը կդադարի գործել և կդառնա Եվրասիական ազատ տնտեսական գոտի:

«Ռուսաստանի ներկայացուցիչների ցանկությունն է եղել, որ միանգամից անցնեն Եվրասիական միություն, այսինքն, դա ինտեգրման հաջորդ աստիճանն է»,- ասաց պարոն Խաչատրյանը:

Ըստ նրա, Հայաստանի հարկային քաղաքականությունը առավելություններ ունի, ավելի մեղմ դաշտում ենք եւ ՄՄ մտնելիս կարելի էր օգտագործել այդ հանգամանքն ու մրցակցային ապրանք ունենալ շուկայում. «Բայց հիմա մենք այդ հնարավորությունից մեզ զրկում ենք, որովհետեւ Եվրասիական միության գաղափարախոսները լավ հասկանում են` ինչ է նշանակում միության մեջ մի երկիր ունենալ, որը քո նկատմամբ ունի առավելություններ: Հայաստանը կդառնար տրանզիտ մի երկիր, որտեղ Չինաստանից կամ գնային առումով մատչելի արտադրանք թողարկող այլ երկրների համար կդառնայինք հավաքման կետ, հիմա մեզ զրկում ենք այդ հնարավորությունից: Դա կբերիր գների աճ: Ունենալով մոտ երեք անգամ ցածր կենսամակարդակ եւ ավելի դանդաղ աճող տնտեսություն՝ մեզ ավելի վատ վիճակի մեջ կդնի, քան Ռուսաստանին, որը բարձր կենսամակարդակ ունենալու արդյունքում, բարձր կենսաթոշակ ու աշխատավարձ է տալիս»:

Պարոն Խաչատրյանը բացատրեց նաեւ Եվրասիական տնտեսական գոտու ու ՄՄ-ի տարբերությունը: Ըստ նրա, ՄՄ-ն Ռուսաստանի օգտին չէր. «Հիմա պատերազմը գնում է Բելառուս-Ռուսաստան, Ղազախստան-Ռուսաստան, որովհետեւ օրինակ Ղազախստանի ակցիային հարկատեսակները խմիչքի, ծխախոտի վրա ավելի ցածր են, քան` Ռուսաստանինը: Իսկ դա բերում է նրան, որ ղազախական ապրանքները գնում են Ռուսաստան: Ռուս արտադրողներն էլ ասում են` ինչ եք անում, մենք փակել էինք մեր սահմանը բարձր մաքսատուրքերով , որ ներքին արտադրություն խթանենք, մեզ զրկում եք այդ հնարավորությունից, այդ հնարավորությունը տալիս եք Ղազախստանին ու Բելառուսին: Ինչ տարբերություն մեզ համար եվրոպական երկրներ, թե սրանք: Ռուսաստանը դրա համար անցնում է երկրորդ աստիճանին` Եվրասիական միություն, որտեղ այդ անդամ երկրներին ազատ տնտեսական քաղաքականությունից զրկելու են, բայց հիմնական խաղացողը` Ռուսաստանը, խաղի կանոնները թելադրողն է լինելու, իսկ թելադրելու է իր շահից ելնելով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930